Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի դիտարկմամբ, Հայաստանի համար միջազգային, քաղաքական շատ լավ վիճակ է ստեղծվել, ըստ նրա՝ հենց այդ համատեքստում էլ տեղի է ունենում ՀՀ-Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Ալիևն էլ դա զգում է, ուղերձները շատ են, Սարգսյանն էլ գիտակցում է: Շատ քաղաքագետեր ու վերլուծաբաններ ասում են, որ պահը հարմար է բացահայտ գրոհի անցնելու Ղարաբաղի հարցում, բայց ես կարծում եմ, որ պետք է վարվել ինչպես Եվրոպան է վարվում՝ դանդաղ, քայլ առ քայլ հաստատելով դիրքերը»,- այսօր «Արմենպրես» ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետը՝ անդրադառնալով այսօր Ժնեւում նախատեսված Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը:
Քաղաքագետի համոզմամբ, Եվրոպան սկսել է ճանաչել իրական Ադրբեջանին. «Վերջին բացահայտումները՝ կապված ադրբեջանական լվացքատան, մարդու իրավունքների խախտումների հետ, եվրոպացիներին դրդեցին փոխել իրենց վերաբերմունքը, որ հին ձևով այլևս չի կարելի, և ձեռնարկել են դաստիարակչական գործընթաց: Իհարկե, Եվրոպան այդ ամենը կոշտ ձևով չի անի, կանի այնպես, ինչպես Թուրքիայի հետ: Գործն այդ ուղղությամբ է գնում, Ադրբեջանն ու Թուրքիան դառնում են նույնակարգ, և աշխարհը, ի դեմս Եվրոպայի, փորձում է փոխել նրանց վարքը, աշխարհայացքը»:
Առաջիկայում նախատեսված ԵՄ- Հայաստան համագործակցության համաձայնագրի ստորագրումն էլ Ալեքսանդր Մանասյանը դիտարկում է Եվրոպայի համակրանքին արժանանալու համատեքստում. «Համաձայնագրի բովանդակությունն այն է, որ ԵՄ–ը համակրում է Հայաստանին և տեսնում է քաղաքակրթական արժեքներին բավարարող պետություն: Հետաքրքիր է, որ նույն ուղերձները ստանում ենք նաև ԱՄՆ-ից, և այն օրերին, երբ ՀԱՊԿ զորավարժություններ են անցկացվում Հայաստանում, ամերիկյան գեներալը հայտարարում է, որ ուժեղացնում են ՀՀ-ի զորքերի հետ համագործակցությունը և ռուսական զորքերը մեզ չեն խանգարում…պատեհ պատմական պահ է ստեղծվել դառնալու Արևելքի ու Արևմուտքի համար կապող օղակ: Չասեմ օրերի ու ամիսների հարց է մեր այդ դիրքը ձեռք բերելու համար, բայց ակնհայտ է, որ նման դերակատարությունը ստանձնելու համար, օբյեկտիվ պայմանները կան»:
Հարցին, թե հաշվի առնելով Ադրբեջանի տակտիկան, հնարավո՞ր է նախագահների հանդիպման ֆոնին սահմանին լարվածություն նկատվի, Մանասյանը պատասխանեց, թե Ադրբեջանը կարող է սահմանին սադրանքի գնալ, եթե թքած ունենա ԵՄ-ի, նաև ՌԴ-ի վրա, ինչը ՌԴ-ի դեպքում դժվար է պատկերացնել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ