Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստն էր: Ըստ մեղադրանքի՝ 2016թ.-ին Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` նրան ապօրինաբար եւ դիտավորությամբ զրկել են կյանքից: Վիճաբանությունը ծագել էր մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով:
Այսօր պետք է շարունակվեր Խաչատրյանի մոր՝ որպես տուժողի իրավահաջորդ ճանաչված Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը, սակայն տիկինը ներկա չէր: Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատավորին տեղեկացրեց, որ Էմմա Աբրահամյանը վատառողջ է: Փառանձեմ Մեյթիխանյանն է փաստաբանին հայտնել, որ դատարան գալիս Էմմա Աբրահամյանը վատացել է:
«Այդ պատճառով Փառանձեմ Մեյթիխանյանը եւս չի կարող ներկա լինել: Խնդրում եմ հետաձգել նիստը »,-նշեց Ինեսա Պետրոսյանը: Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը եւ հետաձգեց նիստը:
Հիշեցնենք, որ Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը բավականին լարված է ընթանում: Տիկինը, որի աչքի առաջ տեղի է ունեցել դեպքը, հարցաքննության ժամանակ պարբերաբար վատանում է, եւ նրա համար շտապօգնություն են կանչում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ