Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Վանաձորի մի շարք դպրոցներում սովորող աշակերտներին ազատել են դասաժամերից եւ ուղարկել տուն:
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Լյովա Բարոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք էլ ԿԳՆ-ի կողմից ստացել են զգուշացում եւ երեխաներին ուղարկել են տուն. «Առավոտյան երեխաները դասի եկել են: Բայց նախարարությունից ժամը 1-ին զանգեցին, ասացին, որ ժամը 2-3-ը, եթե կարող եք տուն ուղարկեք, եթե չէ՝ պահեք շենքում: Մենք էլ բոլոր երեխաներին տուն ենք ուղարկել, անվնաս հասել են»:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր Լոռիում, Տավուշում եւ Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում. «Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ, հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն»:
Այս հայտարարությունը խուճապ է առաջացել ոչ միայն նշված մարզերի, այլեւ մյուս բնակավայրերի բնակիչների մոտ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ