Լրահոս
Օրվա լրահոսը

«Աչքս թող տեսնի». Թևան Պողոսյանը` Ալիև-Սարգսյան պայմանավորվածության մասին

Հոկտեմբեր 16,2017 18:42

«Վաղվանից պարզ կսկսի դառնալ արդյոք հնարավո՞ր է թուլացնել լարվածությունը, թե ոչ»,- Aravot.am-ի հարցին` ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Ժնևում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպումից հետո, հնարավոր կլինի՞ թուլացնել սահմանում լարվածությունը, որ զոհեր չլինեն, այսպես արձագանքեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

Նա նշեց, որ դա խոսքով չեն ապացուցում, այլ գործողություններով: Ըստ Թևան Պողոսյանի, եթե Ադրբեջանը վաղը նորից նոր զենք է գնելու, նորից իր դիպուկահարներին չի քաշելու, ի՞նչ վստահություն, որ նա լարվածությունը փորձում է  թուլացնել. «Ալիևի խոսքի հավատարմությունը դեռ գոյություն չունի: Այլ պարագայում Ալիևը կհայտարարեր`վաղվանից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն եմ սկսում կյանքի կոչել, այլևս սրացումներ տեղի չեն ունենալու, մյուս օրը կսկսի ասել սև ցուցակ գաղափարը հանում եմ, մյուս օրը` դե լավ, օդանավակայանն աշխատեցրեք, դիպուկահարները հետ եմ քաշում: Բայց եթե դրանք միայն խոսքեր են, որևէ գործողություն չի անելու, դրանք այսպես խոսքեր էլ մնում են: Այսօրվա դրությամբ միայն մեկ պայմանավորվածության մասին տեղեկությունը դեռ ոչինչ չի նշանակում: Ալիևի հետ հարյուրավոր պայմանավորվածություններ են եղել, որոնք գիտենք, որ կյանքի չեն կոչվել: Մենք արդեն հոգնել  ենք Ադրբեջանի խոսքերից: Գործողություններին զարկ կտա, հնարավոր կլինի ասել, որ հավաստի էին այդ խոսքերը»:

Մեր այն դիտարկմանը`դատելով հանդիպման ավարտից հետո հրապարակված լուսանկարներից, Սերժ Սարգսյանի տրամադրությունը բարձր էր, պարոն Պողոսյանն արձագանքեց.  «Դա նրանից է, որ հայկական կողմն ավելի բարձր դիրքից  է գնացել բանակցելու, դա հասկանալի է: Իսկ ցանկացած բանակցող, որն ավելի վստահ է իր ուժերի վրա, ավելի բարձր տրամադրություն է ունենում»:

Դառնալով ԵԱՀԿ համանախագահների հայտարարությանը` պարոն Պողոսյանն այն համարեց անատամ ու հիշեցրեց, թե 2016-ի  ապրիլից առաջ էլ էին համանախագահները հայտարարում, որ բանակցություններն անցնում են կառուցողական մթնոլորտում: Ըստ պարոն Պողոսյանի` պատմության դասն այն է, որ պետք է հուսը դնել սեփական ուժերի վրա:

Մեր այն հարցին` այս նոր պայմանավորվածությունը չի՞ նշանակում նահանջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, պարոն Պողոսյանը հավաստիացրեց, թե ինչպես ցանկանա յուրաքանչյուրը կարող է դա մեկնաբանել: Իսկ ներկայիս պայմանավորվածության մասին ասաց. «Ասում եմ` աչքս թող տեսնի: Կտեսնենք, որ Ալիևը հայտարարում է, թե ունեցել եմ նոր զինատեսակների մասին պայմանագիր, հիմա հասկացել եմ, որ գնում եմ հարցի լուծման խաղաղասիրական ճանապարհով, այն չեղյալ եմ հայտարարում, շեշտը դնում եմ վստահության մեխանիզմերի վրա, ուրեմն կտեսնենք պայմանավորվածության արդյունքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031