«Բյուրոկրատ» սրճարան-գրախանութում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Printz-ի մրցանակակիր, «New york times- ի #1 բեսթսելլերների հեղինակ՝ Ջոն Գրինի «Թղթե քաղաքները» գրքի շնորհանդեսը: Սա հեղինակի հայերեն թարգմանությամբ թվով երկրորդ գիրքն է: Գիրքը նախատեսված է դեռահասների համար բայց խմբագրի խոսքերով, այն ունի այնպիսի ասելիք, որն ուղղված է հասարակության բոլոր շերտերին. «Գիրքը հոգևոր հասունացման և ինքնաբացահայտման մասին է, և սա է հիմնական գաղտնիքը , որ տարիքային բոլոր խմբերին կարող է հետաքրքրել:Բացի այդ գիրքը քեզ հնարավորություն է տալիս բացահայտելու ոչ միայն քեզ, այլ նաև դիմացինիդ»:
Խմբագիր Լուսինե Համբարյանը գիրքը դասում է արկածային-հոգեբանական ժանրերին՝ մեկնաբանելով, որ պարզության մեջ կա խորը բովանդակություն:
Թարգմանիչ Ալինա Միրզոյանի խոսքերով, գրքի թարգմանության ժամանակ առաջացած դժվարությունը կապված էր լեզվի հետ. «Մեր լեզուն կոնսերվատիվ է, այդ պատճառով գրքի ոչ պատշաճ ու կոռեկտ բառերը թարգմանելը դժվար էր,բայց փորձել ենք պահպանել ոճը: Կարծում եմ Ջոն Գրին հեղինակի առանձնահատկությունը կերպարների բազմազանությունն է, և այն, որ ամեն կերպարի մեջ մարդ կարող է գտնել իրեն»:
Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Շավարշ Կարապետյանը գրքի հեղինակային իրավունքները ձեռք բերելու համար անձամբ է կապվել գրողի հետ: Նա գիրքը տեսնում է պարտադիր ընթերցվող գրականության շարքերում: «Գիրքը կարդալիս դու մտովի գնում ես քո երիտասարդություն»,- պարզաբանում է «Էդիթ պրինտի» ներկայացուցիչը:
Բեսթսելլերի շնորհանդեսն ավարտվեց ընթերցողների և հրատարակիչների հետաքրքիր քննարկումով:
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ