2015 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր հարցաքննվեց նույն համալսարանի կուրսանտ Գոռ Ասլանյանը: Վերջինս դատարանում հայտնեց, որ լավ չի մտաբերում դեպքի մանրամասները, ինչի համար դատարանի որոշմամբ, հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը:
Գոռ Ասլանյանի ցուցմունքի համաձայն, Հայկազ Բարսեղյանին կախված վիճակում հայտնաբերելու օրը, ինքը՝ շարքում կանգնած, փորձել է մի քանի անգամ հետ շրջվել՝ տեսնելու Հայկազին կախված վիճակում, բայց Գնել Թեւոսյանն անընդհատ դիտողություն է արել՝ հետ չնայի, իսկ երբ երկրորդ անգամ հետ է նայել, Գնել Թեւոսյանը սպառնացել է՝ «եթե մի անգամ էլ շրջվես, տանելու եմ Հայկազի կողքին կախեմ»:
Բացի այդ՝ Գոռ Ասլանյանը իր ցուցմունքում հայտնել էր, որ չի հավատում, որ դեպքի նախորդող օրը Հայկազ Բարսեղյանը հրաժարվել է իր համազգեստից: Հիշեցնենք, որ տարածված լուրերի համաձայն՝ սեպտեմբերի 21-ի տոնական համերգից վերադառնալուց հետո Հայկազ Բարսեղյանը մտնելով սենյակ, հանել է իր տոնական համազգեստն ու հարցրել՝ ում է այն պետք՝ պատճառաբանելով, որ գուցե ինքն այլեւս վաղը չլինի: Վկայի խոսքով, երբ ինքը իմացել է, որ Հայկազի դեպքը ոչ թե ինքնասպանություն է, այլ՝ սպանություն, մտածել է, որ հենց սպանություն կատարողներն էլ այդ լուրերը տարածել էին, որ Հայկազի դեպքը ինքնասպանություն դիտվի:
Հիշեցնենք, որ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Երկու տարի ծամոնի նման ծամում են պարզից պարզ գործը: Դեպքը տեղի է ունեցել ոչ թե մութ անտառում, այլ զինվորական ուսումնարանում, որտեղ ամեն ինչը հսկողության տակ է (կամ պետք է լիներ, ըստ սկզբունքի): Այն ունեցել է շատերին հայտնի նախապատմություն ու հանցավոր թողտվության հանգամանքներ: Ուրեմն ինչու են բարոյական ու հոգեբանական տառապանքների ենթարկում վշտահար հարազատներին? Որը կարող է լինել այս քաղաքականության նպատակը, եթե ոչ նրանց հոգնեցնելը, կամքը կոտրելն ու հուսահատության հասցնելը, որպիսզի դադարեն բողոքելուց: Ուրիշ ինչ կարելի է մտածել???