Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքարով տրորած ելակ` ձմռան համար

Հոկտեմբեր 15,2017 16:11

Այս տարբերակով պահված ելակը գրեթե չի կորցնում վիտամիններն ու մյուս կարեւոր նյութերը, որ կան այս համեղ եւ օգտակար հատապտղի մեջ:

Անհրաժեշտ մթերքները

Ելակ- 1 կգ

Շաքարավազ-1-1,2 կգ

Պատրաստման եղանակը

Պահելու համար ցանկալի է ընտրել ամենաբուրումնավետ, մանր, իսկական ելակները` առանց պարարտանյութերի աճեցված: Լավ լվացեք, ջրքամեք եւ լցրեք խորն ամանի մեջ: Վրան ավելացրեք շաքարավազը: Ես 1:1 չափով եմ ավելացնում եւ այդպես շատ լավ պահպանվում է, թեեւ տարբեր տեղերում կարդացել եմ, որ ավելի լավ է շաքարավազը մի փոքր ավելի լինի ելակից` 1:1,2 չափով: Սակայն, այսպես թե այնպես, չեփված, պարզապես տրորված հատապտուղը հարկավոր է սառնարանում պահել, սենյակային ջերմաստիճանում այն կփչանա, այդ դեպքում հավելյալ շաքար ավելացնելն անիմաստ է:

Ի դեպ, ես նաեւ 1 կգ ելակին սովորաբար ավելացնում եմ 3-4 ճաշի գդալ կոնյակ կամ օղի` ալկոհոլը նույնպես օգնում է հատապտղի պահպանմանը, սակայն, եթե դուք տանը փոքր երեխա ունեք, որի համար էլ տրորում եք ելակը, բնականաբար, պետք է առանց ալկոհոլի պատրաստեք:

Փայտե գդալով լավ տրորեք շաքարավազն ու ելակը, թողեք մեկ-երկու ժամ հանգստանա, ապա հարեք ձեռքի բլենդերով: Իհարկե, նախընտրելի է մետաղական սարքով չդիպչել ելակին, քանի որ մետաղը որոշ չափով վնասում է վիտամինները, սակայն զուտ փայտե գդալով ելակը լավ չի տրորվում, հատիկները մնում են: Կարող եք նաեւ պատառաքաղով կամ կարտոֆիլի պյուրե սարքելու համար նախատեսված տրորիչով մանրացնել ելակը: Երբ լավ տրորեք, թողեք գոնե կես օր մնա, որպեսզի շաքարավազն ամբողջությամբ հալվի ելակի հյութի մեջ: Այդ ընթացքում պետք է պարբերաբար, գոնե 1-2 ժամը մեկ անգամ խառնել փայտե գդալով: Փոքրիկ ապակյա տարաները լավ լվացեք, ողողեք եռման ջրով: Եթե ժամանակ ունեք` կարող եք ապակյա տարաները նաեւ ստերիլիզացնել` ջեռոցի մեջ 15-20 րոպե թողնելով 100-120 աստիճանում: Կափարիչները նույնպես լավ լվացեք եւ եռման ջրով ողողեք կամ եռացրեք 10 րոպե` ջրով լցված կաթսայի մեջ: Լցրեք տրորված ելակը ամբողջովին չոր եւ սառը ապակյա տարաների մեջ` ոչ շատ լիքը, մոտ 1 սմ ազատ տեղ թողնելով, որովհետեւ տրորված հատապտղի ծավալը մեծանում է ընթացքում եւ այն կթափվի ամուր փակված տարայի միջից: Ապա փակեք կափարիչներով եւ դրեք սառնարան: Առնվազն կես տարի այս ձեւով պահված ելակը կմնա:

Շաքարով տրորած ելակի պահման մեկ այլ տարբերակ էլ այն պարզապես անձեռոցիկով ծածկելն է, որպեսզի ելակի պյուրեն «շնչի»: Դրա համար ապակե տարաների մեջ լցնելուց հետո ոչ թե կափարիչով եք ամուր փակում, այլ երկտակ ծալած անձեռոցիկով, որն ամուր կապում եք թելով կամ ռետինե օղակով:

Տրորված ելակը կարող եք ձմռանն օգտագործել խմորեղեն, կոկտեյլ պատրաստելու համար, թեյի մեջ լցնելու, նրբաբլիթների կամ բլիթների հետ ուտելու համար:

Ի դեպ, այս տարբերակով կարելի է պատրաստել նաեւ ազնվամորին, սեւ եւ կարմիր հաղարջը:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031