Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարգեւատրում եմ բանակի բոլոր կանանց, բայց սիրում եմ միայն իմին». ՊՆ նախարարը սեր խոստովանեց կնոջը

Հոկտեմբեր 17,2017 21:56

«Առաջնորդությունը հանրային հատվածում». Այս թեմայով այսօր ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը վարպետության դաս անցկացրեց «Այբ» կրթահամալիրում՝ «Հաջողության բանաձեւ» նախաձեռնության շրջանակներում: Նա ասաց, որ ցանկացած առաջնորդ առաջնորդ է, եթե ունի մարդիկ, որոնք կիսում են իր տեսլականն ու մոտեցումները: Շատ կարեւոր է, թե ով է քո հանրությունը: Նա նշեց, որ նույնիսկ նրանք, ովքեր քվե չեն տվել քեզ, դառնում են քո հանրության կարեւոր մասը: Դու հաշվետու ու պատասխանատու ես ոչ միայն քեզ ձայն տվածների համար, այլեւ ողջ հանրության: Առավոտյան, երբ դու զարթնում ես, քո օրակարգը որոշում է ավելի շատ հանրությունը: Նա նշեց իր ընդունած որոշումների կարեւորության մասին, որ շատ մեծ պատասխանատվություն է ենթադրում՝ դու ընդունում ես օրենքներ, որոշումներ, հասարակությունը սկսում է ապրել այդ օրենքներով եւ այդ կարգավորումներով: Որոշակի պարտադրանքի բնույթ կա դրա մեջ. «Այն, ինչ կյանքի ես ուզում կոչել, պետք է ծառայի հանրության բարեկեցությանը, կարող է սուբյեկտիվ լինես, բայց գոնե քո համոզմունքը դա պետք է լինի»:

Նախարարը խոսեց հանրության հետ հետադարձ կապի մասին. «Հետադարձ կապը ընտրություններն են եւ ընտրություններում քո ստացած քվեն: Բայց դա շատ ուշ կլինի: Մինչեւ սպասես 5 տարի, կարող է բազմաթիվ տեղերում քո առաջնորդությունը ուղղել ոչ արդյունավետ ճանապարհով: Կա մամուլ, սոցհարցումներ: Այստեղ կա մի շատ կարեւոր բաղադրիչ, սոցիալական ֆիլտրների իսպառ բացակայությունն է»:

Վիգեն Սարգսյանը խոսեց տեղեկատվական հոսքերի մասին, որոնց մեջ դժվար է ճիշտ ազդակներ ստանալ հանրությունից. «Ամեն առանձին վերցրած մարդն իր համակարգչում, իր բլոգում, իր սոցցանցի էջում տեղեկատվություն մատակարարող դարձավ: Այսօր մենք տեղեկատվական հոսքերի պակաս չունենք, բայց ունենք լուրջ խնդիր, պատկերացրեք մի գետ, որի մեջ լցվող ջրերը ոչ մի տեղ չեն ֆիլտրվում: Խոսքը առհասարակ տեղեկատվական հոսքի մասին է, բացարձակ չֆիլտրած մեծ հոսք է, որի մեջ հսկայական քանակությամբ չստուգված, որեւէ բանի հետ կապ չունեցող տեղեկույթ է, որն ազդում է որոշում կայացնողների վրա: Ավելի վտանգավոր բան էլ կա՝ այդ հոսքի մեջ դրականն ու կոնստրուկտիվը, որը պետք է քեզ օգնի որոշումը ճիշտ կայացնել,ուղղակի անբաժանելի է կեղտոտից ու չզտվածից:

Դժվար է որոշել որն է կեղտաջրի մեջ եկածը»: Առաջնորդությանն անդրադառնալով՝ Վիգեն Սարգսյանը նշեց. «Առաջնորդության մեջ ամենակարեւորը հասկանալն է, որ առաջնորդությունը աշխատանք չի, չկա աշխատանքային ժամ, դա կենսակերպ է: Առաջնորդությունը ենթադրում է այն,որ քո միտքը, խոսքը եւ գործը պետք է իրար բռնեն: Եթե դու ինքդ առավոտը հայելու մեջ նայելով՝ չես հավատում, որ քո խոսքը բխում է քո մտքից, չես կարող առաջնորդել, դա անհնար է: Այդ ամբողջականությունը առանցքն է քո կենսակերպի»:

Դասախոսությունից հետո նախարարը պատասխանեց հարցերի: Հարցին՝ եթե առաջնորդությունը կենսակերպ է, ինչպե՞ս անել, որ ընտանիքին չխանգարի աշխատանքը, սեպտեմբերի 1-ին ձեր երեխայի հետ դպրոց գնալու փոխարեն դուք գնում եք Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, կամ կանանց տոնին՝ Մարտի 8-ին դուք բանակի բոլոր կանանց պարգեւատրում եք, բայց ձեր կնոջը…Հարցը դեռ չէին ավարտել՝ Վիգեն Սարգսյանը միանգամից միջամտեց եւ արձագանքեց. «Պարգեւատրում եմ բանակի բոլոր կանանց, բայց սիրում եմ միայն իմին»: Ինչ վերաբերում է Սեպտեմբերի 1-ին եւ առհասարակ ընտանիքին՝ նախարարն ասաց. «Առաջնորդությունը ենթադրում է հստակ աջակցություն քո ընտանիքի կողմից, պետք է ընտանիքի անդամները ոչ թե յոլա տանեն քո զբաղվածությունը, այլ հասկանան դու ինչ ես անում, առանց մեջ ընկնելու ցանկալի է: Դրա հետ մեկտեղ պետք է էգոիստական քո ցանկությունը անպայման հենց քո երեխայի ձեռքը բռնելու փոխարինես շատ լավ գաղափարով, որ քո երեխան էլ հասկանա, ինչու ես դու այդ օրը ուրիշի ձեռքը բռնում, ոչ թե իրենը: Տարիներ հետո երեխան դա շատ լավ կհասկանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031