Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ ապօրինի ծառահատումներ կատարած «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի գործով վճիռ կայացնելու:
Մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանն ընդունեց իր մեղքը ու միացավ արագացված կարգով դատաքննություն անցկացնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությանը: Նա խնդրեց դատարանին մեղմ պատիժ կիրառել: Պաշտպանական կողմն էլ, որպես մեղմացուցիչ հանգամանք, դատարանին ներկայացրեց այն փաստը, որ Սամսոնյանն ունի չորս անչափահաս երեխա եւ իր հոգածության տակ գտնվող երկրորդ կարգի հաշմանդամ մայր:
Հիշեցնենք, որ Ալեքսան Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, չունենալով ծառահատման թույլտվություն, բենզասղոցով ապօրինի հատել է անտառային ֆոնդի մեջ չմտնող 21 հատ բարդի տեսակի կենսունակ ծառեր, որի հետևանքով Երևան համայնքին պատճառել է առանձնապես խոշոր չափի` 1.920.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դատարանը Սամսոնյանի գործով վճիռը կհրապարակի վաղը, իսկ վճռի հրապարակման ժամի վերաբերյալ դատարանը պաշտպանական կողմին լրացուցիչ կտեղեկացնի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամսոնյանի պաշտպանական կողմը պնդում էր, որ Սամսոնյանը բնապահպան է, ու ծառերը ոչ թե հատել է, այլ՝ էտել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ