Սեպտեմբերի 18-20-ը Հայաստանում անցկացված Հայաստան–Սփյուռք 6-րդ
համաժողովն ամփոփվեց ոչինչ չասող հայտարարության տեքստով, իսկ մինչեւ համաժողովը բուռն քննարկվող հարցը՝ համահայկական խորհուրդ ձեւավորելու անհրաժեշտության մասին, համաժողովի վերջում այլեւս չհիշատակվեց։ Հիշեցնենք, որ ամփոփիչ հայտարարությունում անորոշության մեջ ընդամենը հիշատակվեց խորհրդի ձեւավորման մասին:
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը երեկ տեղեկացրեց, որ արձակուրդում է, սակայն կարծիք հայտնեց, որ խորհրդի ձեւավորումը «մեկ օրվա բան չէ», տարիներ կտեւի։ Ասաց, որ մեզ հուզող հարցերին իրավասու է պատասխանել նախարարության հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը։ Միակ կոնկրետ բանը, որ Արշակյանը մեզ հայտնեց, այն է, որ Համահայկական խորհուրդը կձեւավորվի հաջորդ տարի, առաջին նիստը նախատեսված է մայիսին։
Սակայն հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ ժամկետն ինչ-ինչ պատճառներով հետաձգվի, Արշակյանն ասաց, որ չի կարող պատասխանել։ «Այն, որ Սփյուռքում բոլորը ցանկանում են նման կառույց, ես կարող եմ դա ասել, համահայկական կառույցները մեծապես հետաքրքրված են նման կառույցի ձեւավորմամբ, բայց ինչ ձեւաչափով, ինչ ֆորմատով, ես ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց Գրիգոր Արշակյանը՝ տեղեկացնելով նաեւ, «Համահայկական համաժողովի ընթացքում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որի արդյունքում որոշվեց, որ մայիսին տեղի կունենա Համահայկական խորհրդի առաջին նիստը։ Թե ընթացքում երբ, որտեղ, ինչ քննարկումներ կլինեն, իրավական այլ հարցերի չեմ տիրապետում։ Դա մեկ օրվա լուծվելու հարց չէ, տարբեր քննարկումներ պետք է կազմակերպել, բոլորի ցանկությունները պետք է հաշվի առնվեն»։
Արշակյանը հավելեց, որ մի քանի ամիս հետո միայն կհստակեցվի, թե որտեղ են քննարկումները կազմակերպվելու, ում մասնակցությամբ, ինչ ձեւաչափով. «Ի վերջո, այդ կառույցի ձեւավորման աշխատանքները ոչ թե սփյուռքի նախարարությունն է իրականացնում, այլ՝ Սահմանադրական դատարանը»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում