Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ երկրները կարող են մտածել` տեսնենք ինչ իշխանություն է ՀՀ-ում ձևավորվում, հետո որոշենք`ուզո՞ւմ ենք հետները գործ ունենալ». Բորիս Նավասարդյան

Հոկտեմբեր 17,2017 16:25

«Ըստ երևույթին` համաձայնագրի բովանդակությունը համաձայնեցված է Ռուսաստանի հետ »,- «Մեդիա կենտրոնում» «Հայաստան- ԵՄ համաձայնագիր. հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով քննարկմանը հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` անդրադառնալով օրերս հրապարակված` ՀՀ –ԵՄ համաձայնագրին: 

Նա նկատեց` փաստաթղթի հրապարակումը ցույց է տալիս, որ Եվրամիության հանձնաժողովը և ՀՀ կառավարությունը շահագրգռված են համաձայնագիրը հրապարակել: Դա նշանակում է, որ գոնե երկու կողմերը վճռական են այն ստորագրել մոտ ժամանակներս: Ակնհայտ է նաև, որ բացահայտ միջամտություններ դրսից չեն ակնկալվում:

Դառնալով համաձայնագրի բովանդակությանը` պարոն Նավասարդյանը նշեց, թե դրանում կան հստակ սկզբունքներ, որոնց վրա բարեփոխումներն ու համագործակցության օրակարգը պետք է խարսխված լինեն: Նշանակում է, որ կոնկրետ գործողություններ են լինելու, որոնց շուրջ լինելու են ոլորտային բանակցություններ: Պարոն Նավասարդյանին բավարարում է այն հանգամանքը, որ համարյա որևէ ոլորտ բաց թողնված չէ: Նա շեշտեց. «Փաստորեն, տեսնում ենք, որ տնտեսությանը բավականին մեծ ուշադրություն է դարձված կապված տնտեսության կառավարման, մրցակցային դաշտի ապահովման խնդիրների հետ: Դա հնարավորություն կտա իրոք առողջացնել մեր տնտեսությունը»:

Ըստ Բորիս Նավասարդյանի` համաձայնագրի ստորագրումը երկար գործընթաց է. դեռ պետք է ստորագրմանը հավանություն տան բոլոր անդամ երկրները, հետո անցում կատարվի վավերացման փուլին. «Հիշելով 2016-ի անհաջողությունը` ԵՄ անդամ երկրները կարող են մտածել, որ դեռ պետք է սպասել ու համոզվել, որ համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ի հետ կբերի արդյունավետ համագործակցության: Կարող են կարծիքներ լինել, թե սպասենք, տեսնենք ինչ իշխանություն է Հայաստանում ձևավորվում, հետո որոշենք` արդյոք ուզո՞ւմ ենք Հայաստանի հետ գործ ունենալ»:

Միջազգային փորձագետ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը խոսեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում հասարակական մասնակցության աստիճանի մասին. «Չեմ կարծում, որ համաձայնագիրը հրապարակվել է հասարակական լսումների կամ քննարկումների համար: Երևի թե դա հրապարակվել է այն մտավախություններն ու հայտարարությունները փարատելու համար, որոնք հնչում են Ռուսաստանում: Վատ է, որ հասարակության կողմից իշխանության վարած գործունեության վրա ազդելու հնարավորություն չկա, բայց գոնե գաղտնիության շղարշը բացվեց, ու մենք կարող ենք իմանալ, թե ինչ են ստորագրելու ՀՀ իշխանությունները»:

Պարոն Իգիթյանի հավաստմամբ` համաձայնագրում անդրադարձ է կատարվում մարդու իրավունքներին, ազատություններին, ժողովրդավարական սկզբունքներին, զարգացած մոդելի գործունեության պահանջներին, որոնց շուրջ երկու կողմերը փորձում են ստեղծել ընդհանուր համաձայնագիր: Նա հորդորում է համաձայնագրին նայել որպես մի մեծ փազլի հիմնական մասի, որը տեսանելի է դարձնում այն բոլոր մոդելները, որոնք պետք է ստեղծենք մեր ուզած մոդելը տեսնելու համար: Հովհաննես Իգիթյանը նաև կարևորեց այն, որ Հայաստանը կամովին է որդեգրում այդ սկզբունքները:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարևորեց հատկապես վիզաների ազատականացման հարցի ներգրավումը համաձայնագրում. «Մեզ համար բաց է երկրորդ փուլը՝ վիզաների երկխոսությունը, որի համար անհրաժեշտ են համալիր բարեփոխումներ: Կարևոր է, որ մեր քաղաքացիներն առանց խոչընդոտի կարողանան գնալ Եվրոպա և վերադառնալ ու չդիմեն անօրինական քայլերի»:

Ստեփան Գրիգորյանը դրական է համարում նաև այն, որ համաձայնագրում կոնկրետ կետերով յուրաքանչյուր ոլորտին անդրադարձ կա. «Հստակ գրված է. պետք է պաշտպանվի փոքր ու միջին բիզնեսի իրավունքը: Այդ կետերը հստակ ու նպատակաուղղված են: Օրինակ` տուրիզմի մասին. բավականին մանրամասն նշված է ծառայությունների մասին` փոստային, էլեկտրոնային, տրանսպորտային: Այսինքն` կոնկրետ մարդկանց կյանքի հետ կապված կետեր են: Գրված են նաև սկզբունքները, թե ոնց պետք է աշխատեն այս կետերը: Երբ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մի քանի խոսքով գրվում է նաև` ինչպես»:

Ստեփան Գրիգորյանը շեշտեց, թե սա Հայաստանին տրված շանս է, որն օգտագործել է պետք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը`«Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031