Լրահոս
Օրվա լրահոսը

Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան են զանգում, ասում են` ձեր զանգը գրանցել ենք, բայց շների հարցը թողնում անլուծելի

Հոկտեմբեր 16,2017 14:30

Թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների խնդիրը մեր մայրաքաղաքում ոչ մի կերպ չի լուծվում: Բյուջեից փողոցում հայտնված կենդանիների համար միլիոններ են դուրս գրվում, սակայն քաղաքացիների բողոքները չեն պակասում: Կենտրոնում այս առումով որոշ առաջընթաց կա. համենայնդեպս, եղած շներն էլ մարդկանց վրա չեն հարձակվում: Գոնե ստերջացված են եւ ուտելիք էլ աղբամաններում ունեն: Սակայն մայրաքաղաի ծայրամասային համայնքներում ոհմակով շներ, որոնք նաեւ վտանգ են ներկայացնում, հաճախ կարելի է տեսնել:

Ձմեռվանից սկսած՝ Պարույր Սեւակի 8 եւ 8/1 հասցեի բնակիչներն ահազանգում են Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան` տարածքում շրջող թափառող շների հարցը որեւէ կերպ լուծելու խնդրանքով: Հատկապես ձմռանը շներն ակտիվանում են եւ կեր հայթայթելուց դրդված՝ աջ ու ձախ հարձակվում անցորդների վրա: Հիմնական թիրախում շենքի բնակիչներն են, որոնք մշտապես են այդ խնդրի առաջ կանգնում: Շների խնդրով պակաս անհանգստացած չեն նաեւ հարեւանությամբ գործող Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները, որոնք նույնպես ժամանակ առ ժամանակ թաղապետարան են ահազանգում, քանի որ կենտրոնի աշխատակիցներն էլ շների հարձակման զոհ են դառնում: Շները ոհմակով պտտվում են տարածքում, մտնում գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածք, բարձրանում Սրտաբանական հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող Պարույր Սեւակի փողոցի երկայնքով տեղակայված աղբամաններից օգտվելու, ապա կրկին շենքերի բակով անցնելով՝ անցնում մեկ այլ տարածք:

Բնակիչների պատմելով՝ տասից ավելի շուն է այդ տարածքում պտտվում, եւ երբ կերը պակասում է, շները գազազած մարդկանց վրա են հարձակվում:

Թափառող շների թիրախում են հատկապես տոպրակներով առեւտուր արած մարդիկ, որոնք ձեռքներին սնունդ են տուն բերում: Հոտն առնելուն պես, բնակիչների խոսքերով, միանգամից վրա են տալիս: Նշյալ հասցեում շատ կան փոքրիկներ, մեծահասակ բնակիչներ, որոնք շների հարձակումներից վախենում են եւ հաճախ խուսափում են բակում զբոսնել, որպեսզի հարձակման չենթարկվեն:

Ամեն անգամ բնակիչների ահազանգերին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից պատասխանում են` ձեր զանգը գրանցել ենք, կփոխանցենք համապատասխան բաժին, սակայն այդպես էլ բնակիչների բողոքին արձագանք չի լինում, ամիսներ են անցնում՝ այդ տարածքում շների թիվը չի պակասում: Համայնքի բնակիչների հարմարավետության համար պատասխանատու մարմինը փաստորեն միայն թղթի վրա է ցուցանիշներ նկարում ու տարեվերջին արածների մասին հաշվետվություն ներկայացնում, իրականում մի շարք խնդիրներ այդպես էլ բնակիչների համար անլուծելի են մնում:

Բնակիչներն ասում են, որ գիշերն էլ մարդիկ հաչոցներից են վեր թռչում, սակայն, միեւնույն է, բոլոր այս դժգոհությունները վարչական շրջանի ղեկավարությունն ականջի կողքով է անցկացնում եւ որեւէ միջոց չի ձեռնարկում: Նրանց խոսքերով՝ մեծ ցանկության դեպքում էլ չեն կարող տարածքը շրջանցել եւ այլ տեղով գնալ-գալ, քանի որ ճանապարհը այդ հատվածով է:

 

Սեփ.լր.

«Առավոտ»

14.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gayane Kazarosyan says:

    How about using the budget that’s set for the dogs/cats and making bigger shelters for these strays! How about hiring people to care for animals, feed them, love them until their time is up. Already these poor animals have a short lifespan why make it hard on them? Kill them? Burn them? Or bury them alive? Where’s the compassion and humanity in all that? Why not help instead of getting rid of them? How is that helping?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031