Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչքարի տեղադրումը չի կարող համարվել առանցքային հարց հայ-վրացական հարաբերություններում

Հոկտեմբեր 16,2017 11:11

Գումբուրդոյի միջադեպի մասին

Ջավախքում իրավիճակի լարվածությունը չի բխում ոչ Վրաստանի, ոչ էլ Հայաստանի շահերից: Այն կարող է բերել տարածաշրջանային լրացուցիչ լարվածության, ինչը վտանգավոր է: Վրաստանի նորագույն պատմության ընթացքում այդպիսի տարբեր իրավիճակներ ստեղծվել են: Բարեբախտաբար` առայժմ հաջողվել է դրանց ինչ-որ լուծումներ գտնել եւ լարվածությունը թուլացնել:

Այդ շրջաններում ձեւավորված են տեղական իշխանության մարմիններ, կան Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, գործող հայկական եկեղեցիներ, հասարակական կազմակերպություններ, ակտիվ անհատներ: Տրամաբանական է, որ նրանք ունենան իրենց հիմնական եւ կարեւոր խնդիրների վերաբերյալ միասնական օրակարգ եւ դրանց լուծման ուղղությամբ աշխատեն Վրաստանի իշխանության տարբեր մարմինների հետ: Իհարկե դա հեշտ չէ, միշտ լինում են երկուստեք տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ, կան անհատական, խմբակային եւ քաղաքական տարբեր շահեր: Բայց առանց դրանք հաղթահարելու հնարավոր չի որեւէ հարց լուծել:

Վերջերս Գումբուրդո գյուղի եկեղեցու բակում խաչքարի տեղադրման շուրջ առաջացած լարվածությունը դրանցից մեկն է: Այս եկեղեցու պատկանելության շուրջ լարված բանավեճը նոր չէ: Այն պարբերաբար ընթանում է հիմնականում գյուղի բնակչության եւ վրացական շրջանակների միջեւ արդեն 20-25 տարի: Այդ թեման վաղուց պետք է փակված լիներ, հատկապես որ եկեղեցին պատմական հուշարձան է, և պատմական հուշարձանի պատկանելության հարցը պատմամշակութային խնդիր է: Անթույլատրելի է, որ եկեղեցու բակում խաչքար տեղադրելու հարցը բերեր գյուղի բնակչության եւ ոստիկանության բախմանը: 90-ական թվականներին այլ իրավիճակ էր, այլ տրամաբանություն եւ այլ պատկերացումներ: Իրենց դերն ունեին նաեւ էմոցիաները: Տարածաշրջանում նոր էին ձեւավորվում պետական ինստիտուտները եւ միջպետական հարաբերությունները: Սակայն 21-րդ դարում ընթացող գլոբալ եւ տարածաշրջանային լուրջ գործընթացների պարագայում եկեղեցու բակում խաչքարի տեղադրումը կամ դրա արգելքը բախումներով չի ուղեկցվում: Այստեղ մեծ անելիք ունեն նշված տեղական բոլոր կառույցները: Լուրջ անելիք ունեն նաեւ Վրաստանի իշխանությունները, որովհետեւ ոստիկանության գործողությունների համաչափությունը եւս առնվազն կասկածելի է:

Խաչքարի տեղադրումը չի կարող համարվել առանցքային հարց հայ-վրացական հարաբերություններում։

Հայ-վրացական սերտ հարաբերությունները շատ կարեւոր են եւ Հայաստանի եւ վստահաբար` Վրաստանի համար: Դրանք եղել են ոչ միայն միջպետական ֆորմալ հարաբերություններ, այլ ընդգրկել են գրեթե բոլոր բնագավառները` տնտեսական, մշակույթային, գիտական, բարեկամական եւ այլ:

Այդպիսի հարաբերություններով հետաքրքրված է նաև Վրաստանի հայությունը, հատկապես՝ Ջավախքի հայությունը: Այդպիսի հարաբերությունների պարագայում բազմաթիվ խնդիրներ կամ չեն ծագի, կամ ավելի հեշտ կլուծվեն:

Խաչքարի տեղադրման տհաճ միջադեպը մեկ անգամ ևս վկայում է, որ

հայ-վրացական հարաբերությունների այսօրվա օրակարգը բավարար չէ. այն բավարար չափով ինտենսիվ չէ և չի ընդգրկում հարեւան եւ բարեկամ երկրների հարաբերություններին հատուկ հնարավորությունները, ընդհուպ մինչև Վրաստանի հայության ազգային, կրթական եւ մշակույթային խնդիրները: Անհրաժեշտ է ընդլայնել այդ օրակարգը: Դրա համար հսկայական պոտենցիալ կա: Մենք ընդհանուր շահ եւ հետաքրքրություններ շատ ունենք: Հակառակ պարագայում մենք 21-րդ դարի այսօրվա փոխադարձ անհրաժեշտ օրակարգի փոխարեն կունենանք նախորդ դարի 90-ականների զգացմունքային-տարերային տեսլականը, որը ուղղակի չի դիմանա ժամանակի պահանջներին։

«Այլընտրանքային նախագծեր խումբն» առաջիկայում հանդես կգա հայ-վրացական հարաբերությունների օրակարգի վերաբերյալ ընդգրկուն առաջարկություններով:

 

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031