Լրահոս
Օրվա լրահոսը

Պոչամբարների տարածքում միրգ-բանջարեղեն են աճեցնում, կոյուղաջրերով այգիներն են ոռոգում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2017 14:44

Aravot.am-ն այսօր սննդամթերքի գծով միջազգային փորձագետ Դավիթ Պիպոյանից հետաքրքրվեց, թե վարչապետ Կարեն Կարապետյանի` մեկ տարի առաջ սննդի շուկայում տիրող իրավիճակի մասին արած հայտնի հայտարարությունից հետո, երբ ասաց, որ ուղղակի «շանտղություն է», որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում», շուկայում ինչպիսի՞ փոփոխություններ եք նկատել, պարոն Պիպոյանն ասաց, որ համակարգային լուծումների առումով քայլեր չեն իրականացվել: Պարոն Պիպոյանի խոսքով, մսի իրացման տաղավարների վերաբերյալ իրենց կողմից բարձրաձայնված խնդրի լուծման նպատակով մեծ աշխատանքներ են կատարվել:

«Եթե 2015-2016 թվականներին մենք դինամիկ բացասական աճ էինք նկատում` տաղավարներն էլ ավելի անմխիթար էին դառնում, սառնարանները չէին միացվում, ապա, այս տարի երբ անցնում ենք տաղավարների կողքով, ակնհայտ է, որ դրական դինամիկա կա: Բայց հատվածային լուծումները մեր երկրում չեն լուծելու սննդամթերքի անվտանգության համակարգային խնդիրները»:

Դավիթ Պիպոյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

Փորձագետը, որը նաեւ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարն է, անդրադարձավ նաեւ Մասիսում այգիները կոյուղաջրերով ոռոգելու  խնդրին: Ըստ նրա, կոյուղաջրերով ոռոգումը խիստ բացասական ազդեցություն է թողնում աճեցված սննդամթերքի վրա եւ լի է կենսաբանական վտանգներով: «Կանաչեղենը կամ որեւէ բույս, երբ մենք օգտագործում ենք աղցանների մեջ, որպես կանոն, մենք ջերմամշակման չենք ենթարկում, ինչն էլ ավելի ռիսկային է դարձնում տվյալ մթերքների սպառումը: Արտաթորանքների միջոցով կարող են տարածվել տարբեր տեսակի մակաբուծային հիվանդություններ, որոնք կարող են աղիքային թունավորումների պատճառ դառնալ: Մենք գիտենք, որ կոյուղաջրերին էլ ավելանում են մի շարք քիմիական լվացման միջոցներ, որովհետեւ այսօր բոլորս տներում օգտագործում ենք քիմիական լվացման միջոցներ: Կենսաբանական վտանգներին խառնվում են քիմիական վտանգները եւ անցնում բույսին»,-ասաց մասնագետը:

Դավիթ Պիպոյանի կարծիքով, մեր երկրում սննդամթերքի անվտանգությունը սպառողակենտրոն չէ. «Սպառողի շահը պաշտպանելու համար, պետք է հետ կանչել ապրանքը, սակայն մեզ մոտ այդպես չէ: Անգամ, եթե տուգանում են, պետական շահն են պաշտպանում, ոչ թե սպառողի շահը»:

Դավիթ Պիպոյանն ասաց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ անգամ վտանգավոր գոտի համարվող պոչամբարի տարածքում են գյուղատնտեսությամբ զբաղվում եւ միրգ- բանջարեղեն աճեցնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031