Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբը բաց նամակ էր հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ կինոյով մտահոգ բոլոր մարդկանց:
Բաց նամակում մասնավորապես նշված էր, որ Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի նախագիծը բազմակողմանիորեն չի արտահայտում հայկական կինոարտադրության զարգացմանն ուղղված քաղաքականության մեխանիզմը, չի բխում Հայաստանի անկախ կինոարտադրողների շահերից, չի ապահովում Հայաստանում կինոարտադրության բազմակենտրոն զարգացման հնարավորությունը, կինոյի՝որպես արվեստի զարգացմանը չունի նախադեպային միջազգային հաջողված փորձ եւ այլն:
Aravot.am-ը նամակի տակ ստորագրած պրոդյուսեր, դերասանուհի, գրող, ՀՈՇԿԻ ՖԻԼՄ կինոընկերության հիմնադիր, Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնության անդամ Արմինե Անդայից հետաքրքրվեց՝ կոնկրետ ի՞նչ վտանգավոր շեշտադրումներ կառանձնացնի նախագծում եւ արդյոք համոզվա՞ծ է, որ իրենց ձայնը տեղ կհասնի:
«Կինոյի օրենքը աշխարհում ամեն տեղ ստեղծվում է առաջին հերթին կինոն երկրում որպես մշակույթ, երկրի կինոարտադրությունը, երկրի համագործակցությունը այլ երկրների հետ զարգացնելու համար, հետո միայն դրա հետեւանքում՝ երկիր այլ արտադրողների ներգրավելու համար: Այս օրինագիծը, այնպիսին, ինչպիսին մշակված եւ մեզ ներկայացված է, ուղղված է միայն նրան, որ երկրիր գրավի արտասահմանյան արտադրողների, այն էլ ոչ թե համագործակցության, այլ արտադրական ծառայությունների համար: Մնացածը ստորադասված է դրան»,-նշեց Արմինե Անդան:
Մեր զրուցակցի խոսքերով, այդ մոտեցումն իրեն չի արդարացնի, քանի որ չզարգացած ոլորտում չեն գա ֆիլմն նկարելու, անգամ եթե բարենպաստ պայմաններ լինեն:
«Մեր կարծիքով նաեւ բոլորովին արժանապատիվ չէ, որ ոչ մի ռազմավարություն չունենանք մեր ոլորտը զարգացնելու»,-հավելեց նա:
Պրոդյուսերն ակնկալիքներ ունի, որ իրենց ձայնը տեղ կհասնի. «Արդեն կան արձագանքներ: Հուսով ենք, որ մեր առաջարկած ռազմավարություններից հիմնականները, այնուամենայնիվ, կմտնեն օրենք: Գուցե ես ուտոպիստական կամ իդեալիստական բան եմ ասում, բայց իմ կարծիքով պետք է որ ի վերջո տեղ հասնի այդ միտքը, որ մենք էլ կարող ենք զարգացնել ոլորտը, դա անհնարին չէ, մեր կողքի երկրները դա արել են մեր աչքի առաջ, ընդ որում արել են որոշակի նմանատիպ սկզբունքներով: Մենք նույնպես կարող ենք, հետեւաբար ինչո՞ւ հրաժարվենք այդ մտքից եւ օրենք ընդունենք առանց հիմնական ռազմավարությունների ամրագրման»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ highsc.mskh.am կայքից