Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան. «Հայերը սիրում են երաժշտություն, մեր ֆիլմերն էլ այդ թեմայով են»

Հոկտեմբեր 17,2017 14:03

Հոկտեմբերի 19-ին կբացվի Ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնը, ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Գյումրիում եւ Էջմիածնում: Ճապոնական ֆիլմերի փառատոնը ՀՀ եւ Ճապոնիայի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա տոնակատարությունների համատեքստում է:

Այս մասին հոկտեմբերի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացած ասուլիսում հայտնեցին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին և հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը:

Տիկին Փիլիպոսյանը նշեց, որ կցուցադրվի 7 գեղարվեստական ֆիլմ: Փառատոնի բացմանը կմասնակցի նաեւ «Արար» երգչախումբը, որը կկատարի Կոմիտաս եւ ճապոնական երգեր, դրանցից մեկն էլ «Շուրթին» ֆիլմի երաժշտությունն է:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ասաց, որ հայ ժողովուրդը սիրում է երաժշտություն, ուստի վստահ է, որ ընտրված ֆիլմերը դուր կգան հայ հանդիսատեսին, քանի որ դրանց մեծ մասը երաժշտության թեմայով է:

Օգտվելով առիթից, նա ասաց, որ նոյեմբերի 9-10-ին Տիկնիկային թատրոնում կկայանա սյամիսեն ճապոնական ազգային նվագարանի, իսկ 29-ին` բյոդայկո հարվածային գործիքի համերգ: Մի համերգ էլ նախատեսված է հայկական դուդուկի նվագակցությամբ: Դեսպանի ձեւակերպմամբ, ճապոնական երաժշտական գործիքները սիրված են ողջ աշխարհում:

Ինչ վերաբերում է կինոփառատոնին, դեսպանի խոսքով, կինոն այն արվեստն է, որ կարողանում է փոխանցել ոչ միայն տվյալ երկրի մշակույթը, այլեւ բնավորությունը:

Aravot.am-ը խնդրեց մի քանի կարեւոր դրվագ առանձնացնել 25-ամյա հարաբերությունների համատեքստում: Պարոն Տագուչին ասաց, որ թեեւ հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն են նշում, բայց Հայաստանն ու Ճապոնիան հարաբերվել են 29 տարի առաջ, երբ 88-ի ավերիչ երկրաշարժին Ճապոնիան առաջին փրկարար խումբն ուղարկեց Սպիտակ: Դեսպանը նաեւ հիշեց 2011-ին Ճապոնիայում գրանցված երկրաշարժը, որից մեկ տարի անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր աղետի էպիկենտոն: Պարոն Տագուչին համոզված է, որ մասնավորապես աղետների կանխարգելման գործում կարեւոր է երկրների միջեւ փոխադարձ համագործակցությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031