Էդգար Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մարտի 8-ին, ժամը 12.00-ից մինչեւ 16.00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, տեխնիկական միջոցների գործադրմամբ, տան լուսամուտը բացելով՝ ապօրինի մուտք է գործել Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող Մարուսյա Նաղդալյանի տուն եւ տան ննջասենյակից գաղտնի հափշտակել 41431 ՀՀ դրամին համարժեք 4950 ՌԴ ռուբլի, 3 հատ ոսկյա մատանի, կանացի օծանելիք եւ տղամարդու մեկ զույգ կոշիկ՝ պատճառելով ընդհանուր 396431,5 դրամի գույքային վնաս:
Էդգար Մելիքբեկյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով («Գողությունը, որ կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով»): Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Էդգար Մելիքբեկյանի դատավարության հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հոկտեմբերի 23-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ