Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարությանը՝ կապված Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության հետ:
«Բաքվի ժամկետանց նոմենկլատուրան դարձյալ բաց թողեց լռելու հնարավորությունը և ի ցույց դրեց իր ողջ սահմանափակ լինելը»,- Twitter-ի իր էջում գրել է Բալայանը:
Ավելի վաղ Մամեդովը Twitter-ում գրել էր, որ թեև որոշվել էր որևէ հայտարարություն չանել նախագահների հանդիպումից հետո, բայց «Սարգսյանը դարձյալ չպահեց իր խոսքը»: «Ցավոք, Սերժ Սարգսյանը կրկին իր դերում է: Չփոխելով իր սովորույթը՝ նա իր համար պատիվ է համարում խախտել բանակցությունների ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները»:
Հիշեցնենք, երեկ Ժնևում Ալիևի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հանդիպել էր շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ հայտարարելով, որ Ալիևի հետ «պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում զոհեր չլինեն»
Պատրաստեց Վիկտորիա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ