«Տեսնենք`Ալիևը կպահի՞ պայմանավորվածությունը»,-Aravot.am-ի հարցին` հնարավոր կլինի՞ պահել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պայմանավորվածությունը` միջոցներ ձեռնարկել լարվածությունն էլ ավելի թուլացնելու համար, որ առաջնագծում չունենանք զոհեր, այսպես պատասխանեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպումից հետո շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց. «Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք»:
Սուրեն Սարգսյանն ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են թուլացնել լարվածությունը։ Ըստ նրա`կարևոր է նաև այն, որ ըստ ԱԳՆ-ի` հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում. «Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում»:
Նշենք, որ երկու նախագահների հանդիպումից հետո բավականին սուղ տեղեկություններ տարածվեցին: Միակ տեղեկատվությունը հանդիպման օրակարգի, այլ մանրամասների մասին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի` թվիթերյան էջում գրառումն էր. «Բանակցություններն ավարտվեցին, Ալիևը լքեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջ.կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը»:
Ըստ Սուրեն Սարգսյանի` նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցներն էին հղում կատարում այս հայտարարությանը: Դրան հետևեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որտեղ նշվում է` Ալիև-Սարգսյան հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:
Տեղեկատվություն ենք ստանում նաև հանդիպման, հանդիպումից հետո նախագահների միջև դեմ առ դեմ զրույցը ներկայացնող լուսանկարներից: Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի տրամադրությունը բավականին բարձր է:
Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեցինք`ի՞նչ արդյունքներ կարող ենք արձագանքել Ալիև-Սարգսյան հանդիպումից` հատկապես շատերի համար զարմանալի է, թե ինչո՞ւ է հանդիպումից հետո արված լուսանկարում Սերժ Սարգսյանի տրամադրությունն այդքան բարձր: Կարելի է կանխատեսել, որ բանակցային գործընթացի նոր փո՞ւլ է մեկնարկում տևական դադարից հետո: Ըստ Սուրեն Սարգսյանի` արդյունքների մասին խոսելը վաղ է. «Լրատվությունն իրոք քիչ է, որ հասկանանք ինչի շուրջ են խոսել երկու նախագահները: Տեսել եք, որ հանդիպումից անմիջապես հետո նաև դեմ առ դեմ զրույց են ունեցել նախագահները: Դժվար է ասել, թե այդ հանդիպումն ու քննարկումը որքան է տևել և ինչի մասին են խոսել: Ճիշտ է` Սերժ Սարգսյանի տրամադրությունը բավականին բարձր էր լուսանկարներով, իսկ թե նոր տեղեկություններ երբ կլինեն, դժվար է ասել»:
Մեր այն դիտարկմանը` անշուշտ պատահական չէր այն, որ երկու նախագահների հանդիպումից առաջ հրապարակվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի տեքստը, սա արդյոք առավելություն տվե՞ց Սերժ Սարգսյանին Ալիևի հետ հանդիպման ընթացքում, պարոն Սարգսյանը նշեց, թե համաձայնագրի տեքսի հրապարակումը որևէ բանի հետ կապ չուներ, առավել ևս այդ հանդիպման և ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման հետ:
Սուրեն Սարգսյանը ցանկացած պարագայում համարում է, որ բանակցային գործընթացի առկայությունը կարևոր է, քանի որ բոլորս ենք գիտակցում, որ եթե չկան բանակցություններ, ապա կան ռազմական գործողություներ. «Պետք է հասկանանք, որ եթե նախկինում ձեռք բերված` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն կատարվել Ադրբեջանի պատճառով, դա չի նշանակում, որ դրանք մոռացվել կամ շրջանցվել են: Հնարավոր է` բանակցային գործընթացում կան խնդիրներ մինչև այդ պայմանավորվածությունների կատարումը:
Իսկ պայմանավորվածությունները լինելու են օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ դրանք Ադրբեջանի կողմից չեն կատարվել, քանի որ բոլորը հասկանում են այդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը: Իսկ այս հանդիպմանը այն, ինչին մասին նախագահները խոսել են, կարծում եմ առանձին հարցեր են, որոնք հնարավոր է կապ չունեն այդ երկու պայմանավորվածությունների կատարման գործընթացի հետ:
Մեր այն դիտարկմանը, թե այս հանդիպումը, թերևս, առանձնանում է նաև նրանով, որ այն Սերժ Սարգսյանի` նախագահի պաշտոնում վերջին հանդիպումը կարող է օգնել, պարոն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ` որոշ հարցերի շուրջ համաձայնություն եղել է: Սերժ Սարգսյանի դրական տրամադրությունը դրանով է պայմանավորված: Երբ ասում եմ որոշ հարցեր, նկատի ունեմ ոչ կարևոր, սակայն երկրորդական հարցեր, որոնք կարևոր են այս հանդիպումներում: Հնարավոր է էլի լինեն հանդիպումներ մինչ ապրիլ, երբ ավարտվում է ՀՀ նախագահի լիազորությունները: Իսկ ապրիլից հետո վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի փորձն ու գիտելիքները կրկին օգտագործվելու են բանակցային գործընթացում»:
Մեր հիշեցմանը` սովորաբար նման հանդիպումներից հետո Ադրբեջանը սահմանին ակտիվանում է, ուստի հնարավո՞ր է սահմանային լարվածություն, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Սովորաբար Ադրբեջանը նման հանդիպումներից առաջ է ակտիվանում սահմանին: Այս անգամ նման ակտիվացման միջադեպ դեռ չի գրանցվել, չեմ բացառում, որ հանդիպումից հետո լինի, քանի որ իրականում այս առումով Ադրբեջանն անկանխատեսելի է»:
Մեր հարցին` արդյոք բանակցությունների հիմնական թեման եղել է հակամարտության գոտում կայունության պահպանումը ու զինադադարի ամրապնդումը և այս նպատակով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված հայտնի պայմանավորվածությունների կատարո՞ւմը, թե՞ կողմերը միջնորդների առաջարկով նաև անցում են կատարել հիմնախնդրի հանգուցալուծման տարրերի կամ կարգավորման ինչ-որ տարբերակների քննարկմանը, Սուրեն Սարգսյանն այսպես պատասխանեց. «Խնդրի հանգուցալուծման մասին խոսելն անիմաստ է, քանի որ դրա հանգուցալուծումն այս բանակցությունների ընթացքում և ավարտից հետո չի երևալու: Բայց մի բան պիտի հասկանալ` հանդիպումները կարևոր են. դրանք մշտապես պետք է լինեն, կողմերը մշտապես շփման մեջ պետք է լինեն, որ մի կողմից լարվածությունը թուլանա, մյուս կողմից էլ կան երկրորդային հարցեր, որոնց շուրջ քննարկումները նույնպես պետք է ընթանան: Ինչ վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին`իմ խորին համոզմամբ դրանք պայմանավորվածություններն օրակարգից հանված չեն, բայց այս անգամ քննարկումները տեղի են ունեցել ոչ թե պայմանավորվածությունների շրջանակներում, այլ այնպիսի հարցերի շուրջ, որոնք կապված չեն եղել այդ պայմանավորվածությունների հետ: Ուստի այս առումով կարծում եմ, որ այդ պայմանավորվածություններին չանդրադառնալը միայն նշանակում է` խնդիրները, որոնք քննարկվել են նախագահների միջև վերջին հանդիպման ժամանակ, այլ են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ