Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը:
Աշտարակի բնակիչ, 1988 թ. ծնված Պյոտր Ցիգանկովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է:
Դավիթ Գրիգորյանը բերման է ենթարկվել դեպքից հինգ օր անց, մայրաքաղաքի Չեխովի փողոցից:
Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը բերման են ենթարկվել հաջորդ օրը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից:
Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը և օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան և «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն:
Քննվող գործի շրջանակներում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվեցին նաև Երևանի բնակիչ, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել է կանեփանման զանգված, «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից:
Աշոտ Մանուկյանը ևս ձերբակալվեց:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Պյոտր Ցիգանկովին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Պյոտր Ցիգանկովի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է:
ՀՀ ոստիկանություն