«Նարեկացի» արվեստի միությունը հյուրընկալել է “System of a Down” հռչակավոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանին և CNN հեռուստաընկերության նկարահանող խմբին: Այցելության նպատակը «Նարեկացի» նվագախմբին ծանոթանալը, լսելն ու նկարահանելն է:
Երիտասարդ երաժիշտներն Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ 2016 թվականին, որպես նվիրում Սերժ Թանկյանին և SOAD խմբի անդամներին, ներկայացրել էին վերջիններիս “Aerials” երգի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել և շնորհիվ դրա՝ ռոք երաժիշտը, այցելելով Հայաստան դեռևս 2017 թվականի մարտ ամսին, չէր մերժել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի հրավերը և եկել էր՝ լսելու նրանց:
Թանկյանը կրկին Նարեկացի արվեստի միության կենտրոնում է CNN-ի նկարահանող խմբի հետ, ով հետաքրքրված է հայկական անաղարտ երաժշտությամբ և «Նարեկացի» նվագախմբի գործունեությամբ:
Մթնոլորտն աշխատանքային էր, չափազանց ջերմ ու փոխադարձ ոգևորությամբ լի:
– Մենք հետևում ենք ձեզ, մենք հպարտ ենք ձեզնով: Դուք շատ լավ եք նվագում: Շնորհակալություն,- իր սրտի խոսքն ասաց նվագախմբին Սերժ Թանկյանը:
Իր զգացողություններն ու շնորհակալական խոսքն արտահայտեց նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը՝ ասելով.
-Շնորհիվ Սերժ Թանկյանի՝ CNN հեռուստաընկերությունը Հայաստանի ազգային մշակույթի մասին պատմող իր վավերագրական ֆիլմում ընդգրկեց նաև «Նարեկացի» նվագախմբի անդամների հնչեցրած մաքրամաքուր հայկական կատարումները: Խորին շնորհակալություն նրան «Նարեկացի» արվեստի միության և «Նարեկացի» նվագախմբի անունից:
Մամուլի հաղորդագրություն