Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. «Մոտակա երեք տարիների ընթացքում ծավալուն աշխատանքներ կիրականացվեն կառավարման գրեթե բոլոր օղակներում»

Հոկտեմբեր 16,2017 12:40

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ե լ ու յ թ ը Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթների ներկայացմանը նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ

/ք. Ստեփանակերտ, 16 հոկտեմբերի 2017թ./

Հարգելի՛ ներկաներ,

Այս խորհրդակցությունը նվիրված է մեր երկրի՝ 2017-2020 թվականների զարգացման ծրագրին, որը, Սահմանադրության պահանջներին համապատասխան, այսօր հրապարակվել է:

Ծրագրում բավականին մանրամասն ներկայացված են կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում: Դա հնարավորություն է տալիս համապարփակ ձեւով պատկերացնել նախատեսվող աշխատանքի ողջ ծավալը, եւ ամենակարեւորը, նախանշել այն ուղիները, որոնց միջոցով ծրագրում ենք ապահովել երկրի, տնտեսության տարբեր ճյուղերի դինամիկ եւ համաչափ զարգացումը:

Քանի որ ծրագիրը ծավալուն է, եւ ես Ազգային ժողովի հատուկ նիստում իմ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս անդրադարձել եմ վերջին տարիներին մեր երկրի զարգացման հիմնական ցուցանիշներին, առկա խնդիրներին ու անելիքներին, այժմ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել իրականացվելիք աշխատանքների կարեւորագույն ուղղություններն ու առաջադրանքները:

***

Նախ եւ առաջ կանդրադառնամ պետականաշինության ու պետական կառավարման ոլորտին:

Ինչպես գիտեք, նոր Սահմանադրության համաձայն՝ փոխվել է մեր երկրի կառավարման ձեւը, ինչը էական փոփոխություններ է մտցրել պետական կառավարման համակարգի մեջ:

Սակայն, սահմանադրական բարեփոխումները, բնական է, չեն վերանայել մեր երկրում պետականաշինության փիլիսոփայությունը. Արցախի Հանրապետությունը եղել է, կա եւ կմնա ազատ, անկախ, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն: Այս գաղափարները հիմնարար են, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան մեր պետականության ամրապնդման ուղղությամբ:

Մոտակա երեք տարիների ընթացքում ծավալուն աշխատանքներ կիրականացվեն կառավարման գրեթե բոլոր օղակներում: Հետեւողական ու սկզբունքային աշխատանք կտարվի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգերում նախատեսվող բարեփոխումներն ավարտին հասցնելու եւ դրանց գործունեությունը առավել արդյունավետ ու թափանցիկ դարձնելու ուղղությամբ:

Առաջին հերթին կիրականացվեն բարեփոխումներ՝ ուղղված իրավական դաշտը Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Այստեղ ունենք բավականին լուրջ անելիքներ:

Նոր Սահմանադրությանը համապատասխան` պետք է ընդունվեն կամ փոփոխվեն ութ տասնյակից ավելի օրենքներ: Իրավական ակտերի համապատասխանեցումը Սահմանադրությանն արդեն իսկ ակտիվորեն ընթանում է եւ ավարտին կհասցվի երեք տարվա ընթացքում:

Այս գործընթացը ենթադրում է Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի, իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական թեւերի համատեղ ու արդյունավետ աշխատանք:

Նոր ձեւավորված օրենսդրության համաձայն՝ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման մարմինները ներկայում գործող շրջանների սահմաններում կվերափոխվեն տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի): Դա կպահանջի կառուցվածքային, վարչական, ինչպես նաեւ հասարակական հարթություններում համակարգված աշխատանքների իրականացում, ինչը թույլ կտա ունենալ նոր ձեւավորված էֆեկտիվ գործող համակարգ:

Հատուկ ուշադրություն կդարձվի դատաիրավական համակարգում բարեփոխումներին: Առաջին հերթին կիրականացվեն Արցախի Հանրապետության 2017 թվականի հուլիսի 21-ի դատական օրենսգրքից բխող անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում` նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքները: Նախատեսվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել մի շարք օրենսգրքերում:

Արցախի Հանրապետության պետականաշինության առանցքային ուղղություններից է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության լիարժեք ապահովումը: Այս ուղղությամբ կտարվի ծավալուն աշխատանք, մասնավորապես՝ կմշակվի մարդու իրավունքների պաշտպանության համալիր ռազմավարություն:

Մեր անկախ պետականության հիմնասյուներից մեկը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է, որը անգնահատելի դերակատարություն ունի հայ ժողովրդի գոյատեւման եւ զարգացման գործում:

Պետությունը կշարունակի աջակցել պետություն-եկեղեցի կապերի հետագա խորացմանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հետ փոխգործակցության ընդլայնմանը, ազգային արժեհամակարգի ամրապնդմանը:

***

Մեր պետականաշինության առանցքային ուղղություններից են բանակաշինությունը եւ անվտանգությունը: Այս երեք տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը:

Բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական եւ հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման, հանրապետության զորահավաքային պատրաստականության կատարելագործման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:

Բանակաշինության ռազմավարության հիմքում շարունակում է մնալ ակտիվ պաշտպանության գաղափարը: Մենք երբեք ագրեսոր չենք եղել եւ չենք լինելու, բայց կանենք ամեն ինչ մեզ սպառնացող հնարավոր բոլոր վտանգները ճիշտ ժամանակին չեզոքացնելու համար:

Պաշտպանության բանակն այսուհետ էլ կհանդիսանա մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ապահովման ամենաազդեցիկ գործոններից մեկը:

***

Խոսելով հակամարտության կարգավորման մասին՝ ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ անկախությունն ու անվտանգությունը մեզ համար անձեռնմխելի արժեքներ են եւ հանդիսանում են Արցախի Հանրապետության պետականաշինության հիմնարար սկզբունքները: Ազատ,

անկախ եւ հզոր, իր անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու ունակ Արցախի Հանրապետության հետագա զարգացումն ու զորացումը գերխնդիր է, ինչից, առանց չափազանցության, կախված է նաեւ համայն հայության ապագան:

Պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման ուղղությամբ:

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Եվ այստեղ մայր Հայաստանի հետ մեկտեղ մենք շարունակելու ենք համապատասխան քայլեր ձեռնարկել:

Ծավալուն աշխատանք է սպասվում նաեւ արտաքին քաղաքական այլ ասպարեզներում:

Անհրաժեշտ կլինի նոր որակ հաղորդել մեր հանրապետության ճանաչման, արտաքին աշխարհին ճանաչելի դառնալու, ինչպես նաեւ տարբեր երկրների ու նրանց սուբյեկտների հետ համագործակցության հաստատման ու խորացման գործընթացներին: Այստեղ ամենավերջին զարգացումներից է Արցախի Հանրապետության անկախության փաստացի ճանաչումը ԱՄՆ Միչիգան նահանգի կողմից, ինչը համարում ենք կարեւոր ձեռքբերում:

Մոտ ժամանակահատվածում կիրականացվեն մի շարք կարեւոր ծրագրեր երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում ուզում եմ տեղեկացնել, որ մեր խորհրդակցության ավարտից անմիջապես հետո իմ գլխավորած պատվիրակությունը կմեկնի արտերկիր, որտեղ կանցկացվեն մի շարք կարեւոր միջոցառումներ՝ ուղղված տարբեր սուբյեկտների հետ համագործակցության հաստատմանն ու խորացմանը:

Արտաքին ասպարեզում աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է նաեւ մեր արտաքին քաղաքականության վարման տեսլականից:

Մեզ ի սկզբանե հաջողվել է արտաքին քաղաքականությունը կառուցել հավասարակշռվածության եւ բազմաուղղվածության սկզբունքներին համապատասխան, եւ ապագայում եւս դրանք անվերապահորեն ուղենիշ կհանդիսանան մեր երկրի համար: Այս համատեքստում կշարունակենք բարիդրացիական հարաբերություններ պահպանել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ տարածաշրջանային պետությունների հետ:

Նման քաղաքականությունը պայմանավորված է նաեւ հայկական սփյուռքի առկայությամբ, եւ մեր քայլերով պետք է միմիայն նպաստենք այդ ներուժի ամրապնդմանը: Մենք կշարունակենք ըստ ամենայնի ընդլայնել եւ խորացնել կապերը սփյուռքի տարբեր գաղթօջախների հետ:

Խոսելով այս հարցի մասին՝ ուզում եմ նշել, որ որակապես նոր լիցք պետք է հաղորդել սփյուռքի արցախյան հատվածի հետ փոխգործակցությանը, որտեղ ունենք անելիքների լայն դաշտ, հատկապես՝ նրանց խիտ բնակեցման վայրերում: Այստեղ հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսական, մշակութային, գիտակրթական, մարդասիրական հարցերին:

Ընդհանուր առմամբ, արտաքին ասպարեզում քաղաքականություն վարելիս հարաբերությունների հաստատումն ու զարգացումը երբեւիցե չենք պայմանավորելու Արցախի Հանրապետության ճանաչմամբ: Նման դիրքորոշումը միանշանակ կբարդացնի ճանաչումը եւ կխոչընդոտի փոխշահավետ համագործակցության հաստատումը:

***

Մեր պետականաշինության նշանակալի ձեռքբերումներից է երկրում ներքաղաքական կայունության եւ հասարակական անվտանգության բարձր մակարդակի ապահովումը, ինչը կշարունակի մնալ պետության գերխնդիրներից մեկը:

Անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման ոլորտներում ծրագրի կիզակետը կլինի հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության մակարդակի բարձրացումը:

Արցախի քաղաքացիները պետք է զգան, որ իրենք ապրում են պաշտպանված, ապահով եւ անվտանգ երկրում, ինչը մարդկային կապիտալի զարգացման կարեւորագույն պայման է:

Իրավապահ մարմինների գործողություններն առաջին հերթին ուղղված կլինեն ազգային անվտանգությանը սպառնացող առկա եւ հավանական ռազմաքաղաքական սպառնալիքների բացահայտմանն ու չեզոքացմանը, տարածաշրջանում կայունության պահպանմանը:

Անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման ոլորտում առաջիկա երեք տարիների գործունեության հիմնական նպատակները կշարունակեն մնալ՝ սահմանադրական կարգի պահպանումը, քաղաքացու իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը, ազգային անվտանգության ապահովումը, պետական սահմանների պաշտպանությունը, հասարակության եւ պետության շահերի պաշտպանությունը, հանցագործությունների կանխարգելումը, հասարակական կարգի ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը, բացասական երեւույթների դեմ պայքարի ուժեղացումը եւ իրավախախտումների նախականխման ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի կատարելագործումը, դատաիրավական բարեփոխումների շարունակականության ապահովումը:

Իրավապահ մարմինների գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով կարեւորվում է կառույցների շարունակական հագեցումը ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով:

***

Այժմ կանդրադառնան սոցիալ-տնտեսական դաշտում մեր անելիքներին:

Վերջին տասը տարիների ընթացքում հանրապետությունում տնտեսական աճի միջին տեմպերը կազմել է 9,8 տոկոս, ինչը բավականին բարձր ցուցանիշ է, հատկապես՝ հաշվի առնելով վերոհիշյալ ժամանակահատվածում աշխարհում եւ տարբեր տարածաշրջաններում ֆինանսատնտեսական ճգնաժամային լուրջ երեւույթների առկայությունը:

Հուլիսի 19-ին Ազգային ժողովում ունեցած իմ ելույթում նշել եմ, որ նախատեսում ենք ապահովել 8-ից 10-ը տոկոս միջին տարեկան տնտեսական աճ եւ 2020 թվականին ՀՆԱ-ն հասցնել 310 միլիարդ դրամի: Ինչքան էլ հավակնոտ լինի այս մոտեցումը, այն իրատեսական է եւ հնարավոր է կյանքի կոչել:

Վերոհիշյալ ցուցանիշներն ապահովելու համար կմշակվեն համապարփակ ծրագրեր, որտեղ շեշտը կդրվի, մասնավորապես՝ աշխատանքի արտադրողականության եւ այլ ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման, ներմուծման փոխարինումը եւ ոչ հումքային արտահանման ընդլայնումը խթանող ծրագրերի իրականացման, զբաղվածության մակարդակի բարձրացման վրա:

2017-2020 թվականներին տնտեսական քաղաքականության կարեւոր նպատակներից կլինի հանրապետության տնտեսության առանձին ճյուղերի փոխկապակցվածության այնպիսի մակարդակի ապահովումը, որը կտա մաքսիմալ սիներգետիկ էֆեկտ:

Արցախի տնտեսական աճի եւ տնտեսական մրցունակության ապահովման գործում բարձր է բարենպաստ գործարար միջավայրի դերը: Մենք նախատեսում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ եւ գործարար միջավայրը դարձնել երկրի մրցակցային առավելություններից մեկը: Զուգահեռաբար արվելու է հնարավորը վարչարարության կրճատման ուղղությամբ:

Կայուն երկարաժամկետ զարգացման խնդրի լուծման կարեւորագույն պայմաններից մեկն է գերակա ոլորտներում արագացված տեխնոլոգիական զարգացումը, որի հետագա ընթացքը մեծապես պայմանավորված է ներդրումային նպատակաուղղված քաղաքականությամբ եւ դրա արդյունավետ իրականացմամբ:

Հատուկ ուշադրություն կդարձվի արտահանման խթանման, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման, հարկային դաշտի բարելավման քաղաքականությանը:

Տնտեսական քաղաքականության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է վարել նաեւ համապատասխան բյուջետային քաղաքակա­նություն: Նախատեսվում է թիրախավորել պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի քանակական եւ որակական արդյունքների գնահատումը, ավելի ուժեղացնել ֆինանսական կարգապահությունը:

***

Արցախի Հանրապետությունը սոցիալական երկիր է, ինչը պահանջում է հզոր սոցիալական պաշտպանության համակարգի առկայություն եւ նպատակասլաց քաղաքականության իրականացում:

Պետությունը կշարունակի սոցիալապես անապահով խավերին հատուկ ուշադրության կենտրոնում պահելու քաղաքականությունը:

Այդ շրջանակներում պետական աջակցության ցուցաբերումը կարտահայտվի, մասնավորապես՝ պատերազմական գործողություններից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման, սոցիալապես անապահով ընտանիքների, Արցախյան պատերազմում զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, բազմազավակության խթանման, փախստականների եւ վերաբնակեցման ծրագրերի իրականացմամբ:

Բազմազավակ ընտանիքների, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանային ապահովությանն ուղղված, մասնավորապես, հինգ եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակելի տների հատկացման ծրագրերը կշարունակվեն:

Կշարունակվի նաեւ 1-ին եւ 2-րդ խմբերի զինվորական հաշմանդամների ընտանիքների օգտագործված էլեկտրաէներգիայի եւ բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության ցուցաբերման ծրագիրը:

Իրականացվող ծրագրերի շրջանակները հետագայում կընդլայնվեն՝ սոցիալական ապահովության կարիք ունեցող այլ խմբերի ընդգրկմամբ, ինչպես նաեւ աշխատանքներ կտարվեն դրամաշնորհների չափերի ավելացման ուղղությամբ:

Բնակարանային շինարարության պետական ծրագրերի շրջանակում առանձնակի տեղ կհատկացվի զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, նրանց բնակարաններով ապահովմանն ուղղված ծրագրերին:

Պետությունը կշարունակի սոցիալապես անապահով քաղաքացիներին տրված հիփոթեքային վարկերի տոկոսագումարի սուբսիդավորման, հիփոթեքային վարկի կանխավճարի տրամադրման, ինչպես նաեւ բնակելի տուն կառուցելու նպատակով գյուղական բնակավայրերում բնակվող երիտասարդ ընտանիքներին անհատույց ֆինանսական աջակցության ցուցաբերման քաղաքականությունը:

2017-2020 թվականների ծրագրի իրականացումը ենթադրում է բնակչության իրական աշխատավարձի մակարդակի բարձրացում, նվազագույն ամսական աշխատավարձի չափի ավելացում, գործազրկության մակարդակի իջեցում, նոր աշխատատեղերի ստեղծում:

Սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերում հատուկ տեղ կհատկացվի «պետություն-մասնավոր հատված» փոխգործակցությանը՝ հատկապես սոցիալապես խոցելի խավերին լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով:

***

Մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններից է ժողովրդագրական իրավիճակի բարելավումը: Վերջին տարիներին այստեղ նկատվում են դրական միտումներ, ինչը թեպետ գոհացուցիչ է, բայց միեւնույն ժամանակ չի կարող լիովին բավարար լինել:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում հիմնական շեշտը կդրվի ծնելիության խթանման վրա: Զուգահեռ պետությունը կշարունակի բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ եւ բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության իր քաղաքականությունը:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար կարեւոր տեղ կհատկացվի վերաբնակեցմանը:

Այս բնագավառում նախատեսվում է վերաբնակեցման պետական քաղաքականության նոր սկզբունքների մշակում, վերաբնակեցման կազմակերպման եւ իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունների իրավական ամրագրում:

Առանձնակի ուշադրություն կդարձվի ծնելիության, բազմազավակության եւ ամուսնությունների խրախուսման, ինչպես նաեւ ակտիվ միգրացիոն քաղաքականության շնորհիվ բնակչության ներհոսքի խթանմանն ուղղված աշխատանքներին:

***

2017-2020 թվականներին կիրականացվեն համապատասխան աշխատանքներ արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացման ուղղությամբ:

Մեր տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը հանքարդյունաբերությունն է, եւ այստեղ աճի բարձր տեմպերի պահպանումը գերխնդիր է:

Նախատեսվում է իրականացնել ծավալուն ծրագրեր հիդրոէլեկտրաէներգիայի բնագավառում, որը երկարաժամկետ հեռանկարում կայուն եկամուտներ ապահովող ամենամեծ ներուժ պարունակող ուղղություններից է:

Մինչեւ 2020 թվականը նախատեսվում է 10 նոր հիդրոէլեկտրակայանների կառուցում, ինչի արդյունքում Արցախը կդառնա էլեկտրաէներգիա արտահանող երկիր, եւ թողարկվող էլեկտրաէներգիայի ծավալը տարեկան կկազմի 550 մլն կիլովատ/ժամ, իսկ մինչեւ 2023 թվականը նախատեսվում է այն հասցնել 750 մլն կիլովատ/ժամի:

Միաժամանակ, զարգացնելով արդյունաբերության այս երկու ուղղությունները, կարվի հնարավորը, որպեսզի հանքարդյունաբերության զարգացումը բացասական ազդեցություն չթողնի շրջակա միջավայրի վրա, որը նույնպես Արցախի ամենամեծ հարստություններից է:

***

Քաղաքաշինության բնագավառում քաղաքականությունն ուղղված կլինի բնակավայրերի կայուն զարգացման քաղաքաշինական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, ազգաբնակչության, արտադրողական ուժերի ու միջոցների տեղաբաշխմանը, ճարտարապետության, բնակարանային-կոմունալ տնտեսության, շինարարության եւ շինարդյունաբերության ծրագրերի իրականացմանը:

Կշարունակվի նաեւ արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության ծավալների ընդլայնումը, խստապահանջ վերաբերմունք կցուցաբերվի ոչ միայն աշխատանքների որակի, այլ նաեւ նոր շենքերի եւ շինությունների ճարտարապետական տեսքի պահպանմանը, որտեղ անվերապահորեն պետք է հաշվի առնվեն մեր ազգային ոճն ու առանձնահատկությունները:

Քայլեր կձեռնարկվեն համայնքների գլխավոր հատակագծերի մշակման ուղղությամբ, ինչը կնպաստի համայնքների հեռանկարային զարգացման հիմնական ուղղությունները նախանշելու եւ համապատասխան ծրագրեր կազմելու ու իրականացնելու գործընթացին, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Բնակարանային շինարարությունում մեծ ուշադրություն կդարձվի գյուղական բնակավայրերում նոր բնակելի տների շինարարությանը:

Շարունակական բնույթ կկրեն նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների, մշակութային եւ առողջապահական օբյեկտների կառուցման ու հիմնանորոգման, ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների պահպանման եւ շահագործման աշխատանքները:

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում կլինեն կառույցների սեյսմակայունության եւ հուսալիության ապահովման խնդիրները` սեյսմազինվածության բարձրացմանը նպատակաուղղված ինժեներապաշտպանական միջոցառումների ծրագրերի մշակման ու իրականացման միջոցով:

***

2017-2020 թվականների ծրագրով նախատեսված է մեծածավալ աշխատանքներ իրականացնել՝ ուղղված գյուղատնտեսության շարունակական զարգացմանը:

Հատուկ ուշադրություն կդարձվի, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրության ինտենսիվ մեթոդների, նորագույն տեխնոլոգիաների եւ կառավարման համակարգերի կիրառման, գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչությանը խորհրդատվությունների տեսքով մասնագիտական աջակցության ցուցաբերման, ոռոգման ցանցի ընդլայնման ու արդիականացման հարցերին:

Նախատեսվում է համախառն արտադրանքի ավելացում տարեկան շուրջ 10 տոկոսով, պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, ավելացված ավելի մեծ արժեք ապահովող մշակաբույսերի մշակում, տեղական արտադրանքի ավելացման հաշվին ներմուծման ծավալների նվազեցում եւ գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծում, տեխնիկական հագեցվածության շարունակական բարձրացում:

Մեր գյուղատնտեսական ապրանքները պետք է մրցունակ լինեն ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին շուկաներում, դառնան Արցախի յուրահատուկ բրենդն աշխարհում՝ խորհրդանշելով բարձր որակ, էկոլոգիական մաքրություն, առողջարարություն եւ մատչելի գներ:

Առաջադրանքն, իհարկե, բարդ է, բայց քրտնաջան եւ համակարգված աշխատանքի դեպքում՝ իրատեսական է: Այստեղ անհրաժեշտ է լինելու նոր որակ հաղորդել արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, Հայաստանի եւ սփյուռքի ներուժի ճիշտ օգտագործմանը, ամուր ու փոխշահավետ գործնական կապերի հաստատմանը տարբեր երկրների տնտեսական շրջանակների հետ:

***

Կարեւորագույն խնդիրներ են նախատեսվում լուծել առողջապահության համակարգում: Այստեղ առաջնահերթ կլինի առողջապահական ծառայությունների որակի եւ մատչելիության մակարդակի բարձրացումը:

Մեզ համար առանցքային են ազգաբնակչության առողջության պահպանումը, հիվանդացության, մահացության եւ հաշմանդամության մակարդակի նվազեցումը, առաջնային բուժօգնության օղակի զարգացումը:

Նախատեսված է իրականացնել մի շարք համալիր ծրագրեր, մասնավորապես` տարբեր հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերման եւ կանխարգելման, իմունիզացիայի պետական ծրագրի իրականացման շարունակականության ապահովման, բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման, տեխնիկական հագեցվածության ապահովման, կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, հիվանդանոցային ցանցի արդիականացմանը զուգընթաց ախտորոշման եւ բուժման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:

***

Պետության հատուկ ուշադրության կենտրոնում է եղել եւ մնում է կրթությունը:

Մեր երկրի ամենամեծ, կարելի է ասել, անսպառ հարստությունը մեր ժողովրդի մտավոր ներուժն է: Այդ իսկ պատճառով՝ կրթության եւ գիտության ոլորտը առանցքային նշանակություն ունի մեզ համար, հատկապես՝ ներկա բարձր տեխնոլոգիաների եւ գլոբալացման դարաշրջանում:

Նախատեսվում է իրականացնել մի շարք ռազմավարական ծրագրեր՝ ուղղված նախադպրոցական ցանցի ընդլայնմանն ու ժամանակակից պայմաններին համապատասխանեցմանը, հանրակրթության ոլորտում կրթական նոր չափորոշիչների մշակմանը, դասավանդման որակի բարձրացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը:

Ծավալուն աշխատանք է սպասվում բարձրագույն կրթության համակարգում, առանձնապես՝ ուսման որակի բարձրացման, ժամանակակից մեթոդների ներդնման, միջազգային փոխգործակցության խորացման, բուհերի տեխնիկական եւ շենքային պայմանների բարելավման ուղղությամբ:

Խոսելով ոլորտում իրականացվելիք աշխատանքների մասին՝ նպատակահարմար եմ գտնում անդրադառնալ մշակման փուլում գտնվող հավակնոտ մի նոր ծրագրի:

Ես արդեն նշեցի, որ մեր ամենամեծ հարստությունը մեր ժողովրդի մտավոր ներուժն է: Այս համատեքստում կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել մի խնդրի վրա, որի լուծումը հասունացել է, սակայն տարբեր պատճառներով դեռեւս չի գտնվում գործնական հարթությունում: Խոսքը տաղանդավոր երեխաների մասին է, որոնց բնությունն օժտել է բացառիկ ընդունակություններով:

Արցախը միշտ աչքի է ընկել իր անվանի ու հանրաճանաչ գիտնականներով, որոնց թվով մեր փոքրիկ երկրամասը աշխարհում առաջատար տեղ է զբաղեցնում: Եվ այդ ներուժը մեր երկիրն ունի առ այսօր:

Պարզապես անհրաժեշտ է մշակել եւ կիրառել պետական աջակցության հատուկ ծրագիր, որը թույլ կտա վերհանել այդ ներուժը, հնարավորություն տալ այդ երեխաներին որակյալ միջնակարգ եւ բարձրագույն կրթություն ստանալ աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններում:

Նախատեսում ենք այս գործընթացին մասնակից դարձնել նաեւ մասնավոր հատվածին, մեր բարերարներին, ակնկալելով նրանցից ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ կազմակերպչական ու խորհրդատվական աջակցություն:

Հայտնի աշխարհահռչակ գիտնականներ, մշակույթի, սպորտի եւ այլ բնագավառների ներկայացուցիչներ ունենալը ցանկացած պետության համար բարձր պատիվ է եւ մեծապես նպաստում է տարբեր երկրների ու կառույցների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը, սեփական հայրենիքի բարգավաճմանը:

Ծրագիրն իրոք հավակնոտ է, բայց պատշաճ իրականացման դեպքում երկարաժամկետ հեռանկարում, համոզված եմ՝ խոստումնալից արդյունքներ կբերի Արցախի համար:

***

Պետությունը կշարունակի հատուկ ուշադրություն հատկացնել սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը: Քայլեր կձեռնարկվեն դրանց մասսայականացման ուղղությամբ:

Այս համատեքստում աշխատանքներ կտարվեն նոր ենթակառուցվածքների կառուցման, մարզադպրոցների ցանցի ընդլայնման եւ այնտեղ ընդգրկված սաների թվի ավելացման ուղղությամբ:

Պետությունը կշարունակի խրախուսել իր լավագույն մարզիկներին, արդիականացնել մարզական ենթակառուցվածքների տեխնիկական հագեցվածությունը:

***

Մեր երկրի զարգացման օրակարգում միշտ էլ առանձնակի տեղ է զբաղեցրել մշակույթի ոլորտը:

Վերջին տարիներին այստեղ իրականացվել են ծավալուն աշխատանքներ, ինչի շնորհիվ տեսանելի է զարգացման դրական դինամիկա:

Կշարունակվեն ազգային մշակույթի պահպանման եւ հանրահռչակման, համահայկական ու միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նախորդ տարիներին հանրապետությունում մշակութային կենտրոնների, դահլիճների եւ կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին կգումարվեն Արցախի պատմության պետական թանգարանի նոր շենքի, Ստեփանակերտում մշակութաժամանցային նոր համալիրի, ժամանակակից գրադարանի կառուցման նախագծերը:

Շրջկենտրոններում եւ հատկապես գյուղական համայնքներում մշակույթի տների շենքային պայմանների բարելավման ու նյութատեխնիկական բազայի ապահովման աշխատանքներին զուգահեռ կմշակվեն եւ կիրագործվեն մշակույթի միջոցով համայնքների զարգացման նոր ծրագրեր:

***

Պետության կողմից հատուկ ուշադրություն կդարձվի զբոսաշրջությանը, ինչը, իր հերթին, կխթանի տարբեր ենթակառուցվածքների զարգացումը, մասնավորապես, կնպաստի նաեւ մեր երկիրն աշխարհին ճանաչելի դարձնելու գործին:

Առաջիկա տարիներին համալիր ծրագրեր կիրականացվեն զբոսաշրջային նոր ենթակառուցվածքների ստեղծման, բազմաբնույթ ծառայությունների ներդրման ուղղությամբ:

Կմշակվեն ներդրումային ծրագրեր՝ զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջավայրերի կայուն զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ համաշխարհային զբոսաշրջային շուկայում մրցունակ ու հետաքրքիր առաջարկներով հանդես գալու նպատակով:

Զբոսաշրջության միջոցով տարածքային համաչափ զարգացման քաղաքականության շրջանակներում նախատեսվում է խթանել գյուղական համայնքներում ավանդական զբոսաշրջային տների ստեղծումը:

Այս ամենը դրական ազդեցություն կունենա Արցախում զբոսաշրջիկների հոսքի աճի եւ մեր երկրի զբոսաշրջային վարկանիշի վրա:

Հարգելի՛ ներկաներ,

Այսպիսինն է 2017-2020 թվականներին մեր անելիքների ամփոփ պատկերը:

Իհարկե, իմ ելույթում ես չեմ անդրադարձել ծրագրային բոլոր կետերին: Իրականացվելիք աշխատանքները, ինչպես նշեցի սկզբում, մանրամասնորեն ներկայացված են հրապարակված ծրագրում:

Այն արդյունավետորեն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է իշխանության բոլոր թեւերի ու կառույցների, պետության ու հասարակական հատվածի համատեղ, կազմակերպված ու համակարգված աշխատանք, որը յուրաքանչյուրիցս պահանջում է պարտականությունների կատարման հանդեպ պատասխանատվության բարձր աստիճան:

Ես ավելի քան համոզված եմ, որ մեզ կհաջողվի լուծել մեր ժողովրդի բարեկեցության հետեւողական բարձրացմանը, երկրի անվտանգության ու պաշտպանունակության համակարգի ամրապնդմանն ու ուժեղացմանն ուղղված խնդիրները:

Բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, հաջողություններ եւ ամենայն բարիք:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031