Լրահոս
Օրվա լրահոսը

«Միչիգանի հայկական եկեղեցու հոգեւոր հովվի առաջարկն էր ստեղծել եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող երկ»

Հոկտեմբեր 16,2017 13:30

«Առավոտը» հյուրընկալել էր առաջին անգամ հայրենիք այցելած կոմպոզիտոր, պրոդյուսեր Դեն Եսսիանին, որը 1971թ. իր ստեղծած Yessian Music ընկերության, 1990-ականներից էլ որդիների՝ Բրայնի եւ Մայքլի համագործակցությամբ դարձել է ԱՄՆ-ի եւ աշխարհի պահանջված ու նորարարական կազմակերպություններից մեկը, որն իր գրասենյակներն ու ստուդիաներն ունի տարբեր երկրներում: Այս ընկերությունն արդեն մի քանի տասնամյակ երաժշտություն է ապահովում հանրահայտ United Airlines, Coke, Disney, Ford, McDonalds գործակալությունների համար:

Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ այսքան ուշ այցելեց հայրենիք, մեր զրուցակիցը նշեց, թե ծնվել ու մեծացել է Դեթրոյթում, հետո ընկավ հիշողությունների գիրկը. «Դպրոցում ուսանելու առաջին տարիներին մայրս չէր մոռանում գրքերի կողքին տեղավորել նաեւ նախաճաշ: Ի՞նչ եք կարծում, դա ի՞նչ էր. տոլմա կամ հայկական մեկ այլ ուտեստ: Իսկ հիմա պատկերացրեք՝ մի միջավայրում, որտեղ երեխաների պայուսակներում միայն ամերիկյան լանչեր են, ինձ մոտ՝ նրանց համար մի էկզոտիկ կերակուր….: Հաճախ էի մորս հարցնում, թե ինչո՞ւ ինձ չի տալիս ամերիկյան ուտելիք: Ի պատասխան՝ նա երգում էր հայկական հոգեւոր երգեր, այդ թվում՝ հատվածներ Եկմալյանի Պատարագից: Իհարկե, ես հետո-հետո, շա՜տ հետո հասկացա, թե ի՜նչ մեծ նշանակություն ունեցավ մորս՝ ինձ տված հոգեւոր սնունդը: Չէ, ես այդքան սենտիմենտալ չեմ, բայց պիտի խոստովանեմ, որ երբ մարդ տարիքն առնում է, ուզում է ոչ միայն ուսումնասիրել իր ակունքները, այլ պարզապես ետ գնալ ու մխրճվել իր արմատներում: Դա էլ գիտեք, չէ՞, ինչից է գալիս: Երբ մեծանում ես, շա՜տ ժամանակ ունես մտածելու»:

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ երաժիշտը մինչեւ 16 տարեկան, իր ձեւակերպմամբ՝ լինելով ամերիկյան մշակույթում, փնտրել է հայկական երաժշտության արտահայտչամիջոցներ: «16 տարեկանում իսկապես հիանալի տիրապետում էի կլարնետին ու այդ ժամանակ հրավեր ստացա մի հայկական ֆոլկ խմբից, որի փորձառու երաժիշտներն ինձ միանգամից ասացին՝ լսել ենք՝ ինչպես ես կլարնետ նվագում: Իսկ եթե վիրտուոզ կլարնետահար ես, ապա ենթադրում ենք, որ հայկական երաժշտությունից հեռու չես լինի: Այդ խմբի նվագացանկում ամերիկյան ու հայկական ստեղծագործություններ էին: Կարճ ասեմ՝ նրանք ինձ սովորեցրին հայկական երաժշտարվեստ,- հիշեց կոմպոզիտորն ու հավելեց.- կրկնում եմ՝ 16 տարեկան էի: Եվ այդ ժամանակ էլ հայերն ինձ սովորեցրին սիգար ծխել: Թեեւ իրենք խմիչք շատ էին օգտագործում, բայց ինձ պարզապես արգելում էին»:

Հետո մեր զրուցակիցն էլ ավելի հեռու գնաց. «Նախնիներս եղեռնից հետո Թուրքիայից տեղափոխվել են Հունաստան,  այնուհետեւ Կուբա: Վերջին հանգրվանը Ամերիկան էր: Թեեւ հարցազրույցների մեծ փորձ ունեմ, բայց, չգիտես ինչու, մոռացա ամենակարեւորը. երաժշտական իմ, բառի իսկական իմաստով՝ ամեն ինչը, ինչպես կուզեք անվանեք, ժառանգել եմ մորիցս: Նա տարիներ շարունակ երգել է Միչիգանի «Կոմիտաս» երգչախմբում: Դեռեւս այդ ժամանակվանից էր, որ իմ ներսում դրոշմվեց Եկմալյանի Պատարագը, որտեղից հատվածներ մինչեւ այժմ էլ ոչ թե երգում, այլ կատարում է 93-ամյա մայրս…»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հետո էլ մենախոսեց. «Ի վերջո երաժշտությունն ինձ բերեց հայրենիք՝ Հայաստան: Այս միտքս ընդունեք այսպես, ուղիղ… Կարծես տուն եմ եկել: Իսկ եկել եմ ոչ միայն նախնիներիս, ընտանիքիս, այլեւ համայն հայությանը, ինչու չէ՝ աշխարհին ձոնածս ստեղծագործությամբ, որը, թերեւս, գրել էի դեռեւս երեք տարի առաջ, բայց ի սկզբանե մտածում էի համաշխարհային պրեմիերան իրականացնել Հայաստանում: Մի գերագույն ցանկությունս կատարվեց. եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Հայկական եռապատումը» իսկապես բարձրարվեստ հնչեցրին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ մեներգիչ Տիգրան Պետրոսյանը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ընդ որում, ստեղծագործությանս կնքահայրը Միչիգանի հայկական եկեղեցու հոգեւոր հովիվն է, որի առաջարկով եմ գրել այն»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

14.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031