ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ ամփոփելով երկու երկրների նախագահների հանդիպումը Ժնևում:
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, այնուհետև նախագահները բանակցությունները շարունակել են առանձին:
«Հանդիպումն անցնել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնության են եկել միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Համանախագահները գոհունակություն են հայտնել երկարատև ընդմիջումից հետո վերսկսված այս ուղիղ բանակցություններից: Նրանք պատրաստ են աշխատելու կողմերի հետ՝ որպես միջնորդ հանդես գալու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային կարգավորմանը: Հաջորդիվ՝ մոտ ապագայում, համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ արտգործնախարարների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ