Հայաստանի առաջատար հեծանվորդ, Եվրոպայի՝ երիտասարդների 2015 թվականի չեմպիոն Էդգար Ստեփանյանը հոկտեմբերի 17-23-ին Բեռլինում մասնակցելու է Եվրոպայի՝ մեծահասակների առաջնությանը, իսկ նոյեմբերի 3-5-ին Վարշավայում՝ աշխարհի գավաթի խաղարկությանը: Էդգարն առաջին անգամ է մասնակցելու մեծահասակների` նման կարգի մրցաշարերի եւ վաստակած միավորները կարող են հնարավորություն տալ մեր հեծանվորդին՝ մասնակցելու աշխարհի 2018թ. առաջնությանը, որտեղ խաղարկվելու են 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի ջանքերով Էդգար Ստեփանյանը պատշաճ ուսումնամարզական հավաք է անցկացրել, ապահովվել անհրաժեշտ գույքով:
«Էդգար Ստեփանյանն ունակ է Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու: Նախապատրաստական փուլում, վերջին շրջանում կայացած մրցաշարերում գրանցված արդյունքները ցույց են տալիս, որ Էդգարը լավ մարզավիճակում է և կարող է նոր հաղթանակներ գրանցել: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարության հետ համատեղ հստակ ծրագիր ունենք նաեւ 2018 թվականի համար. անհրաժեշտ ամեն ինչ կարվի՝ մրցաշարերին մեր մարզիկի լիարժեք մասնակցությունն ապահովելու համար»,- կարևոր մրցաշարից առաջ վստահություն է հայտնել Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը: Հավելենք, որ Էդգար Ստեփանյանին առաջիկա մրցաշարերին նախապատրաստել է անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը, որն էլ կուղեկցի նրան Եվրոպայում:
Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիա