Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարազատներով երեխաների հետ սեռական հարաբերություններ են ունենում». Ամարյանի հայտարարությունը՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2017 15:23

Այսօր Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հաշտարարների միություն» ՍՊԸ տնօրեն Ալեքսանդր Ամարյանը արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին հարցրեց հոգեբանական բռնության մասին՝ ի՞նչ է ձեր պատկերացմամբ հոգեբանական բռնությունը:

Նա պատասխանեց, որ հոգեբանական բռնության վերաբերյալ օրենքը հստակ ձեւակերպումներ է պարունակում. «Համապատասխան դատական ընթացակարգերում կարող է անհրաժեշտություն առաջանալ մասնագետի հստակ գնահատականների»:

Ալեքսանդր Ամարյանը հայտարարեց. «Հայաստանում գործում է Ընտանիք կամ Աստծո զավակներ կրոնական կազմակերպություն, որի հիմքում ընկած է ինցեստ հասկացողությունը: Հարազատներով, տարիքային սահմանափակում չկա, երեխաների հետ սեռական հարաբերություններ են ունենում, այդ դեպքում ինչպե՞ս եք օգտագործելու այս օրենքը»:

Փոխնախարար Վիգեն Քոչարյանը զարմացավ: Նա ասաց, որ եթե դուք ունեք նման հանցագործությունների վերաբերյալ փաստեր, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը այստեղ նստած է, դիմեք իրեն, անպայման արձագանք կլինի: Փոխնախարարը վստահեցրեց, որ իրենք տեղյակ չեն եղել այդ դեպքին եւ նման փաստեր չունեն:

Փաստաբանական պալատի ներկայացուցիչ Գեւորգ Մկրտչյանն էլ ասաց՝ անհետաձգելի միջամտության որոշման պայմաններում ոստիկանը կարող է ժամանակավորապես սեփականության օգտագործման իրավունքից զրկել բռնարարին:

Փոխնախարարը պատասխանեց՝ այն որոշումը, որը կարող է կայացվել բռնարարի հանդեպ, որ նա պետք է ժամանակավորապես լքի բռնության վայրը, բնակարանը, իսկապես կարող է սեփականության իրավունքի որոշակի սահմանափակում լինել, բայց սեփականության իրավունքը բացարձակ իրավունք չէ, կարող է սահմանափակվել օրենքով:

«Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության համակարգող Կարինե Եսայանն էլ նշեց, որ կանանց նկատմամբ բռնության Եվրախորհրդի կոնվենցիայից են վերցրած այս նախագծի հիմնական դրույթները: Նա նշեց կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին դրույթներից եւ հարցրեց՝ դուք չե՞ք գտնում, որ Ստամբուլյան կոնվենցիայի մեջ կանխարգելման համապատասխան ձեւակերպումը իրականում հետապնդում է ոչ թե կանխարգելման, այլ մեր ընտանեկան ազգային համակարգի փլուզման եւ ընտանեկան արժեքների ոտնահարման նպատակ:

Փոխնախարար Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ մեր Սահմանադրությունն էլ հստակ դրույթներ ունի կանանց եւ տղամարդու իրավահավասարության վերաբերյալ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031