Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը՝ Բաբկեն Արարքցյանի՝ իր կյանքում ունեցած դերի, հաջողությունների ու անհաջողությունների մասին

Հոկտեմբեր 17,2017 21:39

Այսօր «Հաջողության բանաձեւ» նախագծի շրջանակներում «Այբ» կրթահամալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վարպետության դաս անցկացրեց եւ պատասխանեց հարցերին: Նախարարին հարցրեցին, թե ով է իր աշխարհայացքի ձեւավորման վրա լուրջ ազդեցություն ունեցել, օգնել է կայանալ: Նախարարը պատասխանեց. «Ես շատ հաջողակ եմ եղել կյանքում՝ ինձ ընձեռնված հնարավորությունների առումով: Դպրոցն ավարտելու տարում ընդունվեցի Լենինգրադի քաղաքագիտական համալսարանի նախապատրաստական ֆակուլտետ, ես առաջին ընդունելության տարվա մեջ էի, 10-րդ դասարանցիներին առաջին անգամ ընդունեցին,՝ որպես էքսպերիմենտ:

Դժվար էր դասախոսների հետ, որովհետեւ նրանք սովոր էին, որ ուսանողները առնվազն ռայկոմի քարտուղարներ էին, իսկ մենք 10-րդ դասարանցիներ էինք, շատ դժվար ճանապարհ անցանք: Նրանց մեջ մի անձնավորություն կար՝ Յուրի Վինոգրադովը: ՀՀ-ից առնվազն 5 հոգի կար ու որպես դասավանդող՝ ինքը մեծ դեր խաղաց, բազմաթիվ հմտություններ փոխանցեց՝ փոխհարաբերություններ հարթելու հմտություններ ձեռք բերելու հարցում: Շատ մեծ էր դերակատարումը իմ մասնագիտական կայացման առումով իմ առաջին ղեկավարի, 95-ին ես դարձա ԱԺ նախագահի օգնական, այդ ժամանակ 19 տարեկան էի, նոր էի ավարտում համալսարանը եւ ԱԺ նախագահն այդ ժամանակ Բաբկեն Արարքցյանն էր, մարդ, որն ուներ շատ խորը եւ ուժեղ ընկալում պետականության, իր դերակատարումը խորհրդարանական մշակույթի կայացման մեջ շատ մեծ էր: Ես իրոք շատ բան սովորեցի այդ ժամանակ իրենից»:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ առիթ է ունեցել շատ ղեկավարների հետ աշխատել. «Աշխատել եմ Խոսրով Հարությունյանի հետ, երբ ԱԺ նախագահն էր, հետո՝ Սերժ Սարգսյանի հետ, երբ ՊՆ նախարար էր, հետո հինգ տարի Ռոբերտ Քոչարյանի հետ՝ որպես արտաքին հարցերով խորհրդական, հետո 9 տարի Սերժ Սարգսյանի հետ՝ որպես նախագահի:

Այդ տարիները հսկայական դպրոց էր, շփումները, հանդիպումները, պատասխանատվության զգացումը, իրենց՝ արցախյան շարժման հիմքում կանգնած լինելու փաստը: Հսկայական դպրոց էր սա ինձ համար՝ որպես առաջնորդի ձեւավորման»:

Հարցին՝ պետական ոլորտում ձեր ունեցած ձախողումները որո՞նք էին, ինչ չպետք է անել, որպեսզի պետական ոլորտում հաջողության հասնես՝ Վիգեն Սարգսյանը պատասխանեց՝ «Հաջողության բանաձեւը երջանկության բանաձեւն է, պիտի սիրես այն, ինչ անում ես: Միշտ պետք է ներս թողնես հնարավորությունները, մարդու կյանքը լի է հնարավորություններով, ամեն օր, ամեն վայրկյան մեր առջեւ բացվում են հնարավորություններ, երբ կես քայլը կատարում ես, մեկ քայլ կատարում ես այդ հաջողությանն ընդառաջ՝ անպայման հաջողում ես: Ինձ համար մեծ պատիվ է եղել, որ մեր պետության զարգացման առաջին իսկ տարիներից կարողացել եմ իմ ծառայությունը բերել պետությանը, մասնակցել պետության կերտմանը: Մենք կարող ենք նեղանալ պետությունից, կարող ենք համարել, որ պետությունը մեր աշխատանքի դիմաց բավականաչափ չի վերադարձնում, բայց դա շատ անիմաստ գործ է»:

Հետո նախարարը պատմեց. «Ես բավականին հաջողված, կայացած ընտանիքից էի, մեր ողջ գերդաստանում բոլորը բժիշկ էին, ենթադրվում էր, որ ես էլ պետք է բժիշկ դառնայի ավանդույթի ուժով, որեւէ առանձնահատուկ ծանր խնդիր ես չեմ ունեցել մանկության մեջ, կայացման մեջ: Բայց որեւէ բան չկար, որ ինձ պետք է մղեր պետական հատված՝ քաղաքական էլիտայում չկային ծանոթություններ: 5 հոգի էինք, որ ընդունվել էինք կառավարման դպրոցը Լենինգրադի, 5 անգամ անուն են փոխել, մինչեւ ավարտել ենք, այն ժամանակ ինքնաթիռի նույնիսկ տոմս առնելը մարտահրավեր էր, ինքնաթիռով գնալու հույս էլ չկար, կանգնած պետք է գնայինք, որովհետեւ կանայք, երեխաներ կային…Մենք ավարտում էինք համալսարանը, բոլորին առաջարկեցին աշխատանք՝ շատ համեստ, հանձնաժողովներում աշխատանք, հետո՝ մի նոր հնարավորություն, հետո՝ ուսման մի նոր հնարավորություն: 98-ին ես ԱԺ նախագահի խորհրդական էի եւ այդ ժամանակ հնարավորություն ստեղծվեց մեկնելու՝ ուսումը շարունակելու: Ես ինքս հարյուր անգամ մտածում էի՝ արդյոք ճիշտ բան եմ անում, որովհետեւ մարդիկ գնում են սովորում են, որ հետո գամ ԱԺ նախագահի խորհրդական դառնան: Ես ԱԺ նախագահի խորհրդական լինելով՝ ինչո՞ւ եմ թողնում այս ամեն ինչը ու գնում երկու տարով մագիստրատուրա: Բայց պարզվեց՝ դա ոչ միայն օգտակար էր, այլ՝ գրեթե կանխորոշիչ՝ իմ հետագա քայլերի, հաջողությունների համար: Կարծում եմ, հաջողությունը բոլորի համար միշտ կա, պետք է փորձել բոլոր բաց դռները եւ անպայման կգտնես այն ճանապարհը, որը բերելու է հաջողության»:

Ինչ վերաբերում է անհաջողությանը՝ Վիգեն Սարգսյանն ասաց. «Չեմ կարող մատնանշել կոնկրետ անհաջողություն, որ չափազանց մեծ դեր է խաղացել իմ կայացման մեջ: Իհարկե, եղել են բազմաթիվ փորձություններ, դժվարություններ: Ես նույնիսկ ԱՄՆ-ում բուհ ընդունվելուց էսսեներից մեկը պետք է գրեի հենց այդ թեմայով՝ ո՞ր անհաջողությունից եք դուք ինչ-որ մեծ բան սովորել, ես հորինեցի, որովհետեւ արժանի տապալում ես չէի հիշում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031