ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագիծը բուռն դժգոհությունների տեղիք է տվել: Կինոգործիչները պնդում են , որ օրենքի նախագիծը բազմակողմանիորեն չի արտահայտում հայկական կինոարտադրության զարգացմանն ուղղված քաղաքականության մեխանիզմը, չի բխում Հայաստանի անկախ կինոարտադրողների շահերից, չի ապահովում Հայաստանում կինոարտադրության բազմակենտրոն զարգացման հնարավորությունը: Նրանք բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին եւ կինոյով մտահոգ մարդկանց:
Aravot.am-ը կինոգործիչների մտահոգությունների թեմայով զրուցեց աուդիտոր, ֆինանսական խորհրդատու Կարեն Ֆիդանյանի հետ, որն աշխատել է ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագծի վրա:
«Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման, դա ուղղակի նախագծի կմախքն է, որը հանրային քննարկումների արդյունքում` հաշվի առնելով ոլորտի մասնագետների կարծիքը, նոր պետք է դառնա նախագիծ: Իր` բովանդակությամբ ծանրաբեռնված չլինելու նպատակն էլ հենց դա է եղել, որպեսզի կարողանանք լսել մարդկանց կարծիքները եւ դրանք ներառենք նախագծում»,-պարզաբանեց ֆինանսիստ աուդիտորը:
Չնայած սրան, ռեժիսոր Գագիկ Ղազարէն, որ մասնակցել էր նախագծի քննարկումներին, մտահոգված էր , որ կինոգործիչների առաջարկները հաշվի չեն առնվի, ու այսպես շարունակվելու դեպքում հայկական կինոն դարձյալ «ձեռնունայն» կմնա:
Կարեն Ֆիդանյանն էլ իր հերթին այլ բան է հայտարարում. «Կինեմատոգրաֆիստների կարծիքների 90 %-ը ներառվել է նախագծում, քննարկվել են շատ հարցեր, որոնք բարձրաձայնվել են…Առաջիկայում վերամշակված տարբերակը նորից պետք է ներկայացվի, որպեսզի հավելյալ կարծիքները հաշվի առնելով, ունենանք նոր տարբերակ, որը կդառնա օրենքի նախագիծ ու կուղարկվի կառավարություն»:
Նրանից հարցրինք` լինելով ֆինանսիստ եւ աուդիտոր, ինչո՞ւ է հենց ինքը ներգրավված եղել ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագծի մշակման աշխատանքներում եւ ոչ թե համապատասխան փորձագետները:
«Ես նախագծի հեղինակը չեմ, ոչ էլ նախագծի իրավաբանական մասերի հետ կապված կարգավորող անձնավորությունը: Ես աշխատանքներում ներգրավվել եմ զուտ ֆինանսական մասերի վերաբերյալ իմ կարծիքը արտահայտելու համար: Նախագիծը մշակույթի նախարարության իրավաբանական բաժնի կողմից է պատրաստվել եւ այդ բաժինն էլ աշխատում է նախագծի վրա, որպեսզի այն ճիշտ իրավաբանական կառուցվածք ստանա: Ներկայիս նախագիծը դեռ կարիք ունի իրավաբանական մշակման, խմբագրման, սրբագրման եւ այլն»,-հավելեց Ֆիդանյանը
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ