Հոկտեմբերի 13-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվեցին 2016-2017 ուսումնական տարվա արդյունքները եւ նոր ուսումնական տարվա հիմնախնդիրները:
Զեկուցումով հանդես եկավ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Հասմիկ Խաչատուրյանը:
Նրա ելույթից հետո Բերդի զինկոմ, փոխգնդապետ Գագիկ Խաչատրյանը հայտարարեց`տղաներ կան, ովքեր տարրական գիտելիքներ չունենալով, դասարանից դասարան փոխադրվելով՝ ավարտում են դպրոցը, երբ նրանց հարցնում են իրենց ծնողների ազգանունները, չեն կարողանում պատասխանել, երբ հարցնում են՝ որտեղ ես ապրում, միայն իրենց գյուղի անունը գիտեն, հարեւան գյուղի անունը չգիտեն: Զինկոմիսարիատները նրանց ուղարկում են Երեւան, ուր առնվազն մեկ շաբաթ բուժզննում են անցնում, բժշկական հանձնաժողովները այդ տղաների մոտ ախտորոշում են մտավոր հետամնացություն: Բերդի զինկոմի վկայությամբ`յուրաքանչյուր զորակոչի ժամանակ նման 4-5 զինակոչիկ է լինում:
Հասմիկ Խաչատուրյանն ասաց, որ այդ երեխաները դպրոցներում քննություն չեն հանձնում, չեն գնահատվում, նրանց դպրոցից դուրս թողնելը, հատուկ դպրոցներ ուղարկելը սոցիալական հարց է:
Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանն ասաց, որ այդ երեխաները հասարակության անբաժան մասն են, տարածքային զինկոմիսարիատներն այդ խնդրի առնչությամբ պետք է մշտապես կապի մեջ լինեն,ակտիվ համագործակցեն դպրոցների հետ, հարկ չկա այդ տղաներին հատուկ դպրոցներ ուղարկելու, նաեւ նպատակ կա հետագայում հատուկ դպրոցները փակելու:
Հավելենք, որ 2011 թվականից Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ