Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասդ սովորի՛ր, այ լակոտ». սա համարվելու է ընտանեկան բռնությո՞ւն

Հոկտեմբեր 16,2017 15:00

Արդեն մեկ շաբաթ է՝ շատ բուռն քննարկվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին եւ հարակից օրենքների նախագիծը: Այս նախագիծը քվեարկության է դրվել արդարադատության նախարարության կայքէջում, նախագծին դեմ քվեարկողների թիվն առայժմ ավելին է, քան կողմ քվեարկողներինը: Թեեւ նախագիծը առցանց քվեարկության է դրվել, սակայն նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցրել է՝ այս քվեարկությունը չի կարող որոշիչ լինել օրենքի ընդունման համար:

Եվ քանի որ շատերը դեմ են օրենքին՝ առանց այն կարդալու, ուստի «Առավոտը» ներկայացնում է խնդրահարույց հոդվածները, որոնց շուրջ էլ մի շաբաթ է՝ ընդդիմախոսների աղմուկը չի դադարում:

Օրենքի մոլի ընդդիմադիրներից «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը օրերս նախագծի քննարկման ժամանակ օրենքի 3-րդ հոդվածի՝ բռնության տեսակների սահմանման մասին հայտարարել է. «Բռնության տեսակը, որ ամրագրել են՝ հոգեբանական եւ տնտեսական. այս կետերի հիման վրա հնարավոր է սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքի երեխաներին տեղափոխել ապաստարաններ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ 2016 թվականին սոցիալապես խոցելի ընտանիքներում երեխաների թիվը՝ գյուղական բնակավայրեր 82%, քաղաքային բնակավայրեր 53%: Այսինքն՝ այդ ծնողները չեն կարողանում ապահովել Սահմանադրությամբ իրենց վրա դրված իրավունքն ու պարտավորությունը: Այս տնտեսական եւ հոգեբանական բռնության հիման վրա հնարավոր կլինի երեխաները օտարվեն ընտանիքներից: Իսկ եթե դուք ասում եք՝ նման բան չկա, ուրեմն նայեք եվրոպական երկրներին, 10 հազարներով երեխաներ են օտարվում ընտանիքներից»:

Այս մտավախությունը նախարար Հարությունայնը փարատել է՝ նշելով, որ օրենքում նման բան չկա, երեխաներին ծնողներից վերցնելու գործընթացը գործող օրենքով է սահմանվում:

Հիմա ներկայացնենք աղմկահարույցի օրենքի նախագծում տեղ գտած Նահապետյանի նշած՝ սարսափեցնող հոդվածը:

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի Հոդված 3-րդ՝ «Ընտանեկան բռնությունը եւ դրա տեսակները՝

3) հոգեբանական բռնություն` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը, հետամտումը, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը.

4) տնտեսական բռնություն` դիտավորությամբ բնակության վայրից, սննդից կամ այլ անհրաժեշտ միջոցներից զրկելը, որոնց նկատմամբ անձն ունի օրենքով սահմանված՝ տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունք, ինչպես նաեւ անձի աշխատելու իրավունքն ապօրինաբար սահմանափակելը կամ օրենքով նախատեսված այլ աղբյուրներից նյութական միջոցներ ստանալն արգելելը»:

Այն, ինչ նշում է պարոն Նահապետյանը, թե՝ հոգեբանական եւ տնտեսական բռնություն կարող են լինել անապահով ընտանիքներում՝ ծանր սոցիալական պայմաններից ելնելով, եւ սա կարող է առիթ լինել երեխային ծնողներից հեռացնելու, ապա նկատենք՝ օրենքը հստակ սահմանում է՝ «Դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, կամ տնտեսական բռնություն` դիտավորությամբ բնակության վայրից, սննդից կամ այլ անհրաժեշտ միջոցներից զրկելը»: Այսինքն՝ դիտավորությամբ եւ ուժեղ տառապանք պատճառելը կամ դիտավորությամբ սննդից, բնակավայրից զրկելը եզրույթներն արդեն իսկ փարատում են Նահապետյանի մտավախությունը:

Նահապետյանի այս մտահոգությանն է օրերս անդրադարձել նաեւ Հայ օգնության ֆոնդի՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը՝ նշելով. «Գիտեք 41% մանկական աղքատություն կա: 2000 թվականին հաստատություններում 11 հազար երեխա կար, այսօր՝ 3,5 հազար: Եվ եթե աղքատությունը լիներ պատճառը, ուրեմն մոտ 400 հազար երեխա պիտի լինեին ընտանիքից դուրս»:

Ինչ վերաբերում է երեխաներին ընտանիքներից օտարելուն, ապա ներկայումս այն կարգավորվում է «Ընտանեկան օրենսգրքով», եւ այդ իրավասությունը դրված է դատարանի եւ խնամակալության ու հոգաբարձության մարմինների վրա:

Իսկ «Ընտանեկան օրենսգրքի» 59-րդ հոդվածով սահմանվում է՝ «Ծնողական իրավունքներից զրկելը՝

Ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք՝ ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում՝ ալիմենտ վճարելուց, բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաեւ դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից. գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա, դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը, ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ, զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն»։

Այս օրենսգիրքը նաեւ նախատեսում է ծնողների իրավունքների սահմանափակում՝ առանց ծնողական իրավունքից զրկելու:

Թե՛ գործող օրենքից եւ թե՛ նախագծից պարզ է դառնում, որ ծնողական իրավունքներից զրկելը կամ երեխային ընտանիքից օտարելը հեշտ գործընթաց չէ, եւ դրա համար խիստ հիմնավոր պատճառներ են հարկավոր: Այսինքն՝ իսկապես բռնության երեւույթ պետք է արձանագրվի, այլ ոչ թե, ասենք, հայրը երեխայի վրա մի քիչ բարձր տոնով գոռա եւ ասի, ասենք՝ «դասդ սովորի՛ր, այ լակոտ»:

Նախագծի ընդդիմախոսները դեմ են նաեւ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ ընտանիք հասկացության ձեւակերպմանը, այն է՝ «Ընտանիքի անդամներ՝ ամուսին, ծնող (մայր կամ հայր), այդ թվում՝ խորթ ծնող, որդեգրող ծնող, խնամատար ծնող, երեխա (նաեւ՝ որդեգրված, խորթ, հոգեզավակ), տատ, պապ, քույր եւ եղբայր (նաեւ՝ համամայր կամ համահայր), որդեգրող ծնողի ամուսին, ամուսնու ծնողներ եւ քույր եւ եղբայր, վերջիններիս համար՝ փեսան եւ հարսը»: Ընդդիմախոսները նշում են, որ համամայր կամ համահայր հասկացությունները վերաբերում են նույնասեռականներին, որոնց թույլ կտրվի որդեգրել երեխաներ, այսինքն՝ նրանք կարծում են որ համամայր կամ համահայր ասելով՝ երկու մայր եւ երկու հայր է նշանակում: Մինչդեռ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում վստահեցնում է. «Դա թյուրիմացություն է, այստեղ դավադրություն են տեսնում: Սա հայրացու կամ մայրացու է նշանակում, սա պարզապես տերմին է»:

Եվ ի վերջո, ընդդիմախոսների այն պնդումները, թե նոր օրենք պետք չէ, պարզապես հարկավոր է խստացնել քրեական օրենսգիրքն ու հարակից օրենքները, ապա մասնագետները վստահեցնում են՝ ընտանեկան բռնությունը լատենտային է, թաքնված, դրանք հաճախ բացահայտվում են այն դեպքում, երբ արդեն մահ է գրանցվում կամ առողջության հասցված ծանր վնաս, ուստի այդ խնդիրը պետք է լուծվի կամ կանխարգելվի առանձին օրենքով:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

14.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031