Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցրեց՝ քարեր նետե՞լ են, ասել եմ՝ ես չեմ տեսել, վիդեոն թեքել է, թե՝ հեսա, տե՛ս». Սարի թաղի գործով քննիչը վկայից այսպես է ցուցմունք վերցրել

Հոկտեմբեր 16,2017 19:55

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սարի թաղի ցույցերին մասնակցող Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործով նիստն էր եւ 25 վկայից դատարան էր ներկայացել միայն մեկը՝ Տիգրան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Բոյաջյանը, Ադամյանն ու Ավետիսյանը մեղադրվում են ոստիկանների վրա քարեր նետելու, բռնություն գործադրելու մեջ:

Տիգրան Գրիգորյանը պատմեց, որ դեպքի օրը զանգել է 1-04 գազի գրասենյակ, շատ կոպիտ են պատասխանել, իջել է իր տնից ներքեւ, որ պարզի, թե ինչ է կատարվում: Փողոցում էլ տեսել է, թե ինչպես են մի խումբ քաղաքացիներ ու ոստիկաններ վիճում:

Մեղադրող դատախազը նրան հարցրեց՝ նկատե՞լ եք, որ ոստիկանության աշխատակիցը բռնություն գործադրի քաղաքացիների նկատմամբ, ծեծի ենթարկեն կամ հակառակը: Տիգրան Գրիգորյանը պատասխանեց. «Չէ, այնպես չի եղել, որ տեսնեմ ոստիկանը մի հոգու բռնել, ծեծում է, բայց նկատել եմ, որ ոստիկանը ձեռնոց է հագնում, որ ինչ-որ մեկին խփի, իսկ հակառակը չի եղել»:

Հարցին՝ բազմաթիվ վկաներ նշել են, որ քաղաքացիները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, դուք ականատես եղե՞լ եք՝ վկան պատասխանեց՝ չէ, չի եղել: Սա մեղադրող դատախազին տարօրինակ թվաց, որովհետեւ այս վկան իր նախաքննական ցուցմունքում գրել է, որ տեսել եմ՝ քաղաքացիները քարեր են նետել ոստիկանների վրա, իսկ դատարանում պնդում է, որ չի տեսել նման բան:

Տիգրան Գրիգորյանը պատմեց, թե իրականում ինչպես է քննիչը վկայից կորզել այդ արտահայտությունը. «Ես այն ժամանակ էլ եմ ասել՝ ես չեմ նկատել, վիդեոն դրել է, ասել է՝ ի՞նչ ես տեսնում, քար նետո՞ւմ են, վիդեոյում տեսել եմ, ասել եմ՝ հա»:

Հարցին՝ առանց տեսանյութը դիտելու հայտնե՞լ եք, որ դուք անձամբ տեսել եք, թե ինչպես են քարեր նետում ոստիկանների ուղղությամբ՝ նա հստակ պատասխանեց, որ «վիդեոն եմ միայն նայել»:

Ամբաստանյալներից մեկի փաստաբանը հարցրեց՝ ճի՞շտ հասկացանք, որ այդ վիդեոն դուք մինչեւ ցուցմունք տալը չեք տեսել՝ վկան պատասխանեց՝ չէ. «Հարցրել է՝ քարեր նետե՞լ են, ասել եմ՝ ես չեմ տեսել, վիդեոն թեքել է, թե՝ հեսա, տե՛ս»:

Այս վկայի ցուցմունքում նաեւ նշված էր, որ քաղաքացիները քարերով պատնեշ են սարքել: Մինչդեռ դատարանում վկան վստահեցրեց, որ իր խոսքը եղել է ոստիկանական պատնեշի մասին. «Քարերով չէ, իրանց ոստիկանական պատնեշն է եղել սարքած»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031