Շվեյցարական Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումն է: Ակնկալել, որ այդ հանդիպման արդյունքում որևէ բեկումնային առաջընթաց կլինի, միամտություն է: Արցախյան հակամարտության կոնտեքստը նման լավատեսության հիմքեր չի տալիս. կողմերը շարունակում են հավատարիմ մնալ իրենց դիրքորոշումներին, որոնք հատման եզրեր գրեթե չունեն:
Փոխարենը՝ այս հանդիպումը կայանում է արտաքին և ներքին այնպիսի զարգացումների ֆոնին, որոնք հնարավորություն են տալիս պնդելու, որ Իլհամ Ալիևը հայկական կողմի հետ գնում է բանակցությունների այնպիսի թուլացած վիճակում, որպիսին չի եղել իր պաշտոնավարման մեկնարկից ի վեր:
Ալիևի թուլացման գլխավոր ցուցիչն, անշուշտ, Ադրբեջանի միջազգային մեկուսացումն է, որը լայն թափ է հավաքել հատկապես վերջին երկու ամիսներին: Նախ՝ սեպտեմբերի սկզբին արևմտյան մամուլում զարկ տրվեց միջազգային կոռուպցիոն սխեմաներում Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ հրապարակումներին: «Ադրբեջանական լվացքատուն» խորագրով հրապարակված բացահայտումների արդյունքում պարզվեց, որ Ալիևների կլանն ավելի քան 3 մլրդ դոլար է ծախսել սև սխեմաներով լոբբիստական և քարոզչական աշխատանքների վրա: Այս հրապարակումների ազդեցությունը պատկերացնելու համար բավական է փաստել, որ ԵԽԽՎ վերջին նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը գրեթե հարյուր տոկոսով մեկուսացած էր. որևէ իրեն հարգող եվրապատգամավոր խուսափում էր ադրբեջանցի պատվիրակների հետ նույնիսկ ոչ ֆորմալ շփումներից այն պարզ պատճառով, որ կարող էր ստվերել իր հեղինակությունը: Մի խոսքով՝ ադրբեջանցի պաշտոնյաներին ներկայումս Եվրոպայում վերաբերում են ինչպես ժանտախտով հիվանդների և խուսափում են որևէ ֆիզիկական շփումից: Չի բացառվում, որ նաև սա էր պատճառը, որ ԵԽԽՎ վերջին նստաշրջանում այդ երկրին չհաջողվեց հակազդել հակաադրբեջանական բանաձևերի ընդունմանը: Մի բան, որ նախկինում բավականին հաջող ստացվում էր:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի տապալման իսկական խորհրդանիշը դարձավ Պեդրո Ագրամունտի խայտառակ հրաժարականը: Ադրբեջանի իշխանությունների հետ վերջինիս կապերի ու այդ հիմքով ավտորիտար երկրի արատները թաքցնելու մոտիվների հարցում ոչ մի կասկած չկար և նախատեսվում էր, որ արդեն հոկտեմբերի 9-ին ԵԽԽՎ-ն նրան անվստահություն կհայտնի, սակայն հոկտեմբերի 6–ին Ագրամունտն ինքը հրաժարական տվեց՝ փրկելով սեփական պատիվն ու խաչ քաշելով Ադրբեջանի սին հույսերի վրա:
Այս հարվածից հետո Ադրբեջանին սպասվում էին հետագա տապալումներ: Նախ՝ ԵԽԽՎ նոր նախագահի ընտրությունն էր, որտեղ Բաքվի համար խիստ անցանկալի էր, որպեսզի ընտրվի Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը: Թեև ԵԽԽՎ ընթացակարգերն արգելում են, որպեսզի պատվիրակներն իրենց նախապատվությունների մասին հրապարակավ արտահայտվեն, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները չէին թաքցնում Բաքվի մտադրություններն առ այն, որ ցանկալի թեկնածուն Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսն է: Ավելին՝ Ադրբեջանում ամեն կերպ դեմ էին Կիպրոսի ներկայացուցչին, գուցե այն պատճառով, որ այդ երկիրն ամենաբարձր մակարդակով Արցախի հիմնախնդրի շուրջ արել է հայտարարություններ, որոնք մեղմ ասած չեն համընկնում Ադրբեջանի մոտեցումների հետ:
Ինչևէ, ի վերջո Ստելլա Կիրիակիդեսն ընտրվեց ԵԽԽՎ նախագահ, և այս փաստին անմիջապես հաջորդեց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ երկու բանաձևերի ընդունումը: Հոկտեմբերի 11-ին ընդունված բանաձևերից մեկն Ադրբեջանի վերաբերյալ մոնիտորինգային պարբերական բանաձևն է Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների մասին, մյուսը իրավական հարցերի հանձնաժողովում պատրաստված բանաձևն էր՝ Ադրբեջանում մարդու իրավունքների դրության վերաբերյալ։ Երկուսն էլ Ադրբեջանում առկա արատավոր երևույթներին անդրադարձող խիստ քննադատական փաստաթղթեր են, որոնց վերաբերյալ այդ երկրի իշխանությունների միակ արձագանքն այն է, թե իբր դրանք սուբյեկտիվ պատկերացումների վրա հիմնված կողմնակալ փաստաթղթեր են, որոնք ստիպում են Ադրբեջանին վերանայել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետ։
Պարզ է, որ ոչ թե Ադրբեջանն է վերանայում իր հարաբերությունները, այլ հենց Եվրոպան, ավելի լայն՝ Արևմուտքն է փոխում վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ: Չի բացառվում, որ քաղաքակիրթ աշխարհի համբերության բաժակը լցրեց այս տարվա մայիսին տեղի ունեցած միջադեպը, երբ Իլհամ Ալիևի հրամանով ազատ խոսքի հետապնդում իրագործվեց մեկ այլ սուվերեն երկրի՝ Վրաստանի տարածքում: Աֆղան Մուխթարլիի առևանգումն ու հետապնդումը մինչ օրս էլ արևմտյան մամուլի ուշադրության կենտրոնում է, և ակնհայտ է, որ Ալիևն իր այս քայլով մի շարք կարմիր գծեր է հատել ու ներկայումս քաղում է դրա պտուղները:
Ալիևի արկածախնդիր ամենաթողության ավարտի իսկական խորհրդանիշ դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ում կայացած քվեարկությունը, երբ այդ երկրի ներկայացուցիչ Փոլադ Բյուլբյուլօղլին ստացավ ընդամենը երկու ձայն: Այստեղ խնդիրը ձայների քանակը չէ, չնայած աշխարհի քաղաքական ողջ քարտեզն ընդգրկող կառույցում երկու ձայնը վիրավորական կլիներ նույնիսկ գաճաճ երկրների համար:
Իլհամ Ալիևի ռեժիմը որքանով որ միջազգային մեկուսացման մեջ է, ճիշտ նույնքան էլ երկրի ներսում է հարուցել հասարակության ու էլիտայի վրդովմունքը: Հատկապես Մեհրիբան Ալիևային փոխնախագահ նշանակելուց և ընտանիքով ՄԱԿ ԳԱ նստաշրջան ներկայանալուց հետո Ադրբեջանում շատերն այլևս կասկած չունեն, որ իրենց ճակատագիրը պայմանավորված է բացառապես մեկ ընտանիքի ներսում հարաբերություններից ու դրանց որակից: Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 2018-ին, երբ լրանա Իլհամ Ալիևի պաշտոնավարման ժամկետը, Բաքվում խիստ սրվելու է իշխանության փոխանցման հարցը: Ներկայումս դիտարկվում է զարգացման չորս հնարավոր տարբերակ, և զավեշտն այն է, որ բոլոր չորսն էլ սահմանափակվում են Ալիևների ընտանիքի շրջանակներում:
Ընդհանուր առմամբ այսօր Իլհամ Ալիևը հիշեցնում է անկյուն քշված գազանի, ումից կարելի է սպասել ամեն ինչ: Բայց խնդիրն այն է, որ այդ գազանն ամենևին էլ զորեղ չէ: Ճիշտ է՝ Ալիևն ու իրեն սպասարկող քարոզչամեքենան վստահ էին, որ տարիներ շարունակ տասնյակ միլիարդավոր դոլարներ կլանած բանակն ի զորու կլինի անհրաժեշտ պահին Արցախյան հակամարտության գոտում սադրանքով ձեռք մեկնել Ալիևին ու ընտանիքին՝ օգնելով դժգոհ հասարակությանը մոբիլիզացնել ընդդեմ արտաքին վտանգի և միջազգային գործերում գործոն դառնալ: Սակայն իրողությունները միանգամայն այլ են. Ադրբեջանի բանակը ոչ միայն ոչ մի որակական առավելություն չունի Հայաստանի ու Արցախի զինված ուժերի նկատմամբ, այլև շատ կարևոր սեգմենտներում զիջում է: Խոսքն ամենևին էլ միայն «Իսկանդերն» ու Բագրատյանի ունեցած միջուկային զենքը չեն: Խոսքը շատ ավելի լուրջ սպառազինությունների ու տեխնոլոգիաների մասին է, որոնք ռազմա-քաղաքական բալանսը շեղում են դեպի հայկական կողմ: Եվ այն, որ տանկերի, ինքնաթիռների կամ հրետանու առանձին միջոցների քանակով Ադրբեջանը գերազանցում է Հայաստանին, ամենևին էլ չի նշանակում, որ Բաքուն առավելություն ունի: Առավելություն ունի նա, ով ավելի լավ է զինված իր առջև դրված խնդիրը լուծելու համար, իսկ այս հարցում Իլհամ Ալիևն ինքն էլ գիտի իրերի իրական վիճակը:
Ահա հենց այս ֆոնին էլ նա ստիպված էր մեկնել Ժնև և բանակցություններ վարել Հայաստանի նախագահի հետ: Ճիշտ է, նա երկրի ներսում պատրանք է ստեղծում, թե իբր հաղթողի դիրքերից է հանդես գալիս, բայց հոգու խորքում հասկանում է, որ անկյուն է քշված: Իսկ թե ինչպես կհանգուցալուծվի այս իրավիճակը, դժվար է ասել: Ադրբեջանցի փորձագետները, մասնավորապես Լեյլա Յունուսը վստահ է, որ երկրի հետագա ճակատագիրը դասավորվելու է Սիրիայի պես: Քանի դեռ չհռչակված միապետության շրջանակներում իշխանությունը փոխանցվում է հորից որդուն, հասարակությունը ռադիկալիզացվում է, ինչի արդյունքը բազմազգ երկրի ֆրագմենտացիան է: Չի բացառվում՝ արյունահեղությամբ:
Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ
Քաղաքագետ