Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազության հայցը՝ ավելի 16 միլիոն դրամ բռնագանձել միայնակ, խնամքին անչափահաս ունեցող տեսուչ կնոջից

Հոկտեմբեր 17,2017 21:03

Հաղարծին գյուղի բնակիչ, 1980թ. ծնված , ամուսնալուծված, խնամքին մինչեւ 14 տարեկան երեխա ունեցող Մարինե Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնի տեսուչ, ստացել է վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կարգավիճակ, կրելով նյութական պատասխանատվություն իրեն ամրակցված նյութական արժեքների համար, դրսեւորելով անգործություն՝ իր վրա դրված պարտականությունները պատշաճ չի կատարել:

Դրա հետեւանքով Մ. Պետրոսյանի պահպանության տակ գտնվող պահաբաժնից քննությամբ ինքնությունը չպարզված անձանց կողմից ապօրինի հատվել են առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 3 միլիոն 340 հազար դրամ սակագնային արժեքով 162 հատ տարբեր տեսակի թաց կանգուն ծառեր, պետությանը պատճառելով 16 միլիոն 745 հազար դրամի վնաս: Մ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ»): Մ. Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատաքննության ընթացքում Մ. Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է տվել, որ 2013-2015թթ. որպես տեսուչ աշխատել է «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնում, իր պարտականությունները կատարել է շատ լավ, իր աշխատած ժամանակահատվածում կազմել է 260 անտառխախտման ակտ, իր կազմած նյութերով 2 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նա հայտնել է, որ 2015թ. իր պահպանության տակ գտնվող 7-րդ պահաբաժնում արտահերթ ստուգման ժամանակ հայտնաբերվել են 162 հատ տարբեր տեսակի ապօրինի հատած ծառեր, որն իր համար անհասկանալի է:

Մ. Պետրոսյանի ցուցմունքով` իր պահպանության տակ գտնվող տարածքը կազմել է 700 հեկտար, որն ունի անհարթ ռելիեֆ, 3 ճանապարհ, որոնցից 2-ը Հաղարծին գյուղի ուղղությամբ է իջնում, մյուսը`Իջեւան: Նա հայտնել է, որ ինքը «Հաղարծին» տեղամասի ղեկավար Սպարտակ Ստեփանյանից բանավոր պարբերաբար պահանջել է տրանսպորտ կամ ձի, սակայն ոչ տրանսպորտ, ոչ ձի, ոչ էլ տրանսպորտի գումար չեն տրամադրել: Ամբաստանյալը հայտնել է, որ իր աշխատաժամանակը սահմանափակվում էր ժամը 9.00-ից մինչեւ 18.00-ն, շաբաթ եւ կիրակի օրերին չի աշխատել, այդ օրերին իր պարտականությունները կատարել է տեսուչ Սպարտակը, ինքը ստորագրել է հանձնման-ընդունման արձանագրության տակ, սակայն փաստացի հանձնում-ընդունում չի կատարվել:

2016թ. հոկտեմբերի 25-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանի կայացրած դատավճռով Մ. Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը վերաորակավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասով եւ նա դատապարտվել է 300 հազար դրամի չափով տուգանքի: Քրեական գործով մեղադրողի վերաքննիչ բողոքի արդյունքում ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2017թ. մարտի 24-ին վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Մ. Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 3 ամիս ժամկետով ազատազրկման: Այդ որոշման դեմ Մ. Պետրոսյանի պաշտպան Գ. Սոլոմոնյանը վճռաբեկ բողոք է բերել, խնդրելով ամբողջությամբ բեկանել վերաքննիչ դատարանի նշված որոշումը եւ օրինական ուժ տալ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2016թ. հոկտեմբերի 25-ի դատավճռին: 2017թ. հունիսի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է Մ. Պետրոսյանի պաշտպան Գ. Սոլոմոնյանի վճռաբեկ բողոքը մերժել:

Տավուշի մարզի դատախազությունը հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված 16 միլիոն 745 հազար դրամ վնասը բռնագանձելու պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել Մարինե Պետրոսյանի դեմ:

Այդ հայցով որպես 3-րդ անձ ներգրավված է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժինը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի`սույն քաղաքացիական հայցով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում մեկնարկել է սեպտեմբերի 19-ին, հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 3-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031