Երեկ տեղի ունեցած Երեւանի կիսամարաթոնում հավաքված գումարները կուղղվեն բարեգործական նպատակներով, մասնավորապես` մանկական հաշմանդամության, անապահով ընտանիքների օգնության եւ կրթական ծրագրերին: Այս մասին Aravot.am-ին ասաց վազորդ Արա Ամիրյանը, որն արդեն որերորդ անգամ երեխաների եւ թոռների հետ մասնակցում է վազքին:
Երեւանի կիսամարաթոնը կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ։ Ինչպես այս տարի, 2015 եւ 2016 թվականներին էլ կիսամարաթոնին մասնակցել են արտասահմանցի վազորդներ:
Երեւանի կիսամարաթոն 2017 վազքի միջազգային մրցույթի մասնակիցները մրցեցին 1, 5, 10 եւ 21,1 կմ վազքատարածություններում:
Վազքին մասնակցել են նաեւ հաշմանդամություն ունեցող վազորդներ, որոնք մրցել են 5 կմ վազքատարածությունում։
1 ժամ, 10 րոպե, 51.23 վայրկյան արդյունքով կիսամարաթոնի հաղթող է ճանաչվել Վրաստանը ներկայացնող Դավիթ Խարազիշվիլին, որն անցյալ տարի նույնպես առաջինն էր հաղթահարել 21,1 կմ-ը։
Կիսամարաթոնի դրամական պարգեւների ֆոնդի համապատասխան՝ 21 կմ մրցավազքի համար առաջին երեք տեղը զբաղեցրած կանայք եւ տղամարդիկ պարգեւատրվեցին համապատասխանաբար` 1.000.000, 750.000 եւ 500.000 ՀՀ դրամով: 10 կմ վազքատարածության կանանց եւ տղամարդկանց առաջին երեք տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգեւատրվեցին 200.000, 150.000 եւ 100.000 ՀՀ դրամով:
Ի դեպ, կիսամարաթոնի հաղթողների մեդալները պատրաստված էին Հարավային Աֆրիկայի Metal Badge գործարանում, որը հայտնի է աշխարհի ամենահեղինակավոր մարաթոնների մեդալների պատրաստմամբ: Բացի անհատական մրցանակներից՝ սահմանվել էր նաեւ թիմային երեք մրցանակ` ամենամեծ մասնակից թիմի, ամենաարագավազ թիմի եւ ամենալավ աջակցողներն ունեցող թիմի համար:
Կիսամարաթոնին մասնակցել են նաեւ մշակութային գործիչներ:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ