Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են «Վարորդի ընկեր» կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը եւ ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:
Հռիփսիմե Ջեբեջյան.– ԱԺ-ում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հաստատեց, որ կառավարությունը քննարկել է աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու հարցը: Նա ասաց, որ եթե մարդիկ գնել են աջ ղեկով մեքենաներ, ժամանակ կտրամադրվի ղեկը ձախ կողմ տեղափոխելու համար: Այս խոսքը հասարակության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել, հատկապես սոցիալ-տնտեսական այս լարված պայմաններում մարդիկ լրացուցիչ բեռ են ունենալու: Պարոն Ալեքսանյան, ինչո՞վ է պայմանավորված հենց այս փուլում նման որոշումը, դա ինչքանո՞վ է հրատապ: Եթե Հայաստանն ընդունել էր աջակողմյան երթեւեկության կանոնները, չէ՞ր կարելի ի սկզբանե արգելել աջ ղեկով մեքենաների շահագործումը եւ խաղի կանոններ դնել:
Լեռնիկ Ալեքսանյան.– Ես ժամանակին տրանսպորտի կառավարման համակարգում եմ աշխատել: Չի կարելի այս հարցերը քաղաքականացնել: Մի քանի տարի առաջ էլի կային աջ ղեկով մեքենաներ, քիչ էին, հասարակության մեջ մտահոգություն չկար, շատացան, եւ 2-3 տարի հետո, համոզված եմ, դա ավելի մեծ խնդիր կառաջացնի: Սա տրանսպորտի, երթեւեկության կազմակերպման խնդիր է: Նախ՝ աջ ղեկը փոխել ձախի, կամ ձախը փոխել աջի, սա տեխնիկական խնդիրներ է առաջացնում, հնարավոր չի նոր մեքենան, ինչքան էլ լավ փոխես, դառնա լիարժեք: Սա մասնագետներն են ասում: Բայց երբ աջ ու ձախ ղեկերով մեքենաները արդեն շատ են լինում, դա կարող է շփոթություն առաջացնել, նաեւ քաղաքացիների հետ կապված, կանգառների հետ կապված խնդիրներ, անհարմարություններ, այսինքն՝ խնդիրը պետք է լուծել:
Հ. Ջ.– Ինչո՞վ են խանգարում աջ ղեկով մեքենաները երթեւեկության մեջ:
Լ. Ա.- Տեսանելիության խնդիրներ կան, աջ նստած մարդը ուրիշ ձեւով է նայում ճանապարհին, քաղաքացիներին, ձախը՝ ուրիշ: Նաեւ դիմացի վարորդի հետ կապված խնդիր կա, դիմացի վարորդը չի տեսնում մյուս վարորդին: Շփոթություն կա, դա խնդիրներ է առաջացնում: Խնդիրը կա եւ պետք է լուծվի, որ վաղը ավելի մեծ խնդիր չդառնա:
Հ. Ջ.- Պարոն Քեյան, ինչի՞ կհանգեցնի աջ ղեկով մեքենաների շահագործման արգելքը, եւ ինչքանո՞վ է սա ընդունելի լինելու վարորդների համար:
Տիգրան Քեյան– Վարորդների համար սա ընդունելի չի լինելու, քանի որ ավելի մեծ վտանգ է ստեղծելու մեքենան գործարանային վիճակից ձեւափոխել այլ վիճակի, թե՛ ղեկի կարգավորման, թե՛ արգելակման համակարգի փոփոխման շատ մեծ խնդիր է առաջացնում: Տրանսպորտի նախարարը նշել էր, որ քաղաքացիներից ոչ մեկը չի դժգոհի այս որոշումից: Ցանկացած խոչընդոտի դեմ արգելքով չպետք է պայքարել, կառավարությունը այնպիսի միջոցներ պետք է ձեռնարկի, որ վարորդները կամովին փոխեն, օրինակ՝ ձախ ղեկով մեքենաներին արտոնություն տրամադրելու միջոցով: Եթե կա վերլուծություն, որ աջ ղեկով մեքենաները ավելի շատ վթարներ ու անհարմարավետություն են ստեղծում երթեւեկության մեջ, բերեք արգելենք՝ դա ճիշտ չի: Այսօր տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի ներդրումից հետո տարեկան 2,5 մլն-ից ավելի վարչական ակտեր է կայացվում քաղաքացիների վրա, դուրս է գալիս, որ եթե կա մոտ 400 հազար վարորդ, ըստ ապահովագրական բյուրոյի, մեկ վարորդը տարեկան միջինը 4-5 անգամ խախտում է կատարում, ինքը պոտենցիալ վտանգ է երթեւեկության համար, խի՞ չեն դրան լուծում տալիս: Վարչական իրավախախտումներով կամ արգելելով տվյալ տրանսպորտային միջոցը փորձել երթեւեկություն կարգավորել՝ չի իրականանալու: Ճիշտ է, կան որոշակի անհարմարություններ թե՛ աջ ղեկով մեքենայի վարորդի, թե՛ ուղեւորի համար: Եթե մեքենան կայանում է, իր կողքին նստած ուղեւորը դուրս է գալու երթեւեկության գոտի: Վարորդը, եթե դուրս է գալիս ձախակողմյան մեքենայից, ինքը նայում է հայելուն, տեսնում է ճանապարհն ազատ է, նոր դուրս է գալիս, իսկ ուղեւորը կարող է դա չանել: Մանեւր կատարելու ժամանակ էլ որոշակի խնդիրներ առաջանում են: Հիմնականում այն ճանապարհային հատվածներում, որտեղ երկկողմ երթեւեկություն է, եւ վազանց կատարելիս դու պետք է հանդիպակաց դուրս չգաս, խնդիր չկա՝ աջ ղեկով կքշես, թե ձախ: Իսկ այն ճանապարհային հատվածներում, որտեղ պետք է ստիպված վազանց կատարելիս հանդիպակաց դուրս գաս, աջ ղեկով մեքենայի վարոդը, դիմացը եթե մեքենա կա, ավելի ուշ կնկատի, քան ձախ ղեկով մեքենայի վարորդը: Իրավական առումով Հայաստանում չեն կարող ստիպել, որ դու ղեկը փոխես: Օրենքի ինքնին վատթարացումը, իսկ սա վատթարացում է, չի կարող հետին ուժի կիրառություն ունենալ: Իսկ մարդիկ, ովքեր ձեռք են բերել, ուսումնասիրել են օրենքները, ճանապարհային երթեւեկության կանոնները, տեսել են՝ արգելք չկա, բերել են, եւ հիմա արգելել ոչ ոք չի կարող: Բացի այդ, կան աջ ղեկով մեքենաներ, որոնք ցանկության դեպքում էլ չեն կարող փոխել եւ դարձնել ձախ ղեկով, նման մեքենաներ ՀՀ-ում շատ կան, դա՞ ինչ պետք է անեն, ինձ թվում է՝ կառավարությունը նման միջոցներ էլ չունի այդ մեքենաները քաղաքացիներից ձեռք բերելու եւ այլ երկրներում վաճառելու:
Հ. Ջ.– Պարոն Ալեքսանյան, առաջին արձագանքը, որ եղավ հանրության կողմից այս որոշման մասին լսելիս, այն էր, որ ՀՀԿ-ական հերթական պաշտոնյաներից մեկը ղեկը փոխելու բիզնես է դրել եւ ուզում է իր գրպանի մասին մտածել, ի՞նչ կասեք այս մասին:
Լ. Ա.- Չկա այդպիսի բան: Բոլոր որոշումներն ընդունելիս այդ կասկածները լինում են: Երբեմն նախկինում եղել են որոշակի բաներ, ես չեմ հերքում, բայց սա այդ խնդիրը չի: Կապրենք, կտեսնենք: Ես մեր պետական պաշտոնյաների մեջ, ովքեր այսօր լծակներ ունեն, չեմ տեսնում, որ այս բիզնեսով զբաղվող լինի: Մեքենաներ ներկրում են տարբեր ընկերություններ, ես չեմ տեսնում մի հատ հզոր ընկերություն, որ պայմանագրեր ունի:
Տ. Ք.– Եթե բիզնես դնեն, որ աջ ղեկը փոխի ձախի, որը շահավետ գործարք կլինի, շատ արագ մեծ եկամուտներ կստանան: Կարող է լիցենզավորեն, այդ հարցերն էլ են բարձրացվում, որոշ օղակների կտան, որ մենակ այդ մարդն անի, բայց դա օրենքի խախտում կլինի, խափանումներ կլինեն: Ձախ հետադարձ կատարելիս ղեկը ավելի քիչ է թեքվում, քան աջ, շատ խնդիրներ կան, արգելակման համակարգն է վտանգավոր դառնում եւ այլն: Այլ լուծում է պետք:
Հ. Ջ.- Ի՞նչ եք կարծում՝ վթարների մեծ պատճառ են ավելի շատ աջ ղեկով մեքենանե՞րը, թե՞ այն, որ այսօր կաշառքով, ծանոթով վարորդական իրավունք կարող են ձեռք բերել:
Տ. Ք.- Վտանգավոր է ոչ թե աջ ղեկով երթեւեկելը կամ վարորդական իրավունք տալու մեխանիզմը, այլ այն, որ մեր քաղաքացիները տեղյակ չեն ՃԵԿ-ից: Սկսած դպրոցներից, մանկապարտեզից՝ պետք է երթեւեկության կանոնները սովորեցնել, որովհետեւ երթեւեկության մեջ մասնակից մենակ վարորդը չի:
Լ. Ա.– Իմ քննադատությունը այն է, որ տրանսպորտի կառավարման համակարգը պիտի ավելի օպտիմալացվի, ստեղծվի մի բուրգ, որտեղ իրավունքներն ու պարտականությունները հավասարաչափ լինեն: Կան լուրջ թերություններ, այդ համակարգը պիտի օպտիմալացվի… Տեսեք, արագաչափերը բոլոր դեպքերում ավելի լավ են, քան այն ոստիկանը, որը կանգնում էր անկյունում, մի քիչ էլ ուզում էր, որ արագ գնան, ու թռնում էր դեմները, որ կանգնացներ: Մարդիկ եթե գիտեն, որ արագաչափ կա, դանդաղեցնում են, բայց արագաչափերի մեջ ինձ համար անընդունելի է, որ մարդը կարող է 1000 անգամ խախտի ու վարորդական իրավունքից չզրկվի: Սա նշանակում է, որ մարդը եթե փող ունի, իրավունք ունի արագ գնալու: Եթե արագաչափի տեղադրման նպատակը երթեւեկության կարգավորումն է, ուրեմն պետք է չափ դրվի, եւ զրկեն վարորդական իրավունքից: Եթե նպատակը տուգանք հավաքելն է, փող ունես՝ կարող ես արագ գնալ:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
14.10.2017