Հոկտեմբերի 14-ին` քաղաքամայր Երևանի 2799-ամյակի կապակցությամբ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունեց Բեռլինում գործող երեք հայկական շաբաթօրյա դպրոցների սաներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին:
Իր և ԳԴՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի անունից ողջունելով ներկաներին` դեսպան Աշոտ Սմբատյանն ընդգծեց հայապահպանության գործում դպրոցների ունեցած մեծ դերը:
ՀԵՄԱ հ/կ-ի նախագահ Միքայել Մինասյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ներկայացրեց ՀԵՄԱ-ի հայկական դպրոցի հիմնադրման պատմությունը և կարևորեց սփյուռքում հայկական դպրոցների գործունեության նշանակությունը:
Հայկական դպրոցների սաները միջոցառման ընթացքում կատարեցին Հայաստանի Հանրապետության հիմնը, Էրեբունի-Երևան երգը: Աշակերտները ներկաների համար նախապատրաստել էին նաև հանդես:
Միջոցառման վերջում դեսպան Ա. Սմբատյանը հայկական դպրոցների լավագույն սաներին հուշանվերներ հանձնեց:
Գերմանիայում ՀՀ դեսպանություն