– Ձեզ, նախագահողին, բացարկ ներկայացնելու անհրաժեշտություն ա արդեն առաջանում: Մի անջատեք իմ խոսափողը: Դուք չեք կարողանո՞ւմ ինձ լսել:
– Մենք պետք է ապացույցները հետազոտենք…
– Ես էլ ասում եմ, որ ոչ թե ապացույցները պետք է հետազոտեք, այլ ձեր մասնակցության վերաբերյալ…
– Դուք հիմա ձայնագրում եք դռնփակ նիստը, հարգելի լրագրողներ եւ խորհրդի անդամ չհանդիսացող անձինք, լքեք դահլիճը:
– Ես առարկություն եմ ներկայացնում դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ: Մի հատ ձեր խոսափողն անջատեք եւ ինձ լսեք: Իմ խոսափողը մի անջատեք:
– Անջատում եմ, որովհետեւ խանգարում ես:
– Իմ հետ «դու»- ով չխոսես:
-Դուն- դու ես:
Այս լեզվակռիվն այսօր եղավ փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի քննության ժամանակ` Տիգրան Եգորյանի եւ նիստը նախագահող Կարեն Մեժլումյանի միջեւ: Հիշեցնենք, Տիգրան Եգորյանի դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի բողոքի հիման վրա: Բողոքաբեր անձինք կարծում են, որ Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի`Արթուր Սարգսյանի «Հաց բերողի», ծանր հիվանդության (բեխտերևի հիվանդություն) առկայության մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոցը` կալանքը, փոխելու ուղղությամբ։
Այսօր, մինչ Տիգրան Եգորյանի նիստին ներկայանալը Փաստաբանների պալատի խորհուրդը հետազոտվեց հունվար ամսին Hetq.am-ին Արթուր Սարգսյանի տրված հարցազրույցը: Հարցազրույցում, լուսահոգի Արթուր Սարգսյանը պատմում է, որ առաջին օրվանից իր չորս փաստաբանները հայտարարություններ էին անում իր հիվանդության եւ այն մասին, որ դա անհամատեղելի է կալանքի հետ: Ընդհատումներով 12 ժամ տեւած նիստում դատարանին ներկայացվել են Արթուր Սարգսյանի հիվանդության հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Դատարանը դրանք չէր ընդունել: «Ես բացահայտ ասում եմ, որ արդարադատության նախարարը հայտարարեց, թե տեղյակ չեն եղել, սուտ էր ասում: Այդ հայտարարությամբ նա նաեւ վարկաբեկում էր այն մարմիններին, որոնք քննչական եւ հետաքննչական գործողություններ են արել իմ հետ եւ նախարարը փաստում է, որ այդ կառույցը լավ չի աշխատում»,- հարցազրույցում ասում է Արթուր Սարգսյանը`հավելելով, որ Նուբարաշեն ՔԿՀ-ն որեւէ դեղորայք իրեն չի տրամադրվել. «ՔԿՀ-ի անձնակազմը, բացի բժշկականից, մնացած բոլորը մարդկային վերաբերմունք են ցուցաբերել: Մարդը 25 օր գտնվի ծանր վիճակում, բժշկի հետ հանդիպում ուզի եւ դա տեղի չունենա»:
Նիստին փոքր-ինչ ուշացումով ներկայացած Տիգրան Եգորյանը բացարկի դիմում ներկայացրեց խորհրդի անդամներից Մելանյա Առուստամյանի նկատմամբ: Պատճառն այն է, որ դեռեւս 2016 թվականին տարբեր վարույթներով բացարկ էր հայտնվել Մելանյա Առուստամյանին`իր, Լուսինե Հակոբյանի, Դավիթ Գյուրջյանի նկատմամբ անկողմնակալ եւ անաչառ վերաբերմունք չդրսեւորելու համար: Տիգրան Եգորյանը համարում է, որ Մելանյա Առուստամյանն այս դեպքում էլ չի կարող անաչառ լինել, քանի որ քննարկվող հարցը Տիգրան Եգորյանի կարգապահական վարույթով էր:
Տիգրան Եգորյանը հիշեց, որ այս գործով առաջին նիստի ժամանակ, երբ Մելանյա Առուստամյանին բացարկ էր ներկայացրել եւ խորհուրդը չէր բավարարել այն, վերջինս հայտարարել էր, որ իր համար վիրավորական է, որ իրեն չեն վստահում եւ հեռացել էր: «Հիմա կո՞ւլ եք տվել ձեր վիրավորանքը, թե վերաիմաստավորել եք վիրավորվածության նկատմամբ ձեր ընկալումները»,- Մելանյա Առուստամյանին հարցրեց Տիգրան Եգորյանը: Բացի այդ, նա նկատեց, որ այս գործով հինգ նիստերից չորսին Մելանյա Առուստամյանը չի մասնակցել: «Նման մոտեցումները թույլ են տալիս Փաստաբանների պալատը սոցցանցերում «փաստաբանների պալատկա» անվանելու»,- ասաց Տիգրան Եգորյանը: Կարեն Մեջլումյանը հորդորեց հարգալից լինել պալատի նկատմամբ: Տիգրան Եգորյանը հորդորեց`լուրջ վերաբերվել խորհրդի նիստերին եւ նորմալ չհամարել այն, որ մարդիկ կարող են նիստերին չմասնակցել, բայց գալ որոշում կայացնելու հավակնություններով:
Մելանյա Առուստամյանը հայտարարեց, որ իր կարծիքով բոլոր գործերով ինքն անաչառ եւ անկողմնակալ է: Մնացածը`«իրենց կարծիքն է»:
Կո՞ւլ է տվել Մելանյա Առուստամյանը վիրավորանքը, կամ վերաիմաստավորել իր մոտեցումները`տեսանյութում:
Խորհուրդը մերժեց Մելանյա Առուստամյանին բացարկի դիմումը: Այնուհետեւ, Տիգրան Եգորյանը բացարկ հայտնեց խորհրդի մեկ այլ անդամի`Կարապետ Աղաջանյանի նկատմամբ էլ: Վերջինս եվս առաջին նիստում բացարկի դիմումից հետո հեռացել էր նիստից: Դա Տիգրան Եգորյանը դիտարկել է հարգանք`իր բերած փաստարկների նկատմամբ, մանավանդ, բավական տհաճ եւ երկուստեք վիրավորական բանավեճից հետո: «Հիմա չեմ հասկանում ի՞նչ է փոխվել, որ որոշել եք մասնակցել նիստին»,- հարցրեց Տիգրան Եգորյանը: Կարեն Մեջլումյանը հիշեցրեց, որ խորհրդի անդամը չպետք է բացատրություններ ներկայացնի խորհրդի նիստերին իր մասնակցության համար եւ քանի որ գրավոր բացարկ չներկայացվեց, խորհուրդը անցավ ապացույցների հետազոտմանը: Տիգրան Եգորյանն առարկեց. «Քանի որ գրավոր բացարկ չկան» չի կարող հիմք լինել նիստը շարունակելու: Հնարավորություն չեք տալիս միջնորդություն ներկայացնել եւ ժամանակ խնդրել`Կարապետ Աղաջանյանին գրավոր բացարկի ներկայացնելու»: Կարեն Մեջլումյանը խորհրդին առաջարկեց ժամանակ տրամադրելու միջնորդությունը մերժել: «Անընդհատ չեք կարող իմ բերանը փակել»,- հայտարարեց Տիգրան Եգորյանը:
Լեզվակռվի այլ մանրամասները`տեսանյութում:
Այս պահին, փակ նիստում Տիգրան Եգորյանը շարունակում է բացարկի դիմումներ ներկայացնել խորհրդի այլ անդամներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ