Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ՌԴ-ին մեղադրել է Հայաստանին արտոնյալ պայմաններով զենք տրամադրելու մեջ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2017 12:08

Հոկտեմբերի 6-9, Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամները կրկին հակահայկական դրսեւորումներով են աչքի ընկել: Այս անգամ, սակայն, ադրբեջանական պատվիրակները փորձել են դա անել`ներքաշելով ՌԴ-ն` օգտագործելով ՆԱՏՕ ԽՎ-ն որպես հակառուսական պլատֆորմ: Ադրբեջանական պատվիրակը ՌԴ-ի հետ կապված զեկույցի համատեքստում փորձել է ընդգծել ՌԴ-ի դերը կոնֆլիկտների կարգավորման գործում`հայտարարելով, որ ՌԴ-ն Հայաստանին արտոնյալ պայմաններով`վարկային միջոցների հաշվին, զենք է տրամադրում: «Քանի որ ՌԴ-ն չի մասնակցում այս վեհաժողովի աշխատանքներին, Ադրբեջանի նպատակը եղել է ցույց տալ` ՌԴ-ի բացասական դերակատարումը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի ԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը`հավելելով. «Ադրբեջանը փորձում է տանել հակառուսական գիծ ընդդեմ Հայաստանի, բայց դա մանր ժուլիկության է նման`ՌԴ թիկունքում»:

«Նրանց բացակայությամբ նման բաներ ասելը, իսկ հետո գնալ «եղբայրական համաձայնագրեր կնքել նրանց հետ» Էդմոն Մարուքյանը ծիծաղելի եւ ոչ ազնիվ է համարում:

ՌԴ-ի կողմից Հայաստանին արտոնյալ պայմաններով զենքի վաճառքի մեղադրանքին ի պատասխան հայկական պատվիրակությունը հակադարձել է՝վկայակոչելով, որ Ադրբեջանը ՌԴ-ից եւ մի շարք այլ երկրներից հարձակվողական զենքեր է ձեռք բերում։

Այսպիսով ավարտվել է հայ-ադրբեջանական երկխոսություն-բանավեճը: Եվրոպացի պատգամավորները չեն արձագանքել: Կոչ է հնչել ուղղակի ավելի հանդարտ քննարկել վիճելի հարցերը: «Եվրոպական պատվիրակները ուղղակի հոգնել են այդ, այսպես ասած, բախումներից: Մենք մասնակցում ենք օրակարգային հարցերի քննարկումներին, եթե մեղադրանք հնչում է, իհարկե, պատասխանում ենք, բայց մենք ցույց ենք տալիս, որ մեր խնդիրը Ադրբեջանին արձագանքելը չէ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Մանրամասները`տեսանյութում

Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության խնդիրների վերաբերյալ քննարկումների ժամանակ էլ Ադրբեջանը փորձել է առաջ քաշել իր տարածքային ամբողջականության խնդիրը, ինչը մերժվել է վեհաժողովի կողմից: Մինչ այդ մերժվել է նաեւ ուկրաինացի պատվիրակի համանման հարցը:

«Զեկույցը և բանաձևի նախագիծը անդրադառնում էր միայն Սևծովյան տարածաշրջան մուտք ու ելք ունեցող երկրներին, իսկ ադրբեջանական պատվիրակություն փորձ արեց ընդլայնել շրջանակը և այնտեղ ընդգրկել նաեւ Սևծովյան տարածաշրջանին հարող երկրները, որը ենթադրում էր նաև Ադրբեջանը։ Նրանց առաջարկն էր ընդլայնել Սևծովյան շրջանականը և այնտեղ ներառել բոլոր հակամարտությունները և դրանց կարգավորման հիմքում դնել բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այս մոտեցումը մերժվեց՝ պատճառաբանելով որ զեկուցը և բանաձևը միայն նեղ շրջանակով են ընկալում սևծովյան շրջանակը»,-մանրամասնեց Էդմոն Մարուքյանը:

Վեհաժողովի արդյունքում հայկական կողմին անհանգստացնող որևէ ձևակերպում վերջնական փաստաթղթում չի ընդգրկվել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031