Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս գեներալի «լիկբեզը» Երեւանում

Հոկտեմբեր 17,2017 22:00

«Աշխարհում ոսոխ ունի ամեն ոք,
Բայց ընկերներից փրկիր մեզ, Տե՛ր»
Ա.Պուշկին, «Եվգենի Օնեգին», գլուխ 4, 18

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն օրերս ժամանել էր Երեւան՝ ղեկավարելու «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները: Հոկտեմբերի 11-ին ռուս գեներալը ժամանեց «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբ՝ հանդիպելու լրագրողների հետ, զորավարժությունների արդյունքները հրապարակայնորեն ամփոփելու, եւ այդ ընթացքում նա մի ուշագրավ հայտարարություն արեց:

Հայ լրագրողները նրան օրինաչափական հարց ուղղեցին՝ կապված Ադրբեջանի եւ ՀԱՊԿ մեր «առանցքային դաշնակիցների» խորը համագործակցության հետ:

Նախ՝ ուշագրավ էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, որտեղ միակ պետական լեզուն հայերենն է, թարգմանությունն ապահովված չէր, եւ գեներալն անբռնազբոս զրուցում էր «ՀԱՊԿ աշխատանքային լեզու» ռուսերենով, կարծես Սովետի ժամանակներն են, եւ նա ժամանել էր իրեն ենթակա կայազորներից մեկը, այլ ոչ թե օտար, թեկուզ եւ «դաշնակից» երկիր: Ի դեպ, արժե համեմատել, օրինակ, ինչպես է ԱՄՆ դեսպանը ներկայանում տարբեր միջոցառումներին՝ պարտադիր թարգմանչի հետ միասին, եւ նույնը վերաբերում է ԵՄ դեսպանին եւ այլ պաշտոնյաների:

Ինչեւէ, ամեն դեպքում, պետք է արժանին մատուցել ռուս գեներալին նրա տված շիտակ պատասխանի համար. «Եթե որոշ երկրներ գործակցում են, երեւի դրա համար կան այդ երկրների ղեկավարների որոշումներ, որոնք խորն են գնահատում իրավիճակը: Կարծում եմ՝ խնդիրն է հավասարակշռությունը պահելը»:

Եվ այսպես՝ «հավասարակշռություն», այն էլ ռուսական ձեւով: Ի՞նչ է դա նշանակում: Իսկ դա նշանակում է, որ Մոսկվան պետք է շարունակի, շեշտե՛նք՝ հարձակողական սպառազինություն վաճառել Բաքվին, շատ էլ թե նա ոչ միայն այդ ՀԱՊԿ-ի անդամը չէ, այլեւ Հայաստանի հակառակորդն է, որը պատերազմական վտանգի գլխավոր աղբյուրն է, այնուհետեւ, քանզի կարեւորը՝ «հավասարակշռություն» պահելն է, Երեւանին այդ հարձակողական զենքից պաշտպանվելու համար նորանոր զինատեսակներ ձեռք բերելու համար վարկեր տա եւ Երեւանի գլխին տոկոսի «հաշվիչ» միացնի: Ահա եւ բաղձալի «հավասարակշռությունը», քանզի, ինչպես դա բացատրում են ռուսական պրոպագանդայի խոսափողները, եթե դա չանեն ռուսները, ապա «դա կանի ՆԱՏՕ-ն», իսկ ռուսները «պետք է պահպանեն ազդեցությունը տարածաշրջանում»:

Իհարկե, Մոսկվան թքած ունի, որ իր մատակարարած հարձակողական զինատեսակներից ամենահեռահարները հայտնվել են Նախիջեւանում եւ ուղղակիորեն սպառնում են Արարատյան դաշտի բնակավայրերին, այդ թվում՝ Հայաստանի մայրաքաղաք Երեւանին: Դրանից նրանց բաղձալի «հավասարակշռությունը» չի տուժում: Ավելին, Մոսկվան իր վստահության պակասը լրացնելոու համար Երեւանին պարտադրում է մի փաստաթուղթ, ըստ որի՝ ռուսները պետք է «վերահսկեն» իրենց վաճառած սպառազինության «նպատակային գործածումը», մինչդեռ նման փաստաթուղթ չկա Ադրբեջանի պարագայում: Բացի դրանից, Բաքուն կաշկանդված չէ իր հարաբերություններում այլ երկրների հետ: Հայտնի է, որ Ադրբեջանը կանոնավոր կերպով զորավարժություններ է անցկացնում իր տարածքում Վրաստանի եւ Թուրքիայի զինված ուժերի հետ, մինչդեռ Հայաստանը, որը մի քանի անգամ մասնակցել է Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի զորրավարժություններին, չի կարող նույնկերպ հրավիրել վրացիներին Հայաստան, քանի որ պետք է, ասենք, իր «դաշնակիցներ» Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի հետ հարցը «համաձայնեցնի», չհաշված Կրեմլը, որն ուղղակի կոնֆլիկտի մեջ է Վրաստանի հետ:

Մինչդեռ չմոռանանք, թե ինչ խանդի տեսարան էր սարքել ռուսական մամուլը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Չինաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում արված հայտարարությունից հետո, որ Հայաստանը կարող է ձեռք բերել նաեւ չինական սպառազինություն

Ի դեպ, «հավասարակշռության» մասին: Ուկրաինան ԱՄՆ-ից ցանկանում է գնել բացառապես պաշտպանական նշանակության «Ջեյվելին» հակատանկային համակարգեր՝ հաշվի առնելով, որ ԼՆՌ-ԴՆՌ կոչված ռուսամետ կիսաքրեական կազմավորումները Դոնբասում զինված են ավելի քան 700 տանկերով (տվյալները՝ հուլիս 2016թ), մինչդեռ ինքը՝ Ուկրաինան, մի քանի անգամ պակաս: Եվ ի՞նչ. Մոսկվան մշտապես հայտարարում է, որ այդ հակատանկային համակարգերի տրամադրումն Ուկրաինային «ապակայունացում» է, եւ կարծես, «հավասարակշռություն» կոչվածը մոռացվում է, քանզի Ուկրաինան պետք է մշտապես մնա վտանգի ներքո:

Նույնը՝ Վրաստանի պարագայում: Ռուսաստանը 2008-ին հարձակվել է Վրաստանի վրա, նրանից տարածքներ օկուպացրել, այնտեղ ռազմաբազաներ տեղադրել՝ դիմակայության գիծն անցկացնելով Թբիլիսիից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրի վրա, որն էլ պարբերաբար տեղաշարժում է դեպի առաջ: Բայց ահա, երբ Վրաստանը փորձում է դրան դիմագրավել, համագործակցելով ՆԱՏՕ-ի հետ, դա, ըստ ՌԴ ԱԳՆ-ի վերջին հայտարարության, «տարածաշրջանային անվտանգության համար իրական սպառնալիք է»: Այսինքն՝ Մոսկվան եւ Բաքուն երբ «մտադիր են զարգացնել համակողմանի ռազմատեխնիկական համագործակցությունը», ինչի մասին խոսում են Զաքիր Հասանովը եւ Սերգեյ Շոյգուն, եւ դա ուղղակի ֆիզիկական սպառնալիք է Հայաստանին եւ Արցախին՝ դա տարածաշրջանային անվտանգության սպառնալիք չէ, իսկ ահա Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության հետագա խորացումը «սպառնալիք» է:

Այո, դիվանագիտական լեզվից պարզ ռուսերենի թարգմանած՝ Մոսկվան Հայաստանի կշտամբանքներին պատասխանում է շատ պարզ. «Շատ էլ լավ ենք անում, ավելին ենք անելու, պատրաստվեք եւ շատ մի հուզվեք: Կարող եք՝ մեր դեմը կտրեք, չեք կարող՝ ձայներդ կտրեք»: Իսկ իր իսկ դոգմատիզմի պատանդ Երեւանին մնում է վերջինը:

Իհարկե, ամենավերջին բանը որ պետք է անել՝ դա Մոսկվայից, Մոսկվայի քաղաքականության էությունից նեղանալն է: Եթե նեղանալ, ապա նրանից, նաեւ՝ նրանցից, ով այդքանից հետո Մոսկվային համառորեն կոչում է «դաշնակից»: Որովհետեւ այդ դեպքում հարց է առաջանում. իսկ այդ դեպքում հակառակորդը ո՞րն է:

Ասում են, սուլթան Սուլեյման Բռնաբարից Վիեննան փրկած Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկու թրի վրա փորագրված էր. «Հեռու մնա անհավատարիմ ընկերներից, իսկ թշնամիներիցդ ես կպաշտպանեմ»:

Ռուբեն Մեհրաբյան

«Առավոտ»

17.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031