Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան հեշտ է մեռնելը աղքատների համար

Հոկտեմբեր 15,2017 22:51

Ես, ինչպես և մոտավոր բոլոր իմ տարիքի մարդիկ, մեր գիտակցական կյանքում առնչվել ենք երկու տնտեսական ֆորմացիաների՝ կացութաձևերի հետ, որոնցից անցածը սոցիալիստական էր (կամ կոմունիստական), իսկ ներկան՝ վայրի կապիտալիզմ: Անկեղծ ասած` կոմունիստական հասարակարգում աղքատների՝ որպես այդպիսին, չեմ մտաբերում: Իմ մտահորիզոնում ընդամենը աղոտ սավառնում են որոշակի թվաքանակով հարբեցողների ուրվականներ, ովքեր նախընտրում էին մուրացկանության ճանապարհը և երբեք փորձ չէին անում աշխատել:

Մտաբերում եմ ընդամենը, որ նրանք գումար խնդրելիս, որոշ մարդիկ՝ ելնելով զուտ  խղճահարությունից, նրանց գումար էին տալիս, որով էլ այդ խավը գոյատևում էր: Աղքատության սկզբի կոնկրետ, հստակ ժամկետ նշելն անհնարին է, քանզի տարբեր ընտանիքներում այն սկսվել է տարբեր ժամանակներում: Սակայն, մի բան ակնհայտ է, որ այն աստիճանաբար սկսել է ի հայտ գալ մոտավորապես 90-ականների վերջերին և 2000-ականների սկզբին: Այդ ամենի մոտավոր բացատրությունը կայանում է հետևյալում. մինչև այդ ժամանակահատվածը համեմատաբար դանդաղորեն էին փակվում աշխատատեղերը, համարյա բոլորն ունեին կուտակած պահուստային գումարներ, ոսկեղեն ու վաճառքի ենթակա այլ ունեցվածք՝ տուն, ավտոմեքենա, ավտոտնակ,…, և այդպես շարունակ ու հենց այդ ժամանակահատվածից սկսած, մարդիկ, որոնց կարելի էր անվանել ապագա սնանկացողներ, հերթով վաճառում կամ գրավ էին դնում վերը նշված ունեցվածքը՝ հիմնականում գոյատևելու համար:

Հատուկ շեշտեմ, որ դա մոտավոր այն ժամանակահատվածն էր, երբ Հայաստանում ներդրվում էր նախկին Խորհրդային Միությունում ամենաճկուն, ամենակայացող բանկային համակարգը, որն այսօր արդեն իր կայացածությամբ կարող է մրցել աշխարհի շատ կայացած բանկային համակարգերի հետ: Եվ այսպես, մարդիկ ինչ վաճառում-վաճառում էին, մնացածն էլ գրավ էին դնում բանկերում ու շատ արագ կորցնում այդ ամենը, քանի որ նրանք ընդհանրապես անտեղյակ էին բանկային համակարգի նրբություններից, որոնք արտաքուստ բավականին գայթակղիչ էին, իսկ բովանդակային առումով գելիոտինի դեր էին կատարում: Դրան խորությամբ տիրապետում էին միայն այդ համակարգի տերերը և աշխատակիցները:

Արդյունքում, այդ ժամանակահատվածի առաջիկա տարիների ընթացքում հասարակության մի ստվար շերտ կորցրեց բանկերում գրավադրած ողջ ունեցվածքը, լիովին սնանկացավ ու դարձավ լրիվ աղքատ (սա էլ դեռ այն աղքատությունը չէ, որի մասին նշված է վերնագրում): Ժամանակի շարունակության մեջ՝ մինչև մեր օրերը, հասարակության վերը նշված շերտն ավելի խրվեց բանկային շրջապտույտների մեջ և վերջնականապես՝ ոչ միայն կորցրեց ամեն ինչ, այլև ընկավ մեծ պարտքերի տակ, իսկ մնացած շերտը (բացի նորմալ աշխատանք ունեցողները, ունևորները և թալանչիները …) աստիճանաբար՝ դարձյալ անզգույշ հայտվեց վերը նշված առաջին շերտի ավելի խորացված կարգավիճակում և այսօր նրանք ևս կորցրել են ամեն ինչ, լիովին աղքատացել են, ավելին՝ նրանք ևս հայտնվել են պարտքերի տակ: Այդ տարիներին ինչ-որ իմաստով փրկվեցին միայն նրանք, ովքեր համեմատաբար ճկուն գտնվեցին և մի կերպ՝ կիսատ-պռատ վիճակում փախան երկրից (իհարկե, ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ նրանց մի մասն էլ մինչև հիմա նախանձելի կարգավիճակում չէ, քանզի զուռնայի ձայնը հեռվից միշտ քաղցր է հնչում): Հակիրճ ասած, ահա մոտավոր այսպես աղքատությունն սկսեց մուտք գործել և վերջնականապես՝ հիմնավորապես ամրապնդվել ու բնակվել Հայաստանում:

Սատանաների և հրեշների գործուն աջակցությամբ այն շարունակում է տարածվել ու տարածվել, փորձելով որքան հնարավոր է լայն դաշտեր գրավել ու ավերել շուրջ եղածը: Մի խոսքով, այսօր Հայաստանում աղքատությունը շատ բարձր տոկոս է կազմում և գնալով այն ավելի մեծ թափ է առնում, իր քուլաների մեջ առնելով խեղճ ու կրակ գործազուրկ, ինչու չէ նաև թեթևակի աշխատանք ունեցող շատ մարդկանց: Նրանք փաստացի հայտնվել են մի իրավիճակում, երբ ոչ ընտանեկան, ոչ անձնական, ոչ էլ այլ տիպի որևէ մանր հարց անգամ ի վիճակի չեն լուծել, այնպես որ, բնավ հասկանալի չէ նրանց ապրելու իմաստը:

Ի՞նչ արժե այն մարդու կյանքը, որն իր երեխայի համար հաց ու դեղ անգամ չի կարող գնել: Բնական հարց է առաջանում. ո՞րն է այդպիսի իրավիճակում  հայտնված մարդու ապրելու և մեռնելու տարբերությունը: Յուրաքանչյուր մարդու խնդիրն է աստիճանաբար լուծել իր և իր ընտանիքի առջև ծառացած մեծ ու փոքր խնդիրները, միաժամանակ պատրաստ լինելով նոր ծագող խնդիրների լուծմանը: Իսկ ի՞նչ խնդիրների լուծման մասին է խոսքը, երբ այդ մարդկանց համար անհնարին է դարձել նույնիսկ հանապազօրյա հացի, կոմունալ և տրանսպորտային երթևեկության  խնդիրներ լուծել, էլ ուր մնաց, որ նրանք կարողանան վարկերի վճարման, հիվանդությունների և նմանատիպ այլ խնդիրներ լուծել:

Աղքատ՝ անելանելի վիճակում հայտնված և մեռած մարդ հասկացությունները ոչ միան հոմանիշներ են, այլև նրանք լրիվ նույնական են: Նամուսով մարդը (շատերը կհավաստեն, որ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը հենց այդպիսին է) հայտնվելով նման իրավիճակներում և չգտնելով փրկության որևէ հույս, պարտադրված դիմում է անբնական միջոցների՝ խաբեության, գողության, ինքնասպանության, այլ խոսքով գիտակցված կերպով գնում է մահվան՝ մեռնելու, համոզված լինելով, որ վերջինն ավելի գերադասելի վիճակ է, քան այդկերպ ապրելը (խիստ կասկածելի է, որ այդկերպ շնչելն ընդհանրապես որևէ աղերս ունի ապրել կոչվածի հետ):

Նրանք այդ քայլն այնքան հեշտորեն են անում, կարծես գետնի վրա կանգնած վիճակից որևէ հետագծով ուղղակի մեկ քայլ են անում, այս կամ այն կողմ, եթե նույնիսկ դրա հետևանքը խորը անդունդում հայտնվելն է: Սա այն պարագան է, երբ նրանց ետ պահող հույսի չնչին նշույլ անգամ չկա և հաստատաբար չի էլ սպասվում: Այդ մարդիկ  ափսոսալու մի բան ունեն միայն. ինչո՞ւ իրենց կյանքն այդպես ստացվեց, որն էլ ավաղ անպատասխան է մնալու: Ի՞նչ տարբերություն, թե մեռած մարդուն դագաղի մեջ փորի վրա, աջ, ձախ կողքին, թե մեջքի վրա կպառկացնեն…: Մեռած մարդու համար աշխարհն արդեն վերջացած է…

Երանի աղքատներին, որ կարող են հեշտորեն մեռնել, իսկ Տերը նրանց հոգիներն անպայմանորեն կտանի դրախտ…

Հետո էլ բողոքում ենք, ասում ենք վայրի կապիտալիզմ…: Մի՞թե այլ պարագայում ժողովրդի մեծամասնությունը կհայտնվեր աղքատության մեջ և հեշտորեն ավանդելով կյանքը, կարող էր նույն հեշտությամբ էլ հայտնվել դրախտում…

Բա, ի՞նչ անեն խեղճ հարուստները…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031