Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծաղրուծանակ է ասելը, թե Սեֆիլյանի նպատակը մի քանի մեքենա հրկիզելն էր» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2017 14:00

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գեւորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալներ են

Հոկտեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան ներգրավվեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Հիշեցնենք՝ Սեֆիլյանի շահերի պաշտպանը որոշակի ժամանակահատվածում հանրային պաշտպան Մարինե Թովմասյանն էր: Քանի որ Ժիրայր Սեֆիլյանը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, այն է՝ դատավորի գալուն պես ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար սանկցիայի էր ենթարկվել ու հեռացվել նիստերի դահլիճից, նրա համար հանրային պաշտպան էր ներգրավվել: Տիգրան Հայրապետյանն էլ հրաժարվում էր առանց Սեֆիլյանի ներկայության մասնակցել նիստերի: Այժմ Սեֆիլյանի սանկցիայի ժամկետը լրացել է եւ նա բերվում է նիստերի դահլիճ: «Առավոտ»-ի հետ զրույցում Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց, թե ինչ խնդիրներ է տեսնում դատավարության գործընթացքում՝ մասնավորապես Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքի առնչությամբ: Նա նշեց, որ այն հստակ չէ, ուստի վկաներն էլ անհասկանալի ցուցմունքներ են տալիս:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ(ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ: Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ մեղադրական եզրակացությունում չկա փոխկապակցված՝ տրամաբանական գործողությունների շարք. «Օրինակ՝ ասվում է, թե նա նախապատրաստվել է զանգվածային անկարգություններ կատարել, իսկ դրանց իրագործման քայլերը չկան: Սա ցնդաբանություն է…»:

Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանը մտադրություն չի ունեցել զանգվածային անկարգություններ իրականացնել. «Նա մտադրվել է իր քաղաքական ուժը բերել իշխանության, որպեսզի սահմանադրական ճանապարհով փոփոխություններ իրականացնի: Ստացվում է, որ ցանկացած ընդդիմադիրի կարելի է նման մեղադրանք «կպցնել» ու ասել, թե նա ելույթներ է ունեցել, ինչը զանգվածային անկարգությունների նախապատրաստում է: Ծաղրուծանակ է ասելը, թե Սեֆիլյանի նպատակը մի քանի մեքենա հրկիզելն էր եւ որ նրա կյանքի նպատակը հենց դա է եղել»:

Փաստաբանի բնորոշմամբ՝ բնական է, որ Ժիրայր Սեֆիլյանը հանդիպել է իր գործընկեր Սասունիկ Կիրակոսյանի հետ եւ սրճել, մինչդեռ մեղադրանքում սուրճ խմելը դարձրել են քրեորեն պատժելի արարք, սահմանել, թե Սեֆիլյանը նպատակ է ունեցել շենքեր-շինություններ գրավել: Փաստաբանի խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գեւորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալներ են եւ շինծու մեղադրանքներով գտնվում են անազատության մեջ:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

14.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031