Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիսատեսի պահանջով դարձյալ ներկայացվեց Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգությունը։ Հիշեցնենք, որ բեմադրիչը Արթուր Սահակյանն է, շեքսպիրյան ողբերգությունը բեմ է վերադարձրել երկար տարիներ թատրոնից հեռացած երկու պրոֆեսիոնալների՝ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանին, նա մարմնավորում է «Լիր արքային» և արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանին, որը Գլոստերի դերակատարն է։
Զարմանալին այն է, որ մոտ 4 ժամ տևող ծանր ներկայացումը դիտելու համար ամեն անգամ տոմսարկղի դիմաց հերթեր են գոյանում ու ամեն անգամ դահլիճում նստատեղերի պակաս է զգացվում։ Շատերն այն դիտում են ոտքի վրա կանգնած։ Այսօր էլ մայրաքաղաքից մեծ թվով հանդիսատես էր եկել Գյումրի, ավելին, պարզեցինք, որ հյուրեր կային նաև ԱՄՆ-ի Գլենդել քաղաքից․ «Լիր արքայի» համբավը վաղուց է հասել ԱՄՆ, Հայաստան ժամանած հյուրերն էլ առիթը բաց չէին թողել գալ Գյումրի դիտելու։
Թե որն է «Լիր արքայի» ֆենոմենը, բեմադրիչն Aravot.am-ի հետ զրույցներից մեկում համեստորեն ասել էր․«Չգիտեմ», սակայն այն համարել էր իր ամենաաղմկոտ գործերից մեկը։
Այն մեկ անգամ ևս կներկայացվի հոկտեմբերի 18-ին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Դիտել ենք, բացի Լիր արքայից, այնտեղ որևէ հետաքրքիր դերակատար չկա: Վանաձորում էլ հակառակն էր: