Արդյոք Հայաստանի իշխանությունն ունի քաղաքական կամք՝ ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո երկրում խորը և քաղաքացիներին տեսանելի բարեփոխումներ իրականացնելու.«Եթե կարճ պատասխան է ձեզ հետաքրքրում՝ այո»,- «Ա1+»-ի հարցին պատասխանում է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Օրերս հրապարակվեց նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Եվրամիություն – Հայաստան գործընկերության նոր փաստաթղթի տեքստը։ Այսպիսով, Համաձայնագիրը հանրությանը հասու է դառնում դրա ստորագրումից դեռ մեկ ամիս առաջ, ինչը չարվեց նախորդ անգամ, երբ Հայաստանի ու ԵՄ-ի սեղանին դրված էր Ասոցացման համաձայնագիրը, որն այդպես էլ չստորագրվեց։
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակումը, ըստ նախարարի, չի նշանակում, թե խնդիր կա բովանդակությունը հասանելի դարձնել Ռուսաստանին. «Ես այստեղ որևէ երևույթ, ստորջրյա ցանկություն, գայթակղություն կամ մեսիջ չեմ տեսնում։ Ուղղակի կողմերը քննարկումների փուլում էին գտնվում և վերջնական համաձայնության են եկել, թե ինչ տեքստ պետք է այն ունենա։ Դրա համար էլ հրապարակվել է»,- բացահայտում է Դավիթ Հարությունյանը։
Եվրամիության հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը ենթադրում է նաև Մեծամորի ատոմակայանի փակում և անվտանգ ապագործարկում։ Չի բացառվում, որ Հայաստանը կհրաժարվի նոր Ատոմակայան ունենալու մտքից, դրանից ստացվող էլեկրաէներգիան փոխարինելով, օրինակ, արևային էներգետիկայի ռեսուրսներով։
Ըստ նախարարի՝ նոր Ատոմակայանի կառուցումը ենթադրում է հաշվարկներ, թե դրա կառուցումը տնտեսապես որքանով արդարացված կլինի. «Մենք նոր Ատոմակայանկունենանք, եթե այն գնային առումով, սակագնային առումով լինի արդյունավետ։Պատկերացրեք, վաղը պարզվեց՝ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստանալ նույն քանակի էներգիա, սակայն առանց Ատոմակայանի, և Ատոմակայանի էներգիան ավելի թանկ կլինի սպառողների համար, ո՞ր ճանապարհով մենք պետք է գնանք»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ