Լրահոս
Օրվա լրահոսը

Տեքստը հրապարակվեց, որ կանխվեն շահարկումները. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 17,2017 10:54

Հարցազրույց հանրապետության նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, քաղաքագետ ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ

Չնայած Հայաստանի եւ Եվրամիության պաշտոնյաների հայտարարություններին, թե ՀՀԵՄ համաձայնագիրը կարող է հրապարակվել միայն վերջնական ստորագրվելուց հետո՝ այն օրերս հրապարակվեց: Ինչո՞ւ Եվրահանձնաժողովը դիմեց նման քայլի՝ շրջանառելով վերջնական չստորագրված փաստաթուղթը: Ի՞նչ նպատակ է այս քայլը հետապնդում:

-Չեմ կարծում, որ կա հատուկ կամ հեռուն գնացող նպատակ, չնայած չի կարելի նաեւ բացառել, որ առկա է մարտավարական խնդիր: Նախապես հրապարակել են, որպեսզի չլինեն ավելորդ շահարկումներ, հատկապես մեր հարեւան երկրի՝ Ադրբեջանի կողմից:

Իսկ մենք գիտենք,որ Ադրբեջանն անվերջ շահարկում է այս թեման։ Եթե հետեւեք ադրբեջանական մամուլին, կհամոզվեք, որ իրենք Հայաստան- ԵՄ համաձայնագիրը փորձում են դիտարկել Ռուսաստանի շահերի համատեքստում, պնդում, թե իբր Հայաստանի այդ քայլն ուղղված է Ռուսաստանի դեմ: Մինչդեռ իրականում նման բան չկա:

Ռուսաստանը չի խոչընդոտում, հակառակը, բավական նորմալ է վերաբերվում ե՛ւ Հայաստանի դիրքորոշումներին, ե՛ւ Հայաստանի կողմից սեփական շահերն իրացնելուն: Բայց քարոզչական դաշտում, որոշ վերլուծաբանների կողմից, որոնց հիմնական մասը բոլորովին այլ շահեր են հետապնդում, հաճախ կատարվում են անհարկի շահարկումներ:

Իրական քաղաքականությունը մի բան է, հրապարակայի դաշտում ծավալվողը՝ բոլորվին այլ բան: Այս փաստաթղթի շուրջ շատերը դեռ իրենց թույլ կտային շահարկումեր անել ու հանրությանն ուղղորդել բոլորովին այլ ուղղությամբ, ու երկար ժամանակ կպահանջվեր բացատրելու, որ նման բան չկա, եթե փաստաթուղթը շարունակեր մնալ չհրապարակված: Հրապարակումը կկանխի այդ ամենը:

Փաստորեն Ռուսաստանը դեմ չէ այս համաձայնագրի ստորագրմանը, Եվրամիությունն էլ համաձայնագիր է ստորագրում ԵԱՏՄ անդամ պետության հետ, կնշանակի կարող ենք վստահաբար արձանագրել, որ Հայաստանի «եւեւ»-ի քաղաքականությունն ընկալված ու արդարացված է:

-Որեւէ մեկը չէր էլ ասում, որ դա չարդարացված քաղաքականություն է: Այլ հարց է, որ խոշոր խաղացողները երբեմն-երբեմն ճակատ-ճակատի բախվում են: Մեր նպատակը, որպես փոքր երկիր, պետք է լինի չհայտնվել բախումների կիզակետում:

Տեսանք, թե ինչեր տեղի ունեցան Ուկրաինայում: Եվ այն, ինչ ցանկանում էր Ուկրաինան, այսօր Հայաստանը հասնում է առանց ներքին լարվածության, առանց արյունահեղության: Սա երկրի քաղաքականության մեծ ձեռքբերումն է:

Արցախին վերաբերող հատվածում շարադրված է՝ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ՄԱԿի, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով, որոնց թվում են տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշումը։ Այսինքն՝ համաձայնագրում որեւէ նոր ասելիք չկա:

-ՀՀ-ԵՄ համաձայնագրում տեղ գտած այս ձեւակերպումը որեւէ ռիսկ չի պարունակում, հակառակը, այն բխում է հայկական երկու պետությունների շահերից: Այն, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, միջազգային սկզբունքներին համապատասխան՝ հայկական կողմերի տեսակետն է, ինչն էլ ամրագրված է փաստաթղթում: Հայաստանն ու Արցախը մշտապես հայտարարել են, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Եթե որեւէ կողմ այդ սկզբունքներն այլ կերպ է հասկանում, դա իր խնդիրն է, բայց ՄԱԿ-ի կանոնադրությունն ազգերի ինքնորոշման իրավունքը ճանաչում է որպես ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք: Իսկ Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունումից հետո Եվրոպայի բազմաթիվ ազգեր ինքնորոշվել են, ստեղծել սեփական պետությունը:

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության սկզբունքին, հայկական երկու պետությունները միշտ էլ հայտարարել են, որ հարգում են այդ սկզբունքը: Բայց այստեղ խնդիրը Արցախի ինքնորոշման հարցն է. ԽՍՀՄ օրենսդրական հնարավորություններն օգտագործելով՝ Արցախն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031