Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ուղերձները՝ ըստ քաղտեխնոլոգի

Հոկտեմբեր 17,2017 15:40

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, Ժնեւում նախօրեին տեղի ունեցած ՀՀ-Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախորդներից մի քանի բաղադրիչով տարբերվող հանդիպում էր:

«Այս անգամ գոնե երկակի տպավորություն թողեց ինձ վրա, որովհետեւ ոչ միշտ են այդ երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրում նույն փաստաթղթի տակ, սա գուցե ինչ-որ բան նշանակում է, իսկ նշանակում է, որ այս անգամ այն հարցերը, որոնք քննարկվել են, գուցե հեռանկար ունեն»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում ասաց Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով, եթե մենք նայում ենք Մինսկի խմբի համանախագահների հայտարարության տեքստը, տպավորությունն այնպիսին է, որ հերթական հանդիպումն էր. «Թվում է, թե սա հերթական համատեղ հայտարարությունն է, հերթական հանդիպումն է, մեկ ժամով հավաքվեցին, հետո ցրվեցին, բայց այս անգամ միջոցառումը լուսաբանվում էր հետաքրքիր ոճով, բացի ֆորմալ հայտարարությունից, կային նաեւ ֆոտո ուղերձներ»:

Վիգեն Հակոբյանի մեկնաբանմամբ՝ հայտարարությունում հիմնական ուղերձը կառուցողական խոսակցության մասին էր. «Այսինքն` կողմերը պատրաստ էին իրար հետ զրուցելու, և հիմնական թեզը, որ կար այդ փաստաթղթում այն էր, որ պայմանավորվել են շփման գոտում լարվածությունը նվազեցնելու շուրջ։ Եթե այս թեզը վերցնենք որպես հիմք, ապա դա երևի թե հայկական կողմի հիմնական օրակարգային հարցն էր։ Ամբողջ խնդիրը միայն նրանում է, թե ինչպես է դա լինելու, Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների շրջանակո՞ւմ, թե՞ այլ ձև»։

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը  վկայում էր, որ կողմերը լուծման տարբերակի չեն հանգել. «Սա նշանակում է, որ այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին, դրա շուրջ որևէ լուրջ համաձայնություն չկա։ Հիմնականում կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է առայժմ լարվածության նվազեցման մասին։ Երրորդ մեսիջը, որը հնչեց Սերժ Սարգսյանի կողմից այն էր, որ հայկական կողմը մնում է իր դիրքերի վրա»։

Քաղտեխնոլոգն ասաց նաեւ, որ հետեւել է ադրբեջանական կայքերի լրահոսին. «Այն կայքերը, որոնք սովորաբար բավականին ակտիվ են լինում նման գործընթացներից հետո, քար լռություն էր, հիմնականում կամ ցիտում են մեր մամուլը, կամ միջազգային փորձագետներին»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031