Ամիսներ առաջ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում Հայոց բանակի խնդիրներին համաժողովրդական աջակցություն ցուցաբերելու կոչով հանդես եկավ: Այսօր արդեն վիրավոր զինվորների համար նախատեսված եւ անհրաժեշտ մի շարք պարագաներ` օրթոպեդիկ սարքեր, կոշիկներ, բազմաֆունկցիոնալ սայլակներ, հենակներ, անվավոր հենակներ, շինաներ եւ օգնության այլ միջոցներ եկել են Հայաստան: Արձագանքելով պաշտպանության նախարարի կոչին՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում գործող ABC Global Med ձեռնարկության եւ բժիշկ Վարդան Խաչատրյանի ընտանիքի կողմից կազմակերպվել է բարեգործական ակցիա, որն առաջին անգամ չէ:
Բոլոր այդ պարագաներն օրերս հատկացվել են Սյունիքի մարզի կայազորային հոսպիտալին: Պարոն Խաչատրյանն անձամբ է այն բաշխել:
Ինչպես տեղեկացրեց բժիշկ Խաչատրյանը, օգնության մի մասը կտրամադրվի մարզի բուժկազմակերպություններին: Պարոն Խաչատրյանն ասաց, որ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի մասնակցությամբ քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները:
Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ օգնության տեղափոխման հարցում աջակցել է Սյունիքի մարզպետ պարոն Վահե Հակոբյանը:
Լ. Բ.
«Առավոտ»
17.10.2017