Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող տա, մեկի գլուխը ջարդի, զոհը կգնա գերեզման, երեխան էլ մնա որբ, հիմա ո՞րն է ուղղված հայ ընտանիքի պաշտպանությանը». Վիգեն Քոչարյան

Հոկտեմբեր 17,2017 13:10

ԱԺ Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովն այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ էր կազմակերպել: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը լսումների սկզբում հորդորեց նախորդ հանրային քննարկման պես այն հանրային բախումների չվերածել, գիտեն, որ խնդիրներ կան եւ նախագծին կողմ եւ դեմ մարդիկ հաստատ կարծիք արտահայտելու իրավունք ունենալու են:

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն իր ելույթում նշեց, որ 100-ից ավելի առաջարկություններ են եղել. «Շատերն են խոսում հանրային պահանջի մասին: Շատերը գնահատականներ են տալիս, որ հանրային պահանջ գոյություն չունի: Մի քիչ տարօրինակ է դա լսել այնպիսի մարդկանցից, որոնք համապատասխան ոլորտում որեւէ գործունեության փորձ չունեն եւ համապատասխան աշխատանքներ այս բավականին խնդրահարույց ոլորտում չունեն: Հաճախ փաստարկներ են հնչում, թե մեր օրենսդրությունը արդեն նախատեսել է համապատասխան կարգավորումներ՝ ի դեմս Ընտանեկան օրենսդրության, Քրեական օրենսդրության, բայց այստեղ այլ կարգավորումներ կան, որոնք չեն կարող պարունակել ոչ Քրեական, ոչ Ընտանեկան օրենսդրության մեջ: Ընտանեկան բռնության կանխարգելման եւ զոհերի պաշտպանության համար է սա: Խոսքը գնում է ապաստարանների մասին: Պատկերացրեք, մենք այս օրենսդրական կարգավորումը չենք ունենում եւ ունենում ենք այն իրավիճակը, ինչ այսօր է, երբ պետական մարմինները ստիպված են դիմել ՀԿ-ներին, որ օգնեն բռնությունից տառապող ընտանիքների, ասենք՝ մորը՝ երեխաների հետ: Այս ոլորտում պետությունը համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկի»:

Վիգեն Քոչարյանն ասաց, որ վիճակագրությունն աննշան չէ, ինչպես ներկայացնում են: Մեր երկրում հաշվարկները ցույց են տալիս, որ օրական երկու անգամ դիմում են ոստիկանություն՝ կապված ընտանեկան բռնության հետ. «Ընդհանուր սպանությունների 17 տոկոսը կապված է ընտանեկան բռնության հետ, երբ անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների 47 տոկոսը տեղի է ունենում ընտանեկան բռնության միջավայրում: Որոշ մարդկանց համար գուցե սա մտահոգիչ չէ, մեզ համար մտահոգիչ է»:

Փոխնախարարի խոսքով՝ «Այս օրինագիծը, ես կարող եմ հստակ ասել՝ ուղղված է հայ ընտանիքի պաշտպանությանը: Մեր ընդդիմախոսներն ասում են՝ դե, Քրեական օրենսդրություն կա, երբ ընտանեկան բռնություն լինի՝ պատժեք բռնարարին եւ խնդիրը լուծված է, բայց այս օրենքը վերաբերում է ընտանեկան բռնության կանխարգելմանը: Պատկերացրեք, համաձայնում ենք մեր ընդդիմախոսների հետ, ասում ենք՝ թող տա, մեկի գլուխը ջարդի, զոհը կգնա գերեզման, երեխան էլ կմնա որբ, հիմա ո՞րն է իրականում ուղղված հայ ընտանիքի պաշտպանությանը, այն, որ մենք նախատեսում ենք կանխարգելե՞լ ընտանեկան բռնությունը»:

Նաիրա Զոհրաբյանը խնդրեց փոխնախարարին միջազգային փորձը ներկայացնել, թե մեր տիպի ընտանիքի մոդելով երկրներում ինչ կարգավորումներ կան: Փոխնախարարը պատասխանեց, որ որեւէ սենսացիոն կարգավորումներ այս օրենքի նախագծում չկան, համապատասխան օրենսդրություն ունեն շատ երկրներ. «Մեր անմիջական հարեւան Վրաստանում գործում է համապատասխան համանման օրենսդրական լուծումներ պարունակող օրենք: Կատաստրոֆիկ այն մտահոգությունների մասին, որ մենք խոսում ենք, այստեղ արձանագրված չէ, նույնը կարող ենք ասել Մոլդովայի մասին, Ղազախստանի մասին: Այդտեղ որեւէ վտանգ մեր ընտանիքի, մեր ավանդական ընտանեկան արժեքներին այստեղ չի պարունակում: Լրիվ հակառակը կարող ենք ասել»:

Փոխնախարարը հիշեց Թումանյանին, Բակունցին, Նար-Դոսին. «Մխիթար Գոշի Դատաստանագրքում նախատեսում էր, որ եթե ամուսինը ծեծում էր կնոջը, ապա կինը իրավունք ունի դիմել դատարան, դա նույն է, ինչ այս օրենքն է նախատեսում: Արեւմտյան փորձն էլ կա»:

Փոխնախարարն ասաց, որ Արեւմուտքն առաջարկում է ընտանեկան բռնությունը քրեականացնել. «Մենք չենք անում նման բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031