1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման խնդիրը ԵՄ-ում է եւ ոչ Մոսկվայում:
– Պարոն Շահնազարյան, հոկտեմբերի 16-ին Ժնեւում երկար դադարից հետո կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ի՞նչ տպավորություն ստացաք բանակցություններից:
– Ակնհայտ է, որ Ժնեւում քիչ առաջ ավարտված հանդիպման ե՛ւ փաստը, ե՛ւ օրակարգը, ե՛ւ արդյունքը, դատելով արտգործնախարարների եւ համանախագահների տարածած համատեղ հայտարարությունից, հիմնականում բավարարում են հայկական կողմին՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի: Ինչպես նշվել է հայտարարության մեջ, բանակցություններն ընթացել են շփման գծում լարվածությունը թուլացնելու լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ, որից խուսափում էր Ադրբեջանի նախագահը: Հատկանշական էր, որ Ժնեւի հանդիպման մեկնարկից մինչեւ բանակցությունների ավարտն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական մամուլը Ժնեւի հանդիպման մասին տեղեկություններ էր հայտնում, լուսանկարներ հրապարակում՝ հղում անելով ՀՀ նախագահի մամլո քարտուղարին: Պետք է արձանագրել, որ Ալիեւին ոչ միայն չհաջողվեց խուսափել Ժնեւի հանդիպումից, այլեւ բանակցություններն անցան հայկական կողմի օրակարգով, եւ առհասարակ տպավորություն էր, կարծես Ալիեւին կառափնարան էին բերել: Միջազգային ներկայիս զարգացումներում մեզ համար բավական բարենպաստ պայմաններում էր Ժնեւի հանդիպումը:
– Ժնեւի հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է «առանց որեւէ նախապայմանի». «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում նշեցին, որ իրենց նպատակն է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը, սակայն նրանք չհիշատակեցին անցյալ տարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման պահանջը: Պարոն Շահնազարյան, պաշտոնական Երեւանը հետքա՞յլ է արել իր դիրքորոշումից, այլեւս չի՞ պնդում դրանց կատարումը:
– Բացարձակապես ոչ: Իրականում Ալիեւն է իր դիրքերից զիջում կատարել՝ համաձայնելով Ժնեւի հանդիպմանը: Խոսելով «առանց նախապայմանների» բանակցությունների մասին՝ Ալիեւը փորձում է ակնարկել, որ օրակարգում չպետք է լինեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները եւ ընդհանրապես շփման գծի վերաբերյալ որեւէ հարց, սակայն վստահ եմ, որ Ժնեւում քննարկվել են այդ հարցերը, ու նույնիսկ ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել (այլ խնդիր է՝ կաշխատե՞ն դրանք, թե՞ ոչ, կարծում եմ, որ ոչ): Այլ հարցեր չկային էլ քննարկելու: Չեմ բացառում, որ հանդիպումից առաջ իրենց հայտարարությամբ համանախագահները դիվանագիտական քայլ արեցին՝ Ալիեւին դեմքը փրկելու հնարավորություն տալով, որովհետեւ Ժնեւի հանդիպման կազմակերպումը չափազանց կարեւոր էր համանախագահող պետությունների եւ Հայաստանի համար, մինչդեռ Ալիեւն ամեն կերպ փորձում էր խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում բանակցությունների վերադառնալուց: Պարզապես պետք է նկատի ունենալ, որ Ալիեւի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին, եւ դրանց առանձնապես ուշադրություն չարժե դարձնել: Առհասարակ, Ալիեւի համար անընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, հիմա նրա բոլոր ջանքերն ուղղված են եվրոպական կառույցներին եւ ԵՄ անդամ պետություններին:
– Եվրոպական կառույցների ուղղությամբ Ադրբեջանի քայլերի նպատակը ո՞րն է, ինչի՞ է ձգտում հասնել Ադրբեջանը:
– Միջազգային հանրությունը՝ ԵՄ-ն, եվրոպական այլ կառույցներ, ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հստակ տարանջատում են նախկին Խորհրդային Միության տարածքում գոյություն ունեցող բոլոր մյուս հակամարտություններից: Եվրոպական կառույցների բոլոր հայտարարություններում նախկին Խորհրդային Միության տարածքի հակամարտությունների վերաբերյալ ընդգծվում է տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման պահանջը, մինչդեռ ԼՂ հակամարտության դեպքում շեշտվում է հետեւյալը, որ այս կամ այն կառույցը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, որը Ալիեւի համար անընդունելի է, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն առաջնորդվում է երեք միջազգային սկզբունքներով՝ պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքներով:
Վերջին շաբաթներին Ալիեւն, ըստ էության, վերջնագիր էր ներկայացնում եվրոպական կառույցներին եւ ԵՄ անդամ պետություններին, անգամ սպառնաց, որ Ադրբեջանը դուրս կգա ԵԽ-ից: Ո՞րն է Ալիեւի նպատակը: Երկու տարի առաջ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում ընդունված համընդհանուր հռչակագրում ամրագրվեց, որ գագաթնաժողովի մասնակիցները աջակցում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերը, այդ թվում՝ նրանց եւ նախագահների 2009թ. հայտարարությունները։ Երկու տարի առաջ այդ հռչակագրի ընդունումից անմիջապես հետո Ալիեւը, ապա՝ Մամեդյարովը լքեցին Ռիգայի գագաթնաժողովը: Հիմա Ադրբեջանը փորձ է անում Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում հասնել նրան, որպեսզի ընդունվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն՝ ի պաշտպանություն տարածքային ամբողջականության սկզբունքի, այսինքն՝ ձգտում են Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրի ձեւակերպումն արմատապես փոխել:
Չեմ կարծում, որ Ադրբեջանը հաջողության կհասնի, բայց հստակ տեղեկություններ ունեմ, որ ԵՄ անդամ երկու պետություններ, առայժմ թույլ տվեք չասել, թե դրանք որ երկրներն են, Ադրբեջանի այդ նպատակի իրագործման ուղղությամբ աշխատանքներ են տանում: Ակնհայտ է, որ եթե Ադրբեջանի ակնկալած ձեւակերպումն ընդունվի հռչակագրում (ինչը գրեթե անհավանական եմ համարում), ապա ուղղակի անիմաստ կդառնա ԵՄ-Հայաստան նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Հայկական դիվանագիտությունը, եւ ոչ միայն, նաեւ՝ ողջ քաղաքական դաշտը, ՀԿ-ները, փորձագիտական հանրությունը լուրջ եւ հսկայական աշխատանք պետք է տանեն մինչեւ նոյեմբերին կայանալիք Բրյուսելի գագաթնաժողովն այս ուղղությամբ, որպեսզի Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրի ձեւակերպումները պահպանվեն, եւ որ որոշ երկրներ չկարողանան Հայաստանի ու Արցախի համար ոչ բարենպաստ ձեւակերպումների շուրջ անգամ քննարկումներ սկսել գագաթնաժողովում: ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման հարցը մեր արտաքին քաղաքականության թիվ մեկ նպատակն է այսօր: Հայաստանի հետ այդ փաստաթղթի ստորագրումը Բրյուսելի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հիմնական կետերից մեկն է: Երկրորդը՝ «Արեւելյան գործընկերություն-պլյուս» ձեւաչափով երկարաժամկետ գործողության ծրագիրն է, որում ընդգրկված են ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրած պետությունները՝ Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան:
– Այսինքն՝ Հայաստանի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հարցում խոչընդոտներ կա՞ն ԵՄ երկրների միջեւ:
– Այո: Խնդիրը ԵՄ-ում է եւ ոչ Մոսկվայում: Առաջին խոչընդոտի մասին արդեն ասացի: Կա նաեւ երկրորդ խոչընդոտը, որը համարվում է տեխնիկական: ԵՄ անդամ երեք պետություններ (նորից թույլ տվեք չնշեմ այդ երկրները), ըստ իմ տեղեկությունների՝ դեռեւս չեն թարգմանել համաձայնագրի տեքստն իրենց ազգային լեզուներով: Պետք է աշխատանք տանել այդ երկրների հետ, որոնք մինչեւ հիմա ձգձգում են տեքստի թարգմանությունը:
– Բայց անցյալ շաբաթ ԵՄ-ն եւ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակեցին Հայաստանի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի վերջնական ստորագրումը նախատեսվում է նոյեմբերին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին: Դա չի՞ նշանակում, որ գոնե տեխնիկական խնդիրներ այլեւս չկան, եւ ԵՄ-ն վստահ է, որ ստորագրվելու է համաձայնագիրը:
– Հայաստանի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հրապարակվեց Եվրահանձնաժողովի եւ Հայաստանի փոխադարձ համաձայնությամբ: Սա այն փաստաթուղթն է, որը Եվրահանձնաժողովը համաձայնեցրել է եւ ուղարկել է Եվրոպական խորհրդին, որը հաստատելու համար պետք է ստանա անդամ երկրների համաձայնությունը: Սա հարցի իրավական կողմն է, բայց շատ ավելի կարեւոր է քաղաքական կողմը: Չեմ բացառում, որ փաստաթղթի հրապարակմամբ ԵՄ-ն որոշակի ուղերձ հղեց նախ այն պետություններին, որոնք դեռեւս չեն թարգմանել համաձայնագրի տեքստը, ինչպես նաեւ այն երկու պետություններին, որոնք փորձում են Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագրում ալիեւյան դիրքորոշմամբ ձեւակերպումներ մտցնել:
Պատահականություն էր, թե զուգադիպություն, այնուամենայնիվ, ուշագրավ էր, որ համաձայնագրի տեքստը հրապարակվեց Սարգսյան-Ալիեւ Ժնեւի հանդիպումից առաջ: Ընդ որում, փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող ձեւակերպումն ընդհանուր առմամբ ընդունելի է հայկական կողմերի եւ անընդունելի Ադրբեջանի համար: ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման դեպքում, նշեմ, որ այն անժամկետ է, ԵՄ անդամ պետությունները ԼՂ հակամարտության հարցով պետք է առաջնորդվեն փաստաթղթում ամրագրված ձեւակերպմամբ: Սա, ի դեպ, եւս հակասում է այն քաղաքականությանը, որը տանում է Ադրբեջանն այսօր:
Բացի այդ, հարկ է նշել, որ եթե ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատվի Եվրոպական խորհրդի կողմից, անհնար է, որ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի Բրյուսելյան հռչակագրում այս ձեւակերպումներին հակասող ձեւակերպումներ ընդունվեն ԼՂ հակամարտության վերաբերյալ:
Ժնեւյան հանդիպումը էապես նվազեցրեց Ադրբեջանի եւ ԵՄ անդամ պետությունների հնարավորությունները, որոնք փորձ են անում փոխել Ռիգայի գագաթնաժողովում ընդունված հռչակագրում ԼՂ հակամարտության վերաբերյալ ձեւակերպումները: Բացի այդ, վստահ եմ, որ Ժնեւի հանդիպմանը թե՛ փաստը, թե՛ օրակարգը նպաստելու են, որպեսզի Բրյուսելում ստորագրվի ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հ.Գ. Հարցազրույցն արվել է Ժնեւի բանակցությունների ավարտին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության տարածումից անմիջապես հետո:
«Առավոտ»
17.10.2017