Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2040 թվականին ոչ միայն 4 միլիոն չի լինի, այլեւ Հայաստանում կմնա 2,5 միլիոն մարդ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2017 15:30

Այս պահի դրությամբ մեր երկրում 110 տղայի դիմաց ծնվում է 100 աղջիկ: Այս ցուցանիշն էլ, ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի, դեռ բարձր է, քանի որ նորման` 100 աղջկա դիմաց 105 տղան է:
«110-ը դեռ շատ բարձր է, դեռ շատ-շատ աշխատելու տեղ ունենք, որպեսզի գանք նորմային հասնենք: Բայց այն փաստը, որ մենք հինգ տարվա ընթացքում 4 հաշվարկային կետով իջեցրել ենք, փաստ է: Պետք է չմոռանալ, որ սա վարքագծային խնդիր է, իսկ վարքագիծը փոխել 4-5 տարվա ընթացքում, դա բավականին բարդ խնդիր է»:

Այսօր «Հոդված 3» ակումբում Գարիկ Հայրապետյանը ներկայացրեց «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը, որն այս տարի կրում է «Անջատ աշխարհներ. վերարտադրողական առողջությունը եւ իրավունքները անհավասարության դարում» խորագիրը:

Գարիկ Հայրապետյանն արձագանքելով Հայաստանում 2040 թ-ին 4 մլն բնակչություն ունենալու մասին ՀՀ նախագահի հայտարարությանը, ասաց, որ ժողովրդագրական ու միգրացիոն ներկայիս միտումների պահպանման պարագայում 4 միլիոնի հասնելը շատ դժվար հասանելի նպատակ է: Ըստ նրա, ներկայիս տնտեսական ու ժողովրդագրական միտումները պահպանվելու դեպքում Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, 2035 թվականին կմնա մինչեւ 2,5 միլիոն մարդ` ներկայիս 3 միլիոնի փոխարեն:

«Լավագույն սցենարի պարագայում Հայաստանում բնակչությունը 2035 թ-ին կարող է կազմել 3,2 մլն մարդ, ինչին հասնելու համար անհրաժեշտ է շատ մեծ աշխատանք տանել, թե տնտեսական վիճակի բարելավման, ներգաղթի ապահովման ու ծնելիության մակարդակի բարձրացման ուղղությամբ»,-ասաց պարոն Հայրապետյանը:

Aravot.am-ի այն հարցին, թե Արցախյան խնդրով պայմանավորված արդյոք չի՞ ավելացել աղջիկ երեխաներին նախապատվություն տալու հանգամանքը, պարոն Հայրապետյանն ասաց, որ տարիներով ձգվող հակամարտությունը առիթ է դառնում, որպեսզի ասեն` մեզ զինվորներ են պետք, բայց թե հետագայում, երբ աղջիկ երեխաներից ազատվելու տոկոսն այդքան բարձր է, ովքեր են ծնելու այդ զինվորներին, պարզ չէ. «Դեռ այդ տեխնոլոգիան չկա, որ զինվորը զինվոր ծնի: Բայց, մյուս կողմից էլ, տղա են ունենում եւ ամեն ինչ անում են, որ այդ տղան բանակ չգնա»:

Հայաստանն առաջին անգամ որոշ ուղղություններով հայտնվել է առաջատար դիրքերում: Գարիկ Հայրապետյանի խոսքով, մասնավորապես` վերարտադրողական առողջությունը հասանելի դարձնելու առումով, Հայաստանը լուրջ արդյունքներ է գրանցել. «Երբ 2008 թվականին Հայաստանում ներդրվեց ծննդօգնության պետական հավաստագրերը՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ, գրեթե կրկնակի ավելացել է մայրական խնամքին ուղղվող հատկացումները: Այդ ժամանակից ի վեր մեր երկրում հղի կանանց 99 տոկոսից ավելին մասնագետների հսկողության տակ են եւ անցնում են անհրաժեշտ բոլոր թեստավորումներն ու խորհրդատվություն ստանում: Այս առումով Հայաստանը լավագույն դիրքերում է»:

Ըստ նույն աղբյուրի, մայրական մահացության ցուցանիշով Հայաստանը դեռ առաջատար չէ տարածաշրջանում, բայց 2000 թվականից հետո, ըստ նրա, գրանցվել է մեծ առաջընթաց՝ մոտ 3 անգամ նվազել է մայրական մահացությունը: Եթե 2000 թվականին յուրաքանչյուր 100,000 առողջ ծնունդի դիմաց գրանցվում էր մահվան ելքով 60-ից ավելի դեպք, ապա 2015 թվականին գրանցվել է 19.6 մայրական մահացության դեպք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031