Լրահոս
Օրվա լրահոսը

«Սադիստական հակումներով մարդիկ կան, ասում են՝ գործս երբ պիտի շուտ ավարտեմ, գնամ կնոջս մի լավ ծեծեմ». Եպիսկոպոս Աջապահյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2017 16:04

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այսօր Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ այն քննադատություններին, որոնք հնչում են այդ նախագծի հետ կապված. «Ասում են՝ այսքան տարի ապրել ենք առանց նման օրենքի եւ կարող ենք հիմա էլ ապրել: Կարող էինք ապրել առանց Սահմանադրության էլ: Հարց է ծագում՝ ինչ է տալիս մեզ այս օրենքը չունենալը՝ չի տալիս ոչինչ, դարձյալ խարխափելու ենք անորոշության մեջ: Հենց մենք՝ հոգեւորականներս այս օրենքի չգործելու պայմաններում լուրջ պրոբլեմներ ենք ունենում: Հաճախ մենք գիտենք հանցագործության մասին եւ այդ հանցագործության մասին որեւիցե մեկին հայտնել չենք կարող: Նույնիսկ եթե ուզում ենք ոստիկանությանը հայտնել, որովհետեւ կինը չի ուզում կամ ամուսինը չի ուզում, ոստիկանությունն էլ ոչ մի լծակ չունի, որ մտնի ընտանիք եւ կանխի դա: Ավելի լավ է ունենալ օրենք, քան չունենալ ընդհանրապես: Օրենք ունենալը ոչ թե պիտի խանգարի, այլ՝ օգնի: Եթե տեսնենք, որ օրենքը ունի անորոշություններ,թյուրըմբռնումներ, անշուշտ պետք է կատարեն լրացումներ»:

Տարբեր դավադրություններ են տեսնում օրենքի նախագծում, սրբազանն ասաց. «Եթե դավադրության մասին պիտի մտածեինք, եվրոինտեգրման մասին չպիտի մտածեինք: Սա էլ եվրոինտեգրման անհրաժեշտ փուլերից է: Եթե չենք ուզում եվրոինտեգրվել, ուրեմն շատ ուրիշ օրենքներ էլ կարող էինք չունենալ, որոնց նկատմամբ եկեղեցին էլ շատ բարյացակամ չէր: Մենք, որպես եկեղեցի, ամեն ինչին դոգմատիկ չենք մոտենում, միայն սեւ ու սպիտակի հարաբերությամբ չենք մոտենում, սպեկտորը շատ լայն է: Ընտանեկան բռնության մասին օրենք պետք է, բոլորս էլ ուզում ենք, որ բռնությունը կանխարգելվի»:

Ըստ եպիսկոպոս Աջապահյանի, ամեն մի բռնություն դեռ ընտանեկան բռնություն չէ, առավել եւս դաստիարակչականը. «Այն հայրը, որ սիրում է իր որդուն, խրատում է: Իսկ խրատել բառը ունի ֆիզիկական ներգործության իմաստ անպայմանորեն, առավել եւս՝ տղաների նկատմամբ: Պիղատոսն էլ երբ ուղարկում էր մտրակելու Քրիստոսին, ասում էր՝ խրատելու եմ ուղարկում: Ինչ-որ թանկարժեք իր ջարդեց երեխան՝ դրա համար ապտակում ես, սա ընտանեկան բռնություն չէ: Բայց սադիստական հակումներով մարդիկ կան լեփ-լեցուն, երբ ասում է՝ գործս երբ պիտի շուտ ավարտեմ, գնամ կնոջս մի լավ ծեծեմ: Այդ սադիստական հակումներ ունեցողների մասին է օրենքը»:

Սրբազանն ասաց, որ այս օրենքը միայն կանաց համար չէ, ոչ էլ միայն երեխաների համար, ընդհանրապես ընտանիքում հաշտության համար է. «Ոչ մի իրավական միջամտության մասին խոսք լինել չի կարող, եթե չլինի սեր: Ընտանիքը պետք է լինի սիրո վրա հիմնված, սիրով շաղախված կառույց, սա իրավական հարաբերությունների թատերաբեմ չէ, այլ՝ երբ տղամարդը սիրով միանում է կնոջը՝ այդ սիրո մեջ երեխաների դաստիարակելու համար: Երբ օրենքը ընդունում են՝ որպես հայ ավանդական ընտանիքների վրա հարձակում, շատ բաներ կային, որոնց մասին կարելի էր ժամանակին մտածել ու չմտածեցինք: Ամուսնալուծությունը լա՞վ էր, բայց շատ լավ ընդունեցինք ամուսնալուծության հնարավորությունը: Կամ այն բոլոր աբորտները, վիժումները, որոնք տեղի են ունենում մեր իրականության մեջ, սա ի՞նչ է քրիստոնեական ընտանիքին վայե՞լ է, քրիստոնեական ընտանիքն ասում է երկու զավակից ավելի չունենա՞լ, բոլոր մյուս զավակներին սպանե՞լ: Քրիստոնեական ընտանիքը միայն այն չէ, ինչ մենք ենք ընկալում, այդ ամեն ինչը մենք ընկալում ենք մեր մարմնին ու մեզ հարմար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031